Բայդենն Ալիևին հղած նամակում ընդգծում է Արցախի խնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը․ Ազատություն

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում օժանդակելուն, հայտնում է Ազատությունը։

Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այդ երկրի Հանրապետության օրվա առթիվ հղած շնորհավորական նամակում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայդենը նշել է, որ Ադրբեջանի անկախության 30 տարիներին երկու պետությունները համատեղ աշխատել են անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարական կառավարման ոլորտներում։

«ԱՄՆ-ը վճռականորեն սատարում է Հարավային գազային միջանցքը շահագործման հանձնելով Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման գործում Ադրբեջանի ներդրումը և այս տարի Կասպիցում Թուրքմենստանի հետ համատեղ հանքավայրի հետախուզման ու մշակման մասին հուշագրի ստորագրումը։

Մենք երախտապարտ ենք Ադրբեջանին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը և ահաբեկչության դեմ պայքարում ջանքերին 20-ամյա աջակցության համար», – APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է ԱՄՆ նախագահի նամակում։