Մայիսի երեսունմեկին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է իշխանության հետ «ֆորմալ, այսինքն պատվիրակությունների մակարդակով երկխոսության»։
«Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3–5 հոգուց, եւ իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը։ Բնականաբար, նույնը պետք է անի նաև իշխանությունը՝ թե՛ պատվիրակություն կազմավորելու, թե՛ սեփական օրակարգը ներկայացնելու առումով։ Կոնգրեսի օրակարգը հայտնի է՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում»,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Նա սակայն, հավելել է, թե դա չի նշանակում, թե ընդդիմությունը չպետք է հաշվի առնի նաեւ իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես, ըստ նրա, «կխախտվի կողմերի իրավահավասարությունը»։
«Ավելին, երկխոսության ընթացքում մենք չենք կարող անտեսել նաեւ ս.թ. մարտի 1-ի տասնհինգկետանոց մեր հայտարարության մնացյալ պահանջները, որոնք վերաբերում են սոցիալական ոլորտի, մանր ու միջին գործարարության, գյուղացիության, օրինականության, կոռուպցիայի խնդիրներին, և որոնք ընդհանրապես, երկխոսության ընթացքին զուգահեռ, այսուհետեւ պետք է գտնվեն մեր մշտական ուշադրության կենտրոնում»,-ասել է Տեր-Պետրոսյանը:
Նա նաեւ նշել է, որ իշխանության հետ բանակցությունների առաջնահերթ հարցերից մեկը պետք է լինի նաեւ քաղբանտարկյալներ Մուրադ Բոջոլյանի եւ Սարգիս Հացպանյանի ազատ արձակման, իսկ վերջինիս պարագայում միաժամանակ Հայաստանում կացության կարգավիճակ կամ քաղաքացիություն շնորհելու պահանջը։
Հիշեցնենք, որ ընդդիմության հանրահավաքում, ինչպես հայտարարվել էր դեռ շաբաթներ առաջ, ելույթ են ունեցել օրեր առաջ բանտերից ազատ արձակված քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը:
Հանրահավաքի մասնակիցները հարթակում ողջունել են նաեւ համաներմամբ ազատ արձակված եւս երկու քաղբանտարկյալների` Արա Հովհաննիսյանին եւ Շմավոն Գալստյանին:
Ընդդիմության հաջորդ հանրահավաքը հայտարարվել է, որ տեղի կունենա հունիսին, սակայն կոնկրետ օրը դեռեսւ չի նշվել:
Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարել է, որ երկխոսության գործընթացը վերահսկելու մեխանիզմը ընդդիմության պարբերական հանրահավաքներն են լինելու, որոնք տեղի կունենան «ըստ անհրաժեշտության՝ երկխոսության ընթացքին ձեզ տեղյակ պահելու համար, կամ էլ սոցիալ-տնտեսական իրավիճակի սրման եւ որևէ այլ արտակարգ իրադարձության պարագայում»։
«Ինչ վերաբերում է հաջորդ հանրահավաքին, ապա այն նախատեսված է անցկացնել հունիս ամսին, իսկ ճշգրիտ օրվա մասին ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ։ Հայաստանում ստեղծված է նոր քաղաքական իրավիճակ, որը հնարավորություն է տալիս թեկուզ ամենասուր խնդիրները լուծել օրինական ճանապարհով։ Մենք պատեհություն ունենք աշխարհին ապացուցելու, որ հիրավի պետականության դարավոր ավանդույթներ ունեցող քաղաքակիրթ ժողովուրդ ենք։ Եւ ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ հասարակությունը իրավունք չունի կորցնելու այդ պատեհությունը։ Բարի երթ և մինչ նոր հանդիպում, որը, վստահաբար, շատ չի ուշանա, քանի որ իրադարձությունները զարգանում են սրընթաց կերպով»,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Ի դեպ, ընդդիմության հանրահավաքի հետ կապակցությամբ Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, թե հանրահավաքին մասնակցել է 6 հազար մարդ:
Հայտնի է, որ սովորաբար ընդդիմությունն ու ոստիկանությունը հանրահավաքի մասնակիցների վերաբերյալ տարբեր թվեր են նշում. Երբեմն ոստիկանության թվերը մոտ տաս անգամ զիջում են ընդդիմության կողմից ներկայացված թվերին: Այս անգամ Կոնգրեսը չի նշել, թե ընդդիմության հաշվարկով որքան մարդ է մասնակցել հանրահավաքին:
© Medialab.am