Նորայրը նռնակով իրեն պայթեցրել է, որ գերի չընկնի․ մայրն ասում է՝ լուրն իմանալուն պես իր կյանքը կանգ է առել

42-ամյա Արուսյակ Մարտիրոսյանը հուզմունքով է պատմում, թե ինչպես է որդին զոհվել պատերազմի ժամանակ։ Գերությունից վերադարձած որդու զինակից ընկերներից մեկը պատմել է, որ Հադրութում կռվի ժամանակ հրաման են ստացել` բարձրանալ սարը, որտեղ հանդիպելու են հայերին, սակայն բարձրանալուն պես նկատել են ադրբեջանցիների։

«Իրանք մերոնց հագուստով են եղել, մոտիկացել են, մեր տղաները հասկացել են՝ թուրքեր են, բոյ են տվել։

Նորայրս առաջատարն է եղել, ինքն իրան պայթացրել ա, որ գերի չընկնի»,- ասում է մայրը ու մորմոքով նշում՝ լուրն իմանալուն պես իր համար կյանքը կանգ է առել։

«Ոնց որ օրգաններ չունենամ, հերձված մարդ լինեմ։ Զգացողություններս բթացել են, ոչ մի զգացմունք չունեմ, առաջ մեկի ուրախությունից կհուզվեի, մեկի տխրությունից կցավեի, հիմա անզգա եմ»։

19-ամյա Նորայր Պետրոսյանը 8 ամիս էր՝ ինչ մեկնել էր ժամկետային զինծառայության։ Պատերազմի առաջին օրերին եղել է Ջրականում, հայտնվել շրջափակման մեջ, այնուհետև շրջափակումից դուրս են եկել, հետո տեղափոխվել Հադրութ։ 

«Իրա ընկերը եկավ մեզ տեսնելու, պատմում էր, որ Նորայրս Հադրութում ասել էր՝ եթե մենք էսքանի միջով անցանք, ուրեմն փրկվանք, էլ բան չի լինի։ Բայց ի՛նչ իմանային․․․»- հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում է մայրը։

Այնուհետև Արուսյակը հիշում է՝ որդին Ջրականից Հադրութ գնալիս զանգել է մորն ու ասել՝ զինգրքույկը վնասվել է․ «Ասում էր՝ մամա, բա ո՞նց պիտի լինի, ասում էի՝ տո ջհանդամ, դրա մասի՞ն ես մտածում։ Հիմա եմ հասկանում, որ մտածում էր՝ ոնց պիտի իրան գտնենք։ 

Փրկված ընկերը պատմել ա, ասում ա՝ աչքս ընկավ, որ իրա բանկի քարտը դնում ա վայեննի բիլետի մեջ։ Ու ճակատագրի բերումով իրա մարմինը հենց բանկի քարտով էլ գտնվեց։ Իրան բերել են որպես անհայտ դի, հետո հագուստի մեջ գտել բանկի քարտը»,- պատմում է մայրը։

Նորայր Պետրոսյանը սիրել է երաժշտությունը և սպորտը, ինքնուս սովորել է դհոլ նվագել, խնջույքների ժամանակ հաճախ է նվագել՝ պատմում է մայրը։

Նա զբաղվել է նաև բռնցքամարտով, մասնակցել է մրցումների և արժանացել պատվոգրերի։ Սակայն ծնողների հորդորով որոշել է այլ մասնագիտացում ստանալ: Ընդունվել և 4 ամիս սովորել է Ոստիկանության ակադեմիայում, որից հետո բանակ զորակոչվել։

Մայրն ասում է՝ որդին իր բարությամբ, ազնվությամբ և հոգատարությամբ շատ էր առանձնանում։ «Մի աղջիկ ունեմ, ասում եմ՝ բաներ կա, դու Նորոյի չափ ուշադիր չես։ Իմ Նորոն չափից ավելի ուշադիր էր, օրինակ՝ եթե Մարտի 8 էր, ինքն արդեն պատրաստված կլիներ, իրա հնարավորության սահմաններում էնպես կաներ, որ ամենալավ նվերը ես ունենամ։ 

Բանակից պիտի ամենալավ ծաղիկները ուղարկեր, ընկերներին խնդրում էր՝ մամայիս ամենալավ բուկետը կտանեք։ Հետո զանգում էր ընկերներին, հարցնում՝ հաստատ լա՞վն եք տարել, իսկ հետո զանգում էր ինձ՝ մամա, նկարի տեսնեմ՝ հաստատ լա՞վն ա, էդ կարգի ուշադիր էր»,- պատմում է ու կրկին հուզվում մայրը։

Մայրը նշում է՝ որդու ընկերներն էլ իր պես բարի են ու հոգատար, մինչև օրս էլ հետաքրքրվում են իրենցով ու այցելում, աջակցում տարբեր հարցերում։

«Նորայրիս ընկերներն էլ ընտրված են եղել, ամենաազնիվ, ամենադաստիարակված տղաներին ա ընտրել։

Մինչև էսօր կապի մեջ են՝ ձեզ ի՞նչ ա պետք: Շուտով աղջկաս հարսանիքն ա, ասում են՝ ինչո՞վ կարանք օգնենք»,- պատմում է մայրն ու նշում՝ որդու հանդեպ կարոտը անսահման է, ցավը՝ չբուժվող։

Արփինե Արզումանյան

MediaLab.am