Գազի գինը շարքային սպառողների համար կարող է նվազել, նպաստառուների համար՝ բարձրանալ. «Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ կդիմի․ Factor.am

Factor.am – «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն առաջարկում է այս տարվա օգոստոսի 1-ից ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար բնական գազի գինը նվազեցնել շուրջ 2,3 տոկոսով։ Վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազը, գործող 139 000 դրամի փոխարեն, կարժենա 135 909.6 դրամ։

Միաժամանակ, հայտարարության համաձայն, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար ընկերությունն առաջարկում է գազի գինը բարձրացնել շուրջ 36%-ով։ Տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար, վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի 100 000 դրամ արժեքի փոխարեն, առաջարկվում է սահմանել 135 909.6 դրամ։ Փաստորեն, սա ենթադրում է, որ գազի միասնական սակագին կսահմանվի բոլորի սպառողների համար։

Գազի սակագների սահմանման և վերանայման համար ընկերությունը պատրաստվում է դիմել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Ընկերության հայտարարության համաձայն, որը հրապարակվել է azdarar.am կայքում, սակագնի փոփոխությունը կվերաբերի ՀՀ բնական գազի բոլոր սպառողներին՝ բացառությամբ էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների։

Տարածված հայտարարության վերաբերյալ Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ «Գազպրոմ Արմենիա»-ից, սակայն ընկերությունում նշեցին, որ որևէ կերպ չեն մեկնաբանում այն: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից էլ մեզ տեղեկացրին, որ այս պահի դրությամբ ընկերության կողմից պաշտոնապես մուտքագրված դիմում չունեն: