«Դրանք Վանեցյանի գործողությունները չեն, այլ ռուսական ՖՍԲ-ի, և Հայաստանում դիրքավորված տարբեր ճամբարներ անում են այդ ռուսական գործունեությունը»․ քաղաքագետ

Անուշ Սեդրակյանը (Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

– Տիկի՛ն Սեդրակյան, օրերս տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը և մի քանի հայտարարություն արել, որ կուսակցություն է ստեղծում, որ շատ կարևոր տեղեկատվության է տիրապետում, որը չի հանրայնացնի, որ այս իշխանությունը ճիշտ ուղղությամբ չի տանում երկիրը, և ինքը պատրաստ է դռնեդուռ ընկնել ու ազդարարել այդ մասին։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ Արթուր Վանեցյանը կարող է հայտ ներկայացնել քաղաքականության մեջ և համախմբել իր շուրջը։

– Տեսեք, թե այստեղ քանի կետ կա, որ պետք է անպայման հաշվի առնել։ Հայաստանը, որ տարածաշրջանում ամենառուսամետ երկիրն է նույնիսկ հեղափոխությունից հետո, ամեն կերպ գտնվում է ռուսական ԿԳԲ-ի, այսինքն՝ ՖՍԲ-ի կողմից ներդրված տարբեր ականների ներգրավման և ազդեցության ներքո։ 

Եկեք չմոռանանք, որ Վանեցյանը հենց այնպես չի հայտնվել այդպիսի կարևոր պետական պաշտոնի։ Նրան նշանակել են, և այստեղ շատ ճիշտ կլինի հաշվի առնվեն բոլոր միջնորդությունները նրա նշանակման հարցում և նրա բոլոր կոնտակտները։

Որովհետև հասկանալի է, որ ԱԱԾ պաշտոնյային երաշխավորելով նման պատասխանատու գործառույթի համար, դու պետք է ունենաս երաշխիքներ, որ այդ պաշտոնյան ծառայելու է ինքնիշխանության հանրապետության շահերին։ 

Ցանկացած ԱԱԾ-ի տնօրեն, և հանգուցյալ Կուտոյանն էլ դրան զոհ գնաց, տիրապետում է անսահմանափակ ինֆորմացիայի։ Երբ Վանեցյանը երաշխավորում է այդ ինֆորմացիայի չհրապարակումը, դա այդպես ասած կեռիկ է, որով Վանեցյանը, ինչպես ցանկացած ԿԳԲ-ական, ուղղակի ազդարարում է ճիշտ հակառակ տեքստը, որ եթե դուք ձեզ լոյալ չպահեք, ես պատրաստ եմ հրապարակել այդ ինֆորմացիան։

Թող ոչ ոք հույս չունենա, որ կուսակցություն բացելով Վանեցյանը վարելու է մաքուր քաղաքական պայքար, որը կարելի էր միայն ողջունել։ Ո՛չ, Վանեցյանն օգտագործելու է իր ինֆորմացիան ազդելու իշխանության մեջ գտնվող տարբեր ֆիգուրների վրա, որոնք ունեն իրենց կյանքում խնդրահարույց դրվագներ՝ ապահովելով իրենց գործողությունները՝ ի վնաս հեղափոխության, ի վնաս գործող իշխանության և հօգուտ Վանեցյանի գործողությունների, իսկ մենք հասկանում ենք, որ դրանք Վանեցյանի գործողությունները չեն, այլ ռուսական ՖՍԲ-ի գործողություններն են, և Հայաստանում դիրքավորված տարբեր ճամբարներ անում են այդ ռուսական գործունեությունը։ 

– Այս առումով կարևոր է լյուստրացիա՞ն։

– Մի քանի բան կա, որ կարելի է ուղղակի լյուստրացիոն կարգով բացահայտել։ Ես միշտ ասում եմ՝ տեսնո՞ւմ եք, որ ռևանշիզմը որդեգրված է և հովանավորվում է Մոսկվայի կողմից։ Եվ երբ մարդիկ ասում են, որ չկա նման բան, դա մեր ներքին խնդիրն է, արդեն այստեղ ակնհայտ է դառնում, որ այդ մարդիկ ներդրված ականներ են, որովհետև Հայաստանում, ցավոք, այդ ցանցը գործել է շատ արդյունավետ, և դա պայմանավորված է ոչ թե նրանով, որ հայերը ծախու են կամ ստոր, այլ նրանով, որ հայերը՝ ա) չգիտեն ինքնիշխանության գինը և երբևէ դա չեն արժևորել, և բ) հայկական ռուսամետությունը պատմականորեն անհասկանալիորեն առաջին սիրո նման ծնված և գոյատևող երևույթ է։

Դրա համար դա ազդել է նրա վրա, որ Հայաստանում ամենահարուստն է այդ ցանցը, և Հայաստանում դեռևս որևէ մեկը լյուստրացիայի մասին խոսելիս չի փորձում տեսնել դրա դրական կողմերը։ Դրա համար Վանեցյանի՝ քաղաքական երկնակամարում հայտնվելը նշանակում է երկու բան, որ նախկինում և հիմա էլ հեղափոխական իշխանությունը բացարձակապես անհեռատես և անգիտակից կադրային քաղաքականություն է վարում՝ ինչ-որ մեկին խնամի, ծանոթ, քավոր, լավ տղա, հավատարիմ տղա, հավատարիմ օլիգարխ սկզբունքով, և դրանք բոլորը դառնալու են պայթուցիկ ականներ, և երկրորդ՝ Ռուսաստանն արդեն որոշել է չվստահել ներդրված ականներին և գործելու է ուղղակի։ Եթե տեսնում եք՝ հիմա ոչ մեկը չի էլ թաքնվում։ Եթե առաջ որևէ մեկն ապացուցում էր, որ ինքը ԿԳԲ-ից չի, հիմա չի թաքցնում։ 

– Այսինքն՝ ԱԱԾ-ԿԳԲ կարծրատիպերը շարունակում են գործե՞լ։

– Դրանք կարծրատիպեր չեն, այլապես Չեկայի 100-ամյակ չէինք նշի, և մեր սպաներն իրենց կրթությունը չէին ստանա Մոսկվայում։ Մենք հասկանում ենք, որ բոլոր թրեյնինգները, որակավորման բարձրացման դասընթացները տեղի են ունենում ոչ ԿՀՎ-ում կամ «Մոսադում»։ Դրանք տեղի են ունենում Ռուսաստանում, և արդյոք դա բավարար գործառույթ չէ՝ ըմբռնելու համար, թե որտեղի՛ց է այդ բոլորը հոսում։ Բայց, ցավոք, իշխանությունը նույնպես չի ուզում սահմանագիծ տանել իր և ռուսական ագենտուրայի միջև, որովհետև վախենում են, ուզում են պահպանել լոյալությունը, բայց մենք տեսնում ենք, թե դրա հետևանքներն ինչպիսին են։ 

– Կա կարծիք, որ մեծ հաշվով որքան էլ Վանեցյանը քաղաքական հայտ ներկայացնի և աջակցություն ստանա Ռուսաստանից, չի կարող հաջողել քաղաքական այս խճապատկերում։ 

– Ես ներկայացրի այն մեխանիզմը, որով նա կհաջողի։ Նա կսկսի իր կոմպրոմատներով, կսկսի ազդել իշխանության մեջ առանցքային ֆիգուրների վրա։ Ես դա գիտեմ, որովհետև ժամանակին սովորել եմ ռուսական պրոպագանդայի և պետության ներքին պատերազմների պատմությունը, և գիտեմ, որ դա ամենաազդեցիկ մեխանիզմներից մեկն է։ Նրանք կարողացան դրանով ազդեցություն ունենալ Եվրոպայի երկրների, ընտրական գործընթացների վրա՝ կարծիքներ ձևավորելով։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am