32-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ բանկի մասնաճյուղում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով
Փետրվարի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձը ավազակային հարձակմամբ զինված մուտք է գործել երևանյան բանկերից մեկի մասնաճյուղ, սակայն հարձակում կատարած անձը վնասազերծվել է բանկի անվտանգության աշխատակիցների կողմից։
Նախնական տվյալներով՝ բանկի մասնաճյուղ ներխուժած անձը ավազակային հարձակմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 5.665.233 ՀՀ դրամ գումար:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀքրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակությունը) 3-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում իրականացվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննութուն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988թ.: Վերջինս ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել։
Հայտնաբերվել է որպես զենք օգտագործված հուշանվեր ատրճանակը և հափշտակված գումարը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: