«Նոր Զովք» ՍՊԸ-ում առերևույթ հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձինք կալանավորվել են

Մարտի 1-ին` աշխատանքային օրվա վերջին, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ էին ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա․Ա․-ի, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ի, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի, ինչպես նաև առերևույթ հանցավոր մեխանիզմի կիրառմանը տեխնոլոգիական-ծրագրային աջակցություն ցուցաբերած մեկ այլ ՍՊԸ-ի սեփականատեր Վ․Ս․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դատարանը բավարարել է բոլոր միջնորդությունները, նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 2 ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքի առթիվ #ՀՀքննչականկոմիտե ի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի ծավալուն նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջը և երկու աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային աջակցություն ցոցւաբերած ՍՊԸ սեփականատիրոջը՝ նշված հանցավոր արարքների կատարմանն օժանդակելու համար։