Արցախյան պատերազմի ամենաթեժ մարտերին մասնակցած զորքերը գնում են պաշտպանելու «Ադրբեջանի հաղթանակը» շնորհավորած բռնապետին․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանը Ղազախստան է ուղարկած զորախմբում ներառել է դեսանտա-գրոհային ստորաբաժանում, որը, ըստ ԱԳՆ-ի, զբաղվելու է ռազմավարական օբեկտների «պահպանությամբ»: Եվ ուրեմն երկու հարց.

1. Ինչու՞ ենք ուղարկվել ոչ թե ոստիկանության զորքերի կամ, գոնե, միայն խաղաղապահ բրիգադի ստորաբաժանում, այլ դեսանտագրոհային ստորաբաժանում:

2. Ի՞նչ են անելու մեր զորքերը (այդ թվում` դեսանտա-գրոհային), եթե այդ (իրենց պահպանությանը հանձնված) ռազմավարական օբեկտին մոտենան ցուցարարներ: Զորքերը ոչ մահակ ունեն, ոչ էլ արցունքաբեր գազ…

Եվ ուրեմն ի՞նչ, մեր զորքերը կրակելու են ղազախ ցուցարարների վրա՞:

3. Իսկ Ղազախստանում մեր սփյուռքի մասին մտածե՞լ ենք: Պատկերացնու՞մ եք ի՞նչ կլինի Ղազախստանի հայերի հետ, եթե այնտեղ մեր զորքերը որևէ մեկի վրա կրակեն… Կամ չկրակեն, բայց ապատեղեկատվություն տարածվի, որ կրակել են:

Հ.Գ. Արցախյան պատերազմի ամենաթեժ մարտերին մասնակցած զորքերը գնում են պաշտպանելու «Ադրբեջանի հաղթանակը» շնորհավորած բռնապետին»: