«Պողոս Պողոսյանի իրավահաջորդի շահերը պաշտպանում էր Ռուբեն Սահակյանը, այն նույն Սահակյանը, ով այսօր պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին»․ Իրավապաշտպան

«Պողոս Պողոսյանի իրավահաջորդի շահերը պաշտպանում էր Ռուբեն Սահակյանը, այն նույն Սահակյանը, ով այսօր պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին»․ Իրավապաշտպան
«Պողոս Պողոսյանի իրավահաջորդի շահերը պաշտպանում էր Ռուբեն Սահակյանը, այն նույն Սահակյանը, ով այսօր պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին»․ Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Տիկի՛ն Ալեքսանյան, Պողոս Պողոսյանի սպանության գործի վերաբացման հետ կապված ի՞նչ ակնկալիք ունեք։ Հայաստանում է Սթիվեն Նյուտոնը՝ Պողոս Պողոսյանի սպանության ականատես վկան։ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո միջազգային կազմակերպությունից Նյուտոնի վկայությունն եք ստացել՝ հյուպատոսի կնիքով կնքված։ Ի՞նչ մանրամասներ կարող եք ներկայացնել՝ հաշվի առնելով, որ դեռ Քոչարյանի իշխանության տարիներին ուսումնասիրել եք այս գործը։

– Նախ՝ ես բարձր եմ գնահատում Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյուտոնի հետևողականությունը, որ եկավ և որոշեց այդ հարցին լուծում տալ, հայտնել իր ունեցած տեղեկություններն իրավապահներին և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Իսկապես շատ դժվար է ապրել այդպիսի վկայությունով, ինչը ինքն է տեսել։ Նա պատմել է, թե ինչպես էր Քոչարյանի թիկնապահը ատրճանակով խփում Պողոս Պողոսյանի գլխին։ Սա ուղղակի ականատես վկայի ցուցմունք է, բայց այն ժամանակ, երբ դատավարությունն ընթանում էր, լրատվամիջոցները մասնակցում էին դատավարությանը։

Պողոս Պողոսյանի եղբայրը այն ժամանակ մասնակցում էր դատավարությանը որպես տուժողի իրավահաջորդ, իսկ նրա շահերը պաշտպանում էր Ռուբեն Սահակյանը։ Այն նույն Ռուբեն Սահակյանը, ով այսօր պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանի շահերը։ Արդեն հայտնի էր, որ Սթիվեն Նյուտոնը մտել է զուգարան ու տեսել, թե ինչ այնտեղ է կատարվում։ Դատարանում Պողոս Պողոսյանի եղբայրը միջնորդություն ներկայացրեց, որ գտնեն Շոտլանդիայի այդ քաղաքացուն, որ հզոր ապացույց ունենան և կարողանան բացահայտել սպանությունը, որը կատարել էին Քոչարյանի թիկնապահները։

2-3 շաբաթ ընդմիջումից հետո դատարանը հայտարարեց, որ ինքն ի զորու չէ գտնելու այդ վկային ու բերելու դատարան։ Դիմել էին ԱԳՆ և ՆԳՆ ու ի վերջո հայտարարեցին, որ ի զորու չեն։ Այդ ժամանակ եկավ Սթիվեն Նյուտոնի վկայությունը, ես էլ այն ստացա, որովհետև հետաքննություն էի անում, և իմ կապերն օգնեցին ստանալու այդ վկայությունը, որ դատարան պետք է ներկայացվեր հյուպատոսի կնիքով։

Ես օգնեցի Ռուբեն Սահակյանին այդ թարգմանությունն անելու։ Բայց դատարան ներկայացնելիս Ռուբեն Սահակյանը պատշաճորեն չէր ներկայացրել այդ փաստաթուղթը, և դատարանը մերժեց այն ընդունել՝ ասելով, որ պետք է նոտարական կնիք լինի։ Պարզ է, որ ինչ-որ մի թերթոն, որտեղ թարգմանության տեքստն է, առանց որևէ ստորագրության, հաստատման, դատարանը չէր ընդունելու։ Այդպես տապալվեց այդ վկայությունը, դատարանում չհնչեց։ 

– Այդտեղ դուք միտում տեսնո՞ւմ եք։ 

– Ես վստահ եմ, որ Ռուբեն Սահակյանը գիտեր, թե ինչպես պետք է փաստաթուղթը դատարան ներկայացվի։ Ինքը թե այն ժամանակ, հիմա էլ բավականին հեղինակություն ունեցող փաստաբաններից էր։ Վստահ եմ, որ նա գիտեր, որ այդ ձևով դատարանը չի ընդունի այդ վկայությունը։ 

– Իսկ այդ փաստաթղթում մանրամասն նկարագրվա՞ծ էր, թե ինչ է տեղի ունեցել։

– Այո՛, նկարագրված էր, թե ինչ է ինքը տեսել։ Այսինքն՝ նկարագրված է եղել այն, ինչ ինքն այսօր պատմում է։ Մենք այն ժամանակ հրապարակել ենք այդ տեքստը։

– Հայաստանում դեռևս չեն եղել դատաիրավական բարեփոխումներ, և չկա վստահություն դատական համակարգի նկատմամբ։ Այս փուլում որքանո՞վ է նպատակահարմար վերաբացել այս գործը։

– Այստեղ շատ կարևոր է, թե ինչ նյութեր է նախապատրաստելու դատախազությունը։ Այն ժամանակ կային նաև այլ վկաներ, որոնք «Պապլավոկում» տեսել էին, թե ինչպես Պողոս Պողոսյանին իջեցրին զուգարան։ Ի դեպ, ասեմ, որ Հրանուշ Խառատյանի ուսանողներն էին նստած եղել կողքի սեղանին, և իրենք էլ էին տեսել։ Երբ նրանք դիմել էին դատախազություն, որ իրենց էլ հարցաքննեն, նրանց այդպես էլ չէին կանչել և չէին հարցաքննել, որովհետև դա իրենց ուղղակի պետք չէր։ 

– Հիմա, երբ պարզվում է, որ Ռուբեն Սահակյանը պատշաճ ձևով չի ներկայացրել բրիտանացու վկայությունը, նրան որևէ պատասխանատվություն դրա համար հասնո՞ւմ է, որ այնպես է արել, որ վկայությունը դատարան չհասնի։

– Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Ես չգիտեմ, թե ինքն ի՛նչ բացատրություն կտա դրան։ Չեմ կարծում, որ դրա համար նա որևէ պատասխանատվություն կկրի, որովհետև այստեղ հարցն այնքան ինքը չէ։ Եթե դատարանը գիտեր, որ կա այդ ապացույցը, և եթե դատարանը շահագրգիռ լիներ գործի բացահայտմամբ, այդ փաստաթուղթն ընդունելու ձևն անպայման կգտներ։ Հարցն այն է, որ դատարանը չի ցանկացել այդ փաստաթուղթն ընդունել և հրաժարվել է։ Դատավորը Մնացական Մարտիրոսյանն էր, այն ժամանակվա իշխանությունների սիրելիներից մեկը, որը սիրով կատարում էր ցանկացած պատվեր։

Դատարանը բացարձակ ցանկություն չուներ իրականությունը բացահայտելու։ Գիտեք, որ այդ ժամանակ անգամ կալանքի տակ չէր Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանը, որին Կուկու էին ասում։ Նա լրագրողներից մեկին ազատորեն սպառնացել էր, սարսափ էր տարածում։ Հիշեք, թե ի՛նչ տարիներ էին այդ ժամանակ, այսքան ազատություն չկար, ինտերնետի դարաշրջան չէր։ Բոլորը տեսնում էին, որ հանցագործություն կատարած անձը ազատորեն շրջում է, դատարան է գալիս-գնում, և մարդիկ վախենում էին։

Սթիվեն Նյուտոնին ասել էին, որ հեռանա հանրապետությունից, որովհետև շատ հնարավոր էր, որ նրանից վրեժխնդիր լինեին։ Նա միակն էր, որ մտել էր զուգարան ու տեսել էր, թե ինչ է կատարվել։ Բոլորը տեսել էին, որ Պողոս Պողոսյանին տարան զուգարան, բայց Նյուտոնն ասել էր՝ ես չեմ կարող հանգիստ նստել՝ իմանալով, որ այնտեղ մարդ են սպանում։ Նրա կինն ասել էր՝ տարան, հիմա կսպանեն։ Իսկապես դա վտանգավոր էր, և Քոչարյանը հետագայում կարող էր վրեժխնդիր լինել նրանից։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am