Կամչատկայում զբոսաշրջիկներով ուղղաթիռ է կործանվել․ 8 մարդ ողջ է մնացել

Կամչատկայի Կրոնոտսկի արգելոցում կործանվել է Մի-8 ուղղաթիռ, որում եղել է 16 մարդ՝ 13 ուղևոր, այդ թվում՝ 1 երեխա և անձնակազմի երեք անդամ․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, գրում է Factor.am-ը:

Ուղղաթիռն ընկել է Կուրիլի լիճը և խորտակվել մոտ 100 մետր խորության վրա, հայտնում են փրկարարները: Ութ մարդ ողջ է մնացել, հինգը տեղափոխվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկի մարզային հիվանդանոց, մնացածը մնացել են մոտակա գյուղում: Տեղում աշխատում են փրկարարներ ու ջրասուզակներ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ջրասուզակները սարքավորումներ ունեն միայն մինչև 20 մետր խորության վրա աշխատելու համար:

Կործանված Մի-8 ուղղաթիռը պատկանել է «Վիտյազ-Աէրո» ընկերությունը։ Դրա հիմնադիրն ու համասեփականատերն է հանդիսանում սպանության մեջ մեղադրվող Կամչատսկից պատգամավոր Իգոր Ռեձկինը։ Ուղղաթիռը եղել է սարքին վիճակում ու կապիտալ վերանորոգում է անցել 2020 թվականին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության կոմերցիոն տնօրեն Դմիտրի Չերնիխը։

«Ինտերֆաքսն» իր հերթին, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ ուղղաթիռը գրեթե 40 տարեկան է եղել։