Լրիվ պատվաստումը պաշտպանում է COVID-19-ի բոլոր տարբերակներից. Դեղերի եվրոպական գործակալություն

Լրիվ պատվաստումը կորոնավիրուսից, այդ թվում և դրա «դելտա» տարբերակից պաշտպանվելու առանցքային տարրն է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Դեղ եվրոպական գործակալության և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի համատեղ հայտարարության մեջ:

«Եվրամիությունում հաստատված պատվաստանյութերից յուրաքանչյուրով լրիվ պատվաստումն ապահովում է հիվանդության ծանր ընթացքից կամ կորոնավիրուսային մահից պաշտպանության բարձր մակարդակ՝ այդ թվում և դրա «դելտա» տարբերակից: Պաշտպանության ամենաբարձր մակարդակ գրանցվում է, երբ պատվաստանյութի վերջին դեղաչափի ներարկումից բավականաչափ ժամանակ է անցել՝ 7-14 օր»,- նշվում է հայտարարության մեջ:

Կազմակերպությունները հորդորել են բոլորին, ովքեր դեռևս չեն պատվաստվել, ընդունել անհրաժեշտ դեղաչափերը, իսկ եվրոպական երկրների իշխանություններին կոչ են արել վերանայել առաջին և երկրորդ դեղաչափերի ներարկման միջև ժամանակահատվածի հնարավորինս կրճատման հնարավորությունը, մասնավորապես, ռիսկային խմբում գտնվող անձանց համար: