«Ես տուն չեմ կորցրել, հայրենիքի մի մաս եմ կորցրել, տուն էլի կստեղծենք, բայց հայրենիք կորցնելը մեծ ցավ է». Շուշիից՝ Շուշիի կարոտով

«Երբ Շուշիին եմ նայում, էներգիայով եմ լցվում ու ամենաառաջինը՝ մտածում եմ, որ Շուշին ազատագրել է պետք, ու էդ ազատագրական պայքարի առաջին մասնակիցներից մեկը ես եմ լինելու»,- «Մեդիալաբին» ասում է ծնունդով մարտակերտցի, 2007 թվականից Շուշիում բնակություն հաստատած մասնագիտությամբ ատամնաբույժ, «Շուշի» ֆուտբոլային թիմի խաղացող Միքայել Առաքելյանը։

Ասում է՝ պատերազմի ողջ ընթացքում եղել է ռազմաճակատում՝ հատուկջոկատայինների խմբում, ամենաթեժ կետերում է եղել, բայց ողջ ընթացքում որևէ վիրավորում չի ստացել․

«Դա էլ է հրաշք, գիտե՞ք»,- ժպտալով ասում է Միքայելը։

Այդպես՝ ժպիտը մշտապես դեմքին, մասնակցել է պատերազմին, կարգախոս ունի, որ կյանքի ամենադժվարին պահերին անգամ պետք է ժպտալ։

«Միշա՛, էնքան հանգիստ ու ուրախ ես, ոնց որ հարսանիք եկած լինես,- ասում էին մարտական ընկերներս։ Ամենածայրահեղ իրավիճակում էլ ես իմ անհանգստությունը ցույց չեմ տվել, պետք չէ, որ էդ անհանգստությունը ցույց տաս, կյանքի ամենադժվար պահին պետք է ժպտալ։ Միշտ ժպտալու եմ»,- ասում է Միքայելը։

«Միշան զուսպ է, կարողանում է զգացմունքները, Շուշիի կորստի ցավը ներսում պահել՝ ի տարբերություն ինձ ու իր ծնողների»,- «Մեդիալաբին» ասում է Միքայելի կինը՝ մասնագիտությամբ պատմաբան, այժմ ցանցային մարկետինգով զբաղվող Նարինե Աղասարյանը։

Երիտասարդ այս ընտանիքը Շուշիում է թողել ամեն ինչ, չեն հասցրել անգամ առաջին անհրաժեշտության իրերը իրենց հետ վերցնել։

«Ոչ ոք չէր պատկերացնում, որ Շուշին կտան, ոչ մի բան ընդեղից չենք հանել։ Նարինեն նոյեմբերի 7-ին զանգել, ասում է՝ Շուշին տվել են, ասում եմ՝ բա դիպլոմս մնացել է ընդեղ, կարա՞ս գնաս, բերես»,- պատմում ու իր ասածից ժպտում է Միքայելը։

Հիմա կնոջ ծնողները, եղբոր ընտանիքը ու Միքայելի ընտանիքը  համատեղ ապրում են Խնձրստան գյուղում՝ Նարինեի պապական տանը։ Միքայելի համար ցավը հիփոթեքով ձեռք բերված բնակարանի կորուստը չէ, այլ՝ հայրենիքի։

«Ես տուն չեմ կորցրել, հայրենիքի մի մաս եմ կորցրել։ Տուն է, էլի կստեղծենք, բայց հայրենիքի մի մաս կորցնելն արդեն լուրջ է, մեծ ցավ»,- ասում է Միքայելը ու շատ երկար լռում։

Նարինեն ասում է, որ երբեք մտքով չի էլ անցել ամուսնուն առաջարկել այսքանից հետո լքել Արցախը։

«Ո՛չ ես, ո՛չ ամուսնուս ծնողները երբեք չենք ասել՝ այսքանից հետո արի գնանք, մենք էլ չենք ուզում թողնել Արցախը։ Գիտե՞ք, մի օր Միշային հարցրեցի՝ ի՞նձ ես շատ սիրում, թե՞ հայրենիքը, առանց մեկ վայրկյան մտածելու՝ ասաց հայրենիքս»,- ժպտալով ասում է Նարինեն։ 

 «Ո՞նց կարող եմ սխալ մտածող, դավաճան մարդկանցից նեղանալ ու թողնել գնալ իմ հայրենիքից։ Կյանքում ոչինչ չի կարող ինձ ստիպել թողնել հայրենիքս ու գնալ, մինչև վերջին ժամս ստեղ եմ լինելու։ Ինչպե՞ս կարելի է էս հող ու ջուրը թողնել ու գնալ, էս հողն այնքան հայի ու արցախցու արյուն ունի իր մեջ, որ արդեն սուրբ հող է դարձել․․․ ինչպե՞ս կարելի է թողնել էս սուրբ հողն ու գնալ»,- ասում է Միքայելն ու ընդգծում, որ իր նման մտածող արցախցիներ շատ կան։

Արցախից հեռացողներին մեղադրում է, որ չեն մնում ու չեն պայքարում իրենց հողի համար։ Միքայելը վստահ է, որ կորստի ցավը չի անցնելու այնքան ժամանակ, քանի դեռ հետ չենք բերել կորցրածը։

«Ամեն օր աշխատանքի գնալիս-գալիս Շուշին աչքներիս առաջ է․․․ օր չկա, որ չափսոսամ Շուշիի համար։ Ամեն օր ասում եմ՝ Շուշին, Շուշին․․․»- ասում է Նարինեն։

«Ամսի 6-7-ին եղել եմ Շուշքենդի սահմանին, հետո Հունոտի կիրճով բարձրացել ենք Շուշիի բանտի ուղղությամբ, որ պետք է այդտեղից օպերացիա իրականացնեինք, բայց այդպես էլ սպասելով մնացինք, հրաման չեղավ, ու մենք թուրքի հետ կռվի մեջ չմտանք,  մինչև ամսի 9-ին ասեցին, որ պատերազմը վերջացել է, Շուշին արդեն հանձնած է, Շուշին էլ հետ չենք վերցնում․․․ կյանքիս ամենադաժան օրերն էին»,- ասում է Միքայելը։

Երիտասարդ ընտանիքին կորցրածը հետ բերելու նպատակն է ստիպում մնալ Արցախում, այն հող ու ջրում, որտեղ ծնվել ու մեծացել են։

«Լուռումունջ, էդ կսկիծով ու հույսով ապրում եմ, որ մի օր վերադարձնելու ենք ու կարևոր չէ, էդ ժամանակ՝ ես ողջ կլինեմ, թե ոչ․․․ մի օր վերականգնվելու է այն արդարությունը, որին մենք արժանի ենք, ունենալու ենք մեր ամբողջական Արցախն ու մեր մշակութային քաղաք Շուշին»,- վստահեցնում է Միքայել Առաքելյանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am