ՀՀ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերների հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը` կարեւորելով միջխորհրդարանական համագործակցության խթանումը նաեւ փոխայցերի ձեւաչափով:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գերմանացի գործընկերներին Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցության համար, կարեւորել կանցլեր Օլաֆ Շոլցի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացում:

«Մեծապես գնահատում ենք 2018 թվականից ի վեր ՀՀ-ում հաստատված ժողովրդավարական ամուր արժեքները եւ պատրաստ ենք աջակցել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- նշել է Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը:

Ալեն Սիմոնյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության հետեւանքները, բարձրացրել հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը, որի նկատմամբ Ադրբեջանը ցուցաբերում է ապակառուցողական մոտեցում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական հարաբերությունների, Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման, Հարավային Կովկասում անվտանգության հաստատման եւ մի շարք այլ հարցերի շուրջ: