Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան–Ադրբեջան սահման չլինի, գործի ուժեղի իրավունքը. Ռուբինյան

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը, Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի, որ սահմանը լինի լղոզված, և գործի ուժեղի իրավունքը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ռուբեն Ռուբինյանն այս մասին խոսեց խորհրդարանի ամբիոնից՝ անդրադառնալով ընդդիմության քննադատություններին:  

Ռուբինյանն ընդգծեց, որ ամիսներ շարունակ Ադրբեջանը փորձում էր հետքայլ անել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և դրա հիմքով դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու պայմանավորվածությունից: «Ամիսներ անց՝ ապրիլին, տեղի ունեցավ պայմանավորվածությունը, ստորագրվեց արձանագրություն, որով կողմերը վերահաստատեցին, որ դելիմիտացիայի հիմքը լինելու է Ալմա–Աթայի հռչակագիրը: Դա ենթադրում է, որ վերականգնվելու են այն ադմինիստրատիվ սահմանները, որոնք գոյություն են ունեցել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև Խորհրդային միության փլուզման պահին՝ այսինքն 1991 թվականի դրությամբ: Ինչո՞ւ էր Ադրբեջանը փորձում սրանից խուսափել. պատասխանը հետևյալն է՝ որովհետև Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի, որ այն լինի լղոզված, և գործի ուժեղի իրավունքը: Այսինքն՝ գործի հետևյալ տրամաբանությունը՝ ում զորքը որտեղ կարող է կանգնել, այնտեղ էլ իր սահմաններն են»,–ասաց ԱԺ փոխնախագահը:

Ըստ նրա՝  խորհրդարանական ընդդիմությունը լծվել է այդ տրամաբանության լեգիտիմացման գործին , ինչը տարօրինակ է:  Ռուբինյանը կարծում է, որ երբ ընդդիմությունը բերում է ԱԺ հայտարարության նախագիծ, որտեղ ասվում է, որ պետք է սահմանազատման հիմք ընդունվի 1993 թվականի շփման գիծը, նշանակում է ասել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հիմքը ոչ թե պետք է լինեն իրավաբանական հիմնավորում ունեցող փաստաթղթերն ու քարտեզները, այլ շփման գիծը:

«Իսկ շփման գիծն ինքնին նշանակում է մի գիծ, որը ձևավորվել է հետևյալի արդյունքում՝ ով որտեղ կարողացել, կանգնել է, այսինքն՝ կրկին ուժի իրավունք: Դուք լեգիտիմացնում եք ուժի իրավունքը: Երբ սկսի գործել ուժը, ձեր դաշնակիցներն իրենց պարտավորությունները չեն կատարելու, և լինելու է այն, ինչ բազմիցս եղել է»,–ասաց Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմությանը: