Որևէ կոռուպցիոներ պատասխանատվության չենթարկվեց, ինչը քաղաքական պայմանավորվածության հետևանք եմ համարում. Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, ինչպե՞ս եք գնահատում Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի նշանակումը, որը մինչև այդ եղել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար, 58 մլն դրամի վնաս է վերականգնել պետական բյուջե։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում իշխանության քայլերը կոռուպցիայի կանխարգելման գործում։

– Նորանշանակ նախագահին չեմ ճանաչում, առաջին անգամ նրա անձի մասին լսել եմ հենց այդ հրապարակումների համատեքստում ու չեմ կարող ասել, թե ընդհանրապես խոսքն ինչ գործի մասին է, բայց ընդհանրացնելով դատաիրավական բարեփոխումների գործընթացը ու դրա վերաբերյալ վարվող քաղաքականությունը, ես կարող եմ ասել, որ մենք գործ ունենք կատարյալ ձախողման հետ, որովհետև այս ամբողջ գործընթացները, նշանակումները ու ԲԴԽ-ի գործողությունները պետք է միտված լինեին մեկ հարցի լուծման՝ դատական իշխանության հեղինակության բարձրացմանը ու հասարակության մոտ վստահության բարձրացմանը դեպի դատական իշխանություն։ 

Այն, ինչ արել են մինչ օրս, լուծե՞լ է այս խնդիրները. միանշանակ կարելի է պատասխանել, որ երկու խնդիրն էլ չի լուծվել, հետևաբար մենք գործ ունենք տապալված գործունեության հետ, ու այս գործընթացում այս կամ այն անձին այստեղ նշանակելը, այստեղից այնտեղ տեղափոխելը ուղղակի իներցիոն գործընթաց է, որից բովանդակային առումով ոչինչ չի փոխվում։

– Իսկ այս իշխանության պայքարը կոռուպցիայի դեմ հաջողված համարո՞ւմ եք, որովհետև իրենք բազմիցս նշել են, որ հանրապետությունում համակարգային կոռուպցիա չկա։

– Հստակ պետք է արձանագրել, որ Հայաստանում քաղաքական կոռուպցիան վերացված չէ, որովհետև եթե այդպես լիներ, իրական կոռուպցիայի դեմ պայքարը շոշափելի արդյունք ունեցած կլիներ։ 

Քաղաքական կոռուպցիայի ցցուն դրսևորում եմ համարում հայտնի որևէ կոռուպցիոների այդպես էլ պատասխանատվության չենթարկելու հանգամանքը, ինչը ես հստակ համարում եմ քաղաքական պայմանավորվածության հետևանք։ Երկրորդ՝ կոռուպցիայի դեմ պայքարը, մեկ անգամ չէ արդեն, որ ես արձանագրել եմ, ծիծաղելի երանգներ է ստանում ու միանշանակ արձանագրում է, որ այդ ոլորտում ևս ունենք տոտալ ձախողում։ 

Մեկ ամիս առաջ միջազգային կազմակերպություններն արձանագրեցին, որ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում հետընթաց է արձանագրել, բացի այս՝ հենց գործող իշխանությունն է վարչապետի մակարդակով խոստովանում, որ իրենք տապալվել են այս գործընթացում։ Բացի այս, հինգ տարին բավարար էր, որ գոնե մեկ գործում հասնեին վերջնական դատական ակտի հրապարակման։ Ես կարծում եմ, որ այս իշխանությունը արդեն կորցրել է իր լեգիտիմությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում, եթե հինգ տարում ի վիճակի չեղան հաջողել թեկուզ մեկ գործում, այլևս իրավունք չունեն խոսելու կոռուպցիայի դեմ պայքարի մասին։

– Դե, նոր դատարան են ստեղծել, նորանշանակ նախագահ ունեն․․․

– Նախորդ իրավակարգավորումները նույնպես բավարար էին կոռուպցիայի դեմ իրական պայքար մղելու համար, երկրորդ՝ հակակոռուպցիոն այդ դատարանը ընդամենը արդարադատություն իրականացնող սուբյեկտ է, իսկ կոռուպցիայի դեմ հիմնական պայքարը ես համարում եմ հակակոռուպցիոն կրթությունը, հակակոռուպցիոն միջավայրի ձևավորումը, մտածողության փոփոխությունը, թե չէ այդ դատարանն այստեղ ի՞նչ անելիք ունի, այդ դատարանով չէին դատի, այլ՝ ընդհանուր իրավասության դատարանով։ 

– Պարո՛ն Նորիկյան, իսկ այդ դեպքում նոր դատարանի ստեղծման նպատակը ո՞րն է։

– Կյանքը ցույց կտա, թե այս մասնագիտացված դատարանների ստեղծումն արդյունավետ էր, թե ոչ, ես հիմա ձեռնպահ կմնամ գնահատական տալուց, բայց կհիշեք, որ երկու տարի առաջ ստեղծեցին մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն ունեցող դատարաններ, որն ավելի հայտնի էր՝ կալանք տվող դատավորներ անվամբ: Մենք տեսանք, որ մեկ-երկու տարվա կյանք ունեցան, ու այդ դատավորների գործունեությունը դադարեցվեց։ 2018 թվականի ապրիլի դրությամբ ունեցել ենք բոլոր իրավակարգավորումները, որպեսզի ռեալ պայքար մղենք կոռուպցիայի դեմ։ 

Երեկ մամուլը հրապարակեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց է ներկայացվել Դատախազության կողմից։ Ես չեմ զլացել, հաշվել եմ այդ գույքը, որի շուկայական միջին արժեքը կազմել է 12 մլն ԱՄՆ դոլարի մոտ:

Հիմա, երբ ես այդ գումարը համադրում եմ «Նոր Զովք» խանութների ցանցի վերջին սկանդալի հետ, երբ չորս աշխատակից կալանավորված է՝ գրեթե նույն չափի հարկային պարտավորություններ չկատարելու համար, իսկ մյուս կողմում տեսնում եմ Տարոն Մարգարյանի նկատմամբ դրսևորվող այս գործընթացը, չգիտես՝ ծիծաղե՞ս, թե՞ լաս։ Ավելի լավ է ոչինչ չանեն, քան այս ձևով ստորացնեն, նսեմացնեն ու հեղինակազրկեն պետական ինստիտուտները, հանրությանն էլ հիմարի տեղ չդնեն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am