«Էս ի՛նչ կյանք է»․ նույն ամսում Մարիաննա Բաղիրյանի եղբայրը, մորեղբայրը, ամուսնու եղբայրը զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ

2020-ի հոկտեմբերը ողբերգական էր 23-ամյա Մարիաննա Բաղիրյանի ընտանիքի համար։ Մարիանան պատմում է, որ սկզբում ստացել են եղբոր զոհվելու լուրը, այնուհետև իմացել են, որ ամուսնու եղբորն են սնայպերով խփել, օրեր անց տեղեկացել են՝ մորեղբայրն է զոհվել։ «Էս ի՞նչ կյանք է»,- հուզմունքով ասում է Մարիաննան և ընդգծում՝ պատերազմը շրջեց իրենց կյանքը։

Մարիաննա Բաղիրյանը Հադրութի Ուխտաձոր գյուղից է։ Այնտեղ ապրել է ամուսնու ու երկու անչափահաս երեխաների հետ։ Եղբայրը և ծնողները ևս Ուխտաձորում են ապրել։ Ամեն ինչ կորցրած՝ տուն-տեղ, այգի, ապրուստի բոլոր միջոցները, ապաստանել են Հայաստանում. Մարիաննան ընտանիքի հետ վարձով է բնակվում Մասիս քաղաքում, ծնողները՝ Երևանում։ 

Ֆինանսական դժվարությունները, տան ու ապրուստի կորուստը, սակայն, Մարիաննայի խոսքով՝ երկրորդական են, ամենացավոտն այն է, որ կորցրել է եղբորը, հարազատների, որոնց վերադարձնել հնարավոր չէ:

Մարիաննայի եղբայրը՝ ժամկետային զինծառայող 20-ամյա Սերգեյ Մելքումյանը, ծառայել է Մարտունի 2-ում: Երբ 44-օրյա պատերազմի ժամանակ պետք է եղել Մարտունիից տանկով գնալ Հադրութ, գործողության ժամանակ զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։

«Որ զանգել էին, ասել էին՝ տանկը պետք է դուրս հանել, առաջինն ինքն ա գնացել, ասել ա՝ ես էնտեղ եմ մեծացել եմ, ամեն ծակուծուկը գիտեմ, ես որ չգնամ, ո՞վ պիտի գնա։ 

Ինքը շատ խիզախ էր, իրան Արիության մեդալ տվեցին։ Հադրութ գնալիս ԱԹՍ-ով խփել են, իրա հետևից շատ տանկեր են եղել, ուղղակի առաջինն իրանն ա եղել, իրան որ խփել են, մյուսները տեսել են, փրկվել են»,- հուզված պատմում է քույրը։

Մարիաննան պատմում է՝ եղբոր զոհվելու լուրը նոր էին լսել, երբ իմացել են, որ ամուսնու եղբայրն է զոհվել․ «Բայց սկի մարմինն էլ չեն գտել, ինքն անհետ կորած ա։ Ինքը հետախույզ ա եղել, տեսնող ա եղել, որ սնայպերով խփել են Ջաբրայիլում։ Սկեսուրս սպասում ա՝ գոնե մի լուր ասեն, գտնեն դին։ Էդ լուրից մի քանի օր հետո էլ լսեցինք, որ քեռիս ա զոհվել։ Շատ ծանր է»,- կսկիծով ասում է Մարիաննան։

Ասում է, որ ողբերգական դեպքերն ու լուրերը ծանր հետևանք են թողել մոր առողջության վրա, սփոփանք չի գտնում, օրն անցկացնում է հուշերով ու արտասուքով․ «Շաքար ունի, ոտքերը ուռում ա, սաղ օրը նկարին ա նայում, լացում, չի հավատում»։

Մայրը՝ 44-ամա Նոնա Մելքումյանը, «Մեդիալաբին» ասում է, որ ամեն ինչ կորցնելուց հետո ապրելն անիմաստ է դարձել։ Ասում է՝ ինքն իրեն հաճախ մեղադրում է ապրելու համար, ուտելու համար, խմելու համար, որ ինքն ապրում է, իսկ 20-ամյա որդուն հողին է հանձնել․ «Շատ փիս ա, ահավոր ցավ ա։ Ես չեմ կարում ապրեմ, ստից քնում ենք, լուսացնում։ Նայում եմ տղայիս նկարին, լացում եմ, մտածում եմ՝ ես ապրում եմ, ինքը չի ապրում, ես խմում եմ, ինքը չի խմում, ես ուտում եմ, ինքը չի ուտում։ 

Նոնա Մելքումյանը՝ որդու հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Ես գիտեմ՝ բոլոր ծնողները էդպես են մտածում, արդար չի, 20 տարեկան երեխեն տանես, հողը դնես: Երեխու ցավն ամենից վատն ա, երեխուս ցավից չեմ կարում ախպորս ցավը հիշեմ»,- հուզմունքը կոկորդում սեղմելով ասում է մայրը։

Սերգեյը հանգիստ բնավորություն է ունեցել, գյուղում բոլորի աջ ձեռքն էր, որ մեկը կանչում էր ինչ-որ գործի համար, իսկույն վազում էր, հասնում էր օգնության․ այսպես են հիշում նրան հարազատները։

Մայրն ասում է՝ 20-ամյա տղան առանձնահատուկ էր իր բարությամբ, ուշադրությամբ, հոգատարությամբ ու աշխատասիրությամբ։ «Մայրը նման բան չի ասի, բայց ես էդ երեխու համար շատ եմ վառվում»։ 

Քույրը եղբոր մասին ասում է՝ սիրտը բաց էր, կյանքով լեցուն․ «Իմ եղբայրը շատ ուրախ տղա էր, միշտ գյուղից տուն էր գալիս երգելով, մեկը մի բան ասեր, վազելով ասում էր՝ գնամ, օգնեմ։ Ամբողջ գյուղը ճանաչում էր, որ իմացան, բոլորն ափսոսում էին, ցավում, մինչև հիմա զանգում են, ցավակցում»։

Նոնան ասում է, որ չէր պատկերացնի, որ նման դեպք տեղի կունենա որդու հետ, քանի որ որդին միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է, ամեն բան լավ է լինելու․ 

«Ասում էր՝ մամա՛, մի՛ վախեցի, մեզ մոտ ամեն ինչ լավ ա։ Հետո, որ դեպքը եղավ, ախպերս զանգեց, լացում էր, ասում էր՝ քո՛ւր ջան, չեմ կարում գամ, ահավոր վիճակ ա: Ասեցի՝ էդ վատ կռիվ ա, էդ ինչ ա, ինչքան կարաս՝ շուտ արի, գոնե դու փրկվի։ Ինքն էլ Սերգեյիս պես ասում էր՝ ես դուրս գամ, էն մեկը դուրս գա, ո՞վ տակին կմնա, որ փրկի հողը։

Չանցած 10 օր՝ ամսի 23-ին, փոքր ախպերս զանգեց, ասեց՝ մի բան ասեմ՝ Էռնեստն էլ ա զոհվել, իրար հետևից զոհվեցին։ Խնամուս տղեն էլ զոհված ա, սիրտս ցավում ա»,- դողացող ձայնով ասում է մայրը:

Նոնան ասում է, որ մխիթարանք է գտնում, երբ գտնում է Եռաբլուր, լացում է, խոսում որդու հետ, այցելում եղբորը, որդու ընկերներին, շփվում զոհված տղաների մայրերի հետ:

«Մի անգամ գնացի երեխուս անունը տալով լացում էի, մի կին ասեց՝ կարո՞ղ ա ձեր տղեն Մարտունի 2-ում էր, ասեցի՝ հա, ասեց՝ տանկի՞ստ էր, ասեցի՝ հա, ասեց՝ բա՞ չի ասել՝ Արման անունով ընկեր ուներ, ասեցի՝ հա՛, ո՛նց չի ասել։ Ես էսքան գնացել էի, չգիտեի, որ տղուս ընկերը՝ Արմանը, իրան մոտ ա, երկու շարք էն կողմ։

Հիմա որ գնում եմ Եռաբլուր, իրա համար էլ եմ ծաղիկ տանում, իմ տղու համար էլ, ախպորս համար էլ»,- հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am