Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ՀՀ ՄԻՊ-ի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։

Կարևորելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՄԻՊ հետ համագործակցությունն ու առկա խնդիրների բացահայտման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը՝ Նարեկ Մկրտչյանը կարևորել է մշտական երկխոսության դերը․

«ՄԻՊ գրասենյակի արձագանքը կարևոր է ԱՍՀՆ քաղաքականությունները մշակելու, վերամշակելու կամ նոր մոտեցումներ որդեգրելու տեսանկյունից։ Հուսով ենք, որ արդյունավետ համագործակցության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից իրականացված ուսումնասիրություններն ու զեկույցները օգտակար կլինեն նախարարության հետագա աշխատանքների կազմակերպման հարցում»։

Քրիստիննե Գրիգորյանը ևս ընդգծել է խնդիրների լուծման ուղղությամբ հետևողականության ցուցաբերման կարևորությունը․

«Հաշվի առնելով այն, որ մեր նպատակները նույնն են՝ կանխարգելել խնդիրներն ու վերացնել խախտումներն, ուստի մեզ համար կարևոր սկզբունք է, որ վերհանված խնդիրները գործընկերային կարգով քննարկվեն։ Հուսով ենք, որ այս հանդիպումը ևս առիթ է՝ որոշելու, թե որ ձևաչափով է ավելի հարմար և օգտակար քննարկումներ ունենալու համար»։

Հանդիպման ընթացքում ՄԻՊ աշխատակազմը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող իրենց կողմից իրականացված մի շարք ուսումնասիրությունների արդյունքներ․ պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել համապատասխան խմբեր՝ համագործակցության շրջանակի հստակեցման և անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով։

Այդ մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։