«ԼԳԲՏԻ մարդկանց կյանքում հեղափոխությունից հետո ոչ մի դրական տեղաշարժ դեռևս չի արձանագրվել»․ Արթուր Մինասյան

«ԼԳԲՏԻ մարդկանց կյանքում հեղափոխությունից հետո ոչ մի դրական տեղաշարժ դեռևս չի արձանագրվել»․ Արթուր Մինասյան
«ԼԳԲՏԻ մարդկանց կյանքում հեղափոխությունից հետո ոչ մի դրական տեղաշարժ դեռևս չի արձանագրվել»․ Արթուր Մինասյան

Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների, դրանց իրացման հնարավորությունների, իշխանությունների գործողությունների վերաբերյալ Մեդիալաբի հարցերին պատասխանում է LGBTnews.am էլեկտրոնային կայքի գլխավոր խմբագիր Արթուր Մինասյանը

– Այսօր Նիկոլ Փաշինյանն անդրարձել է տրանսգենդեր կնոջ ելույթին, ինչպե՞ս կգնահատեք նրա արձագանքը։

– Առաջին անգամը չէ, որ վարչապետ Փաշինյանը ստիպված անդրադառնում է Հայաստանում ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների խնդրին, և ամեն անգամ՝ նույն տրամաբանության շրջանակներում։ Նա հերթական անգամ չթաքցրեց, որ խնդիրն իր համար գլխացավանք է, որից կցանկանար խուսափել։

Տեղի ունեցածը բնութագրեց որպես իշխանության դեմ կազմակերպված քաղաքական պրովոկացիա, ու թեև ենթադրյալ պրովոկատորների անուններն ուղիղ չհնչեցրեց, այնուամենայնիվ, հիշատակեց ԲՀԿ-ին՝ նաև բարձրացնելով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կոմպետենտության հարցը ու իշխող խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանին, Ալեն Սիմոնյանին և մյուսներին երկրորդելով՝ խնդիրը տեղափոխեց «ո՞վ է տրանսգենդերին հրավիրել ԱԺ» անիմաստ հարցադրման դաշտ։

Արդեն մի քանի օր է՝ իշխող «Իմ քայլը» դաշինքը և ԲՀԿ-ն զբաղված են նրանով, որ խոսում են այդ մասին՝ ինչպես է տրանսգենդերը հայտնվել ԱԺ-ում ու միմյանց մեղադրում են դավադրության մեջ։ Եվ սա այն դեպքում, երբ պետությունում գնալով ահագնանում են ատելության խոսքը, ֆիզիկական բռնության, ընդհուպ մինչև սպանության բացահայտ կոչերը, հայտնվել են ինչ-որ մահապարտներ, դանակով զինված ցուցարարներ, վառելու, մորթելու, կախելու կոչեր անող հանրությանը ոչ անհայտ գործիչներ, իսկ իրավապահ համակարգը ոչ մի հրապարակային գործողություն չի իրականացնում։

Եվ փոխանակ վարչապետը խոսի ատելության այս մթնոլորտի անթույլատրելիության մասին, հստակ հրահանգներ տա իրավապահ մարմիններին, խոսում է այն մասին, թե որ թվականին է տրանսգենդերն անձնագիր ստացել, այն մասին, որ ինքը գրավոր բացատրություններ է պահանջել պետական պահպանության ծառայությունից և փաստաթղթեր ունի, որ Նաիրա Զոհրաբյանն է ինչ-որ ցուցակ ստորագրել։

Ասենք՝ Նաիրա Զոհրաբյանն է հրավիրել կամ Մարիա Կարապետյանն է հրավիրել կամ պայմանական Պողոսը, դա ի՞նչ էական է՝ անհասկանալի է։ Կարծես տեղի է ունեցել մի ահասարսուռ հանցանք, իշխանությունն ու ԲՀԿ֊ն էլ զբաղված են՝ պարզելով, թե ով է թույլ տվել այդ հանցանքը ու միմյանց վրա են գցում ու ինչ-որ քաղաքական հարցեր են լուծում։

Ընդ որում, վարչապետը բարձրացնում է Նաիրա Զոհրաբյանի՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնին համապատասխանելու հարցն այն դեպքում, երբ ընդամենը երեք ամիս առաջ նաև իր՝ իշխող կուսակցության խմբակցության քվեարկությամբ, 127 կողմ ձայներով է Զոհրաբյանն ընտրվել այդ պաշտոնում։ Այդ ժամանակ, ի՞նչ է, հայտնի չէ՞ր վերջինիս վերաբերմունքը ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքներին, թե՞ չգիտեին Զոհրաբյանն ով է, որ կուսակցությունից է, ինչ արժեքների կրող է և որքանով է համապատասխանում այդ պաշտոնին։ Շատ մտահոգիչ է, մի խոսքով։

– Այսօր ԵՄ պատվիրակությունը Հայաստանում, ԵՄ անդամ երկրների դեսպանատները տրանսգենդեր կնոջ ելույթին հաջորդած իրադարձությունների մասին, կարծես թե, բավական կոպիտ արձագանք տարածեցին։ Արդյո՞ք սա նոր մոտեցում է։ Ինչ-որ ուղե՞րձ պարունակում է։

– Եվրամիությունում, բարեբախտաբար, կարողանում են տարբերել առաջնայինը երկրորդայինից և հստակորեն կոչ են հղում իրավապահ մարմիններին՝ անհապաղ քայլեր կատարելու և բոլորին՝ ատելության խոսքը դատապարտելու։ Սա այն տեքստն է, որ պետք է հնչեր ոչ թե դրսից, այլ ներսից՝ Նիկոլ Փաշինյանի շուրթերից։

Ցավալի է, որ անգամ հեղափոխությունից հետո Եվրամիությունը պետք է մեզ հուշի, թե ինչն է հրատապ ու առաջնային։ Իշխանությունը պետք է վերջապես գիտակցի, որ անհնար է խուսափել մարդու իրավունքների մի հարցից, որ վերաբերում է մոտ 100 հազար քաղաքացիների, և որ խնդրին առերեսվելու է ոչ թե ինչ-որ հեռավոր կառավարություն 30 տարի անց, ինչպես Փաշինյանն էր կարծում, այլ հենց այս կառավարությունը։

Եթե իշխանությունը ցանկանում է ազատվել պարբերաբար ծագող այս ալիքներից կամ գլխացավանքից, ապա դրա միակ տարբերակը վճռականորեն պատասխանատվության ստանձնումն ու ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների խնդրի կարգավորմանն ուղղված բաց գործողությունների ձեռնարկումն է՝ հստակ ռազմավարությամբ։ Հատկապես որ դա իշխանության՝ Սահմանադրությամբ ամրագրված պարտականությունն է։ Հակառակ դեպքում տարբեր խմբեր մշտապես կգտնեն առիթներ՝ հասարակական համերաշխությունն այս հարցով խաթարելու, ընդհուպ մինչև բախումներ, ծանրագույն հանցանքներ հրահրելու համար, որի տակից իշխանությունն ու իրավապահ համակարգը հնարավոր է՝ դուրս չգան։

– Նոր իշխանությունների՝ ԼԲԳՏԻ համայնքին վերաբերմունքն արդյո՞ք տարբերվում է նախկիններից, արդյո՞ք հեղափոխական է, այդ մարդկանց կյանքը դրականորեն արդյո՞ք փոխել է։

– ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների վերաբերյալ նոր իշխանությունների քաղաքականությունը դեռևս նույնական է նախորդ վարչախմբի մոտեցումներին։ Ուզում եմ շեշտել՝ խոսքը քաղաքականության մասին է. նկատի ունեմ այն, որ օրենսդրական դաշտում որևէ փոփոխություն դեռևս չկա և օրենսդրական նախաձեռնությունների մասին էլ խոսք չկա, իրավապահ մարմիններն էլ ինչպես կիսատ-պռատ էին զբաղվում կամ, ըստ իրավիճակի, ընդհանրապես չէին զբաղվում ԼԳԲՏԻ մարդկանց հանդեպ հանցագործություններով ու իրավախախտումներով, նույնկերպ էլ շարունակում են վարվել, ինչպես ՀՀԿ-ական արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էր ճարտասանությամբ և դեմագոգիայով լղոզում խնդիրը, այնպես էլ երեկ գործող նախարար Զեյնալյանն էր նույնական անգրագետ մտքեր արտահայտում. ամոթ է, որ Զեյնալյանը տեղյակ չէ՝ Սահմանադրությամբ արգելված չեն ո՛չ նույնասեռ հարաբերությունները, ո՛չ էլ ամուսնությունները, իսկ այն, ինչ արգելված չէ, թույլատրված է քաղաքացուն։ Սա իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներին անգամ պետք չէ բացատրել։

Փոխվել է այն, որ նոր իշխանության ներսում առաջադեմ, իրավագիտակից մարդկանց թիվը փոքր-ինչ ավելի շատ է։ Բայց, գիտե՞ք, երբ իշխող կուսակցության մի պատգամավորը՝ Սոֆյա Հովսեփյանը, դուրս է գալիս և հնչեցնում է Հերմինե Նաղդալյանին հարիր մտքեր՝ համառորեն չընկալելով, որ ԼԳԲՏԻ մարդիկ լրացուցիչ իրավունքներ չեն պահանջում, այլ բոլորի հետ հավասար իրենց անքակտելի իրավունքներն իրացնելու հնարավորություն, ինչով ամենևին չեն սահմանափակում այլոց իրավունքները, իսկ նույն կուսակցության մեկ այլ պատգամավոր կիսալղոզված ու հեռավոր դրական ուղերձներ է հղում, տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը դերերի բաժանում է արել և բարի ոստիկան-չար ոստիկան է խաղում՝ փորձելով մի կերպ բավարարել բոլորին։

Իսկ այդ ընթացքում ԼԳԲՏԻ մարդիկ, վախեցած հնչող սպառնալիքներից ու ատելության խոսքից, մտորում են, թե ի՞նչ ուղիներով լքեն Հայաստանը։ Ո՛չ, ԼԳԲՏԻ մարդկանց կյանքում հեղափոխությունից հետո ոչ մի դրական տեղաշարժ դեռևս չի արձանագրվել։ Ընդհակառակը, քանի որ բոլորին հայտնի ուժերն այս խնդիրն ակտիվորեն շահարկում են, ատելության, անհանդուրժողականության դոզան շեշտակի ավելացել է և ընդհուպ մոտեցել ատելության խոսքից ատելության գործողությունների, ծանրագույն հանցանքների կատարմանը։

Եվ եթե իշխանությունը չգիտակցի, որ վճռական ու անհապաղ գործողություններ են անհրաժեշտ՝ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կանչելու ատելության քարոզիչներին, շատ շուտով կարմիր գիծը հատված կլինի։

– Նիկոլ Փաշինյանը, իշխանության այլ ներկայացուցիչներ, անդրադառնալով ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչներին առնչվող խնդիրներին, հարցականով են խոսում, ասում են` արդյո՞ք նրանք մարդ են, ի՞նչ անենք նրանց, արդյո՞ք սպանենք և այլն։ Նման մոտեցումը որքանո՞վ է խտրական, ու դրա փոխարեն ի՞նչ հստակ խոսք ու գործողություններ է պետք անել նրանց պաշտպանելու համար։

– Հռետորական հարցադրումներով խոսելը հարցի վերաբերյալ սեփական դիրքորոշումները հստակորեն արտահայտելուց խուսափելու ձև է։ Լրագրողներն էլ չեն հարցնում՝ լա՛վ, իսկ ձեր հարցադրումների, ձեր կուսակցության պատասխանները որո՞նք են, վերջիվերջո։ ՀՀԿ-ինը գիտենք, ԲՀԿ-ինը գիտենք, իսկ Իմ քայլի՞նը։ Հիմա ես եմ հարցնում, հարգելի՛ իշխանություն, տրանսգենդերը վերջը մա՞րդ է, թե՞ ոչ, ԼԳԲՏԻ մարդիկ պե՞տք է ունենան Սահմանադրությամբ ամրագրված՝ քաղաքացու բոլոր իրավունքների իրացման հնարավորություն, թե՞ ոչ, կարելի՞ է վառել, վտարել, կախել ՀՀ քաղաքացուն՝ իր ինչ-որ հատկանիշից ելնելով, թե՞ ոչ։

Եվ ի՞նչ է անում կամ անելու իշխանությունը՝ ապահովելու հավասար իրավունքները բոլորի համար, ինչպիսի՞ ռազմավարություն ունի, ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ ժամկետներում։ Ես լրագրողներին կոչ եմ անում անընդհատ հղել այս հարցերը իշխող կուսակցության բոլոր պատգամավորներին և կառավարության անդամներին, որ մենք ունենանք ձեր հարցի պատասխանը՝ ի՞նչ հստակ գործողություններ է պատրաստվում անել այս իշխանությունը ՀՀ քաղաքացիների իրավունքներն իրացնելու հնարավորության ստեղծման ուղղությամբ։

Ընդ որում, որևէ մեկը չի ակնկալում, որ հենց վաղը, մեկ օրում Հայաստանում պիտի լուծվեն ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքները։ Բոլորն էլ հասկանում են, որ դա մի օրվա բան չէ, որ տևական գործընթաց է, բայց ակնկալվում էր, որ հեղափոխական ուժը առնվազն կխուսափի անգրագետ, հակագիտական, լղոզված, խուսափողական տեքստերից, կդրսևորի համարձակություն, կստանձնի պատասխանատվություն և կներկայացնի գոնե մոտավոր ինչ-որ ճանապարհային քարտեզ։

– Իսկ ի՞նչ է անում քաղհասարակությունը, արդյո՞ք նրանց արձագանքը ուշանում է կամ գուցե՝ ավելի անհամաչա՞փ է հնչող կոչերին։

– Իրավապաշտպանները, քաղհասարակության ներկայացուցիչները հայտարարությամբ արձագանքեցին տեղի ունեցածին, բայց հայտարարությամբ կենտրոնացան միայն Նաիրա Զոհրաբյանի վարքի վրա և կոչն ուղղեցին ԱԺ նախագահին ու պատգամավորներին՝ դատապարտելու վերջինիս վարքը, քննելու հանձնաժողովի նախագահ լինելու նպատակահարմարությունը և հարցը քննարկելու էթիկայի հանձնաժողովում։ Սրանք կարևոր կետեր են, իհարկե, բայց լավ կլիներ դրանք զուգորդել իրավապահներին ու իշխանությանն ուղղված կոչերով։

Մի երեք-չորս հարցազրույց և մեկնաբանություն էլ եղան այդ դաշտից, բայց ընդհանուր առմամբ արձագանքը համարժեք չէ հնչեցվող ատելության կոչերին և դրանց վերաբերյալ իշխանության, իրավապահների տարօրինակ վարքին։ Իրավապաշտպաններն իրենց ողջ ներուժը պետք է օգտագործեն՝ իշխանության առաջ դնելու համար վերոնշյալ հարցերն ու կոնկրետ գործողություններ պարտադրելու։ Հուսով եմ՝ առաջիկայում մենք կտեսնենք իրավապաշտպանների ավելի ակտիվ գործողություններ։

– Ի՞նչ պետք է անի ԼԳԲՏԻ համայնքը, հնարավո՞ր է՝ ավելի համարձակ լինել, ավելի բաց խոսել ու փորձել իրացնել իրավունքները այսօր՝ հետհեղափոխական Հայաստանում, թե՞ նրանց համար դեռ վտանգներ կան։

– Թյուր է պատկերացումը, թե ԼԳԲՏԻ համայնքը կուռ, միասնական միավոր է։ Երբ ասում ենք ԼԳԲՏԻ համայնք, նկատի ենք ունենում մի քանի իրավապաշտպան հասարակական կազմակերպություն և սակավաթիվ ակտիվիստներ, որոնք չեն վախենում պայքարել իրենց իրավունքների համար։ Որովհետև ԼԳԲՏԻ մարդիկ Հայաստանում իրենց ճնշող մեծամասնությամբ հասկանալի պատճառներով թաքցնում են իրենց գենդերային ինքնությունը/սեռական կողմնորոշումը և չեն բարձրաձայնում իրենց խնդիրները։ Նաև պետք է հաշվի առնել, որ ԼԳԲՏԻ համայնքն ինքնին բազմազան, տարբեր տեսակետներ, հայացքներ, ոչ միշտ նույնական շահեր ունեցող մարդկանց ու կազմակերպությունների ընդհանրական անվանում է։

Ինչ վերաբերում է Լիլիթ Մարտիրոսյանին և նրա ղեկավարած ՀԿ-ին, և ոչ միայն նրան, ապա երբ դու, լինելով կառույցի ղեկավար, հանրային դեմք, կատարում ես մի գործողություն, ապա պետք է ունենաս հստակ պատկերացում՝ ո՞րն է այդ գործողության ազդեցությունն ու արդյունքը, ի՞նչ խնդիր է դրանով լուծվում, կազմակերպության հայտարարած ո՞ր նպատակին և խնդիրներին է ուղղված այդ գործողությունը, որո՞նք են հնարավոր արձագանքներն ու քո հաջորդ քայլերը և այլն։ Կարճ ասած՝ պետք է ունենալ սովորական ռազմավարական պլան։ Տպավորություն է, որ այդպիսի պլան չկա։

Արդյունքն այն է, որ ֆեյսբուքյան օգտատերերի մի մասը ավետում է ցնցող առաջընթացի մասին՝ «առաջին անգամ ԱԺ ամբիոնից տրանսգենդեր անձի ելույթ», մյուս մասը իրավիճակի լրջությունը չընկալելով՝ ցինիկ կատակներ է անում, երրորդ մասը զբաղված է ատելության և բռնության կոչերի տարածմամբ, իսկ ինչ-որ անհասկանալի մարդիկ, խոհանոցային դանակներով զինված, քահանայի առաջնորդությամբ ու ոստիկանների ներկայությամբ ցույց են անում ու կռվում են, թե ում մազերն ինչպես են հարդարված՝ զուգահեռաբար առաջարկելով խնկարկել ԱԺ դահլիճը և վառել մարդկանց հրապարակներում։ Ապշեցուցիչ տեսարան։

Ես չգիտեմ, թե Հայաստանում ներսից այս ամենն ինչպես է պատկերվում, որովհետև երկու տարուց ավել է՝ Հայաստանում չեմ, բայց ուզում եմ ընդգծել, որ հեռվից տեղի ունեցողը բոլոր առումներով մի իսկական աբսուրդ է։

Սառա Խոջոյան

MediaLab.am