Ամերիկյան զորքերի դուրս բերումն Աֆղանստանից. խնդիրներ և մարտահրավերներ.Ամերիկայի ձայն

Պենտագոնը հաստատել է, որ ԱՄՆ-ը կպահպանի իր զորքերի մի մասը Աֆղանստանում՝ Քաբուլում իր դեսպանատունը պաշտպանելու համար

Այստեղ մնացող զորքերն ավելի մեծաքանակ են, քան սովորաբար դեպանությունների անվտանգության ուժերի թվաքանակը: Բացի այդ, ամերիկյան մի շարք ստորաբաժանումներ որոշ ժամանակ ևս կմնան այստեղ՝ կարևոր ռազմավարական օբյեկտների, ներառյալ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովվելու նպատակով:

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է նաև, որ Աֆղանստանում լարվածությունը չափազանց բարձր է, քանի որ թալիբները ձգտում են ավելի շատ շրջաններ վերցնել իրենց վերահսկողության տակ:

Նա շեշտում է, որ տեղի ունեցող զարգացումները կասկածի տակ են դնում խաղաղ գործընթացի օրինական, վստահելի մասնակից լինելու թալիբների ջանքերի անկեղծությունը:

Քիրբիի խոսքերով՝ քաղաքական այն գործընթացը, որը տանում է դեպի բանակցային կարգավորում և Աֆղանստանում ռազմական գործողությունների դադարեցում միակ ճիշտ ճանապարհն է երկրի ապագայիհամար, որին կողմնակից է Միացյալ Նահանգները:

Դա այն է, ինչը փորձում է իրականացնել գործող վարչակազմի վարած քաղաքականությունը, ասում է մամլո խոսնակը:

Երեքշաբթի օրը Աֆղանստանում ամերիկացի բարձրաստիճան գեներալ Օսթին Միլլերը մտահոգիչ է որակել շրջանների արագանցումը Թալիբանի վերահսկողության ներքո:

Նա կոչ է անում ուշադրություն դարձնել այս հանգամանքին և քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, քանի որ, ըստ գեներալի, այս շրջանների կորուստը կարող է առաջ քաշել անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ազգաբնակչության և նահանգային մայրաքաղաքների համար:

Միացյալ Նահանգները խոստացել է շարունակել ֆինանսական օգնությունը աֆղանական զինված ուժերին, ինչպես նաև տրամադրել խորհրդատվություն և օդանավերի տեխնիկական սպասարկում:

ՆԱՏՕ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ կշարունակի պատրաստել աֆղանական ուժերին Աֆղանստանի տարածքից դուրս:

Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: