Ովքեր են Կենտրոնի թաղապետարանի ձերբակալված պաշտոնյաները. Factor

Քրեական վարույթը, որի շրջանակներում իրավապահները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանում, քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն, Factor.am-ին հայտնեցին իրավապահ կառույցից։

Իրավապահ համակարգում Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, նույն բաժնի ևս մեկ աշխատակից և մեկ քաղաքացի։   Ըստ նախնական տեղեկությունների՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործը վերաբերում է ենթադրյալ կաշառքի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքին։

Factor․am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք կասկածվում են հանրային սննդի օբյեկտներից լիցենզիայի պետական տուրքի գումարներն առձեռն հավաքագրելու և Կենտրոն վարչական շրջանում սուրճի ապարատներ տեղադրելու թույլտվություններ տալու համար։

Նշենք, որ Արսեն Աղաբեկյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ Կենտրոնի թաղապետարանում աշխատում է 2024 թվականի հուլիսի 30-ից։