Կա հանրային լայն դժգոհություն, և ժողովրդի ձայնը լսելի դարձնելու համար հանրահավաք ենք հրավիրել․ Իվետա Տոնոյան

Գործընթացը թևակոխում է հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների փուլ։ Այդ մասին այսօր Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ խոսելով հոկտեմբերի 8-ին սպասվող հանրահավաքի մասին։

Նշենք, որ «Հայրենիք», Հ․ Յ․ Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները քիչ առաջ հայտարարություն էին տարածել հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամը 18։00-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին։

Տոնոյանը նկատեց, որ երկու կուսակցությունների հետ ԲՀԿ-ի համագործակցությունը մի քանի ամսվա պատմություն ունի։ «Մեր համագործակցությունը արդյունավետ առաջ է գնացել աշխատանքային խմբի ձևաչափում, այս ընթացքում բազմաթիվ նախաեռնություններ կյանքի են կոչվել, գնահատականներ են հնչեցվել, և այժմ գործընթացը թևակոխում է հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների փուլ», -հայտարարեց նա։

Պատգամավորի խոսքով, վերջին շրջանում հանրության լայն շերտերի հույսերը իրականություն չեն դարձել, խոստումներն այնդպես էլ կյանքի չեն կոչվել։ «Կա հանրային լայն դժգոհություն, և հանրության ձայնը լսելի դարձելու նպատակով երեք քաղաքական ուժերը հրավիրում են հանրահավաք։ Դրա օրակարգի ելույթների հետ կապված մանրամասներ առաջիկայում կհայտնենք», -հավելեց Տոնոյանը։