Եթե մեր երկրում արդարությունը լիներ վաճառվող ապրանք, հավանաբար այն վաղուց դեֆիցիտ կհամարվեր և կվաճառվեր միայն «ծանոթով»։ Բայց մարդիկ երբեմն համարձակվում են հավատալ, որ կարելի է գտնել արդարություն, և այդ պատրանքներով տոգորված փնտրում են արդարություն ոչ թե շուկայում, այլ Իջևանի հրապարակում, որտեղ ակնկալում էր հանդիպել արդարության դիրքերից հանդես եկող և խոսող Նիկոլ Փաշինյանին։
Իսկ պատմությունը պարզ է, ինչպես գյուղական առավոտը․ Գանձաքարի մանկապարտեզում տնօրենի մրցույթ է եղել, որին մասնակցել է այդ մանկապարտեզում 13 տարի մեթոդիստ աշխատած տարեց գյուղացու դուստրը։ Մրցակիցը շախմատի ուսուցչուհի էր, և երկուսն էլ ստացել են հավասար միավորներ։ Գանձաքարի մանկապարտեզի 13 տարվա մեթոդիստ դստեր փոխարեն տնօրեն է նշանակվել շախմատի ուսուցչուհին, որի միակ առավելությունը, ըստ բնակչի, Տավուշի մարզպետի հետ բարեկամական կապն է։
Հայկական իրականության մեջ խնամի, ծանոթ, բարեկամ հասկացությունները միայն սոցիալական կապեր չեն․ դրանք նաև հարաբերությունների ոչ ֆորմալ համակարգ են, որոնք հաճախ մրցակցում են օրենքի, ինստիտուտների ու պրոֆեսիոնալ չափանիշների հետ։
Մեր հասարակությունը երկար ժամանակ ձևավորվել է ուժեղ համայնքային և ընտանեկան արժեքների վրա։ Խորհրդային տարիներին պաշտոնական ինստիտուտների նկատմամբ անվստահությունը խորացավ, և մարդիկ սկսեցին ապավինել ոչ ֆորմալ կապերին։ Անկախությունից հետո, երբ պետական համակարգը հաճախ թույլ կամ կոռումպացված էր, այդ մեխանիզմը պահպանվեց։ Եվ հենց այս կոնստրուկտի դեմ էր ընդվզել գանձաքարցի հայրը, մտածելով, թե դիմում է պետությանը՝ ի դեմս արդարամիտ Փաշինյանի։
Մեր ներսում դեռևս ամրապնդված է փրկչի գաղափարը, հաճախ մենք պետությունը նույնականացնում ենք անձի հետ, որն արդարամիտ է, սակայն որին լիարժեք չեն զեկուցում, որը եթե իմանա՝ կարող է անարդար այս աշխարհում մեկ զարկով արդարություն հաստատել կամ, առնվազն, ցույց տալ դեպի արդարություն տանող ճանապարհը։ Արդարացա՞ն այդ սպասումները, իհարկե՝ ոչ, ավելին, հանդիպումից հետո հիասթափված հայրն ասում է «Ազատության» լրագրողին․ «Պարոն Փաշինյանն ինձ լավ չհասկացավ ու ճիշտ չհասկացավ»։
Ինչի՞ց էր վիրավորվել փաշինյանական արդարություն ակնկալող քաղաքացին։ Նա մտածում էր, որ կլինի լսված, հովանավորչության մասին հնչեցված ահազանգը կստուգվի, սակայն երկրի ղեկավարը նախընտրեց բղավելով լռեցնել բողոքի ձայնը։ Սկզբում նա նշեց, թե դա իր լիազորությունների շրջանակում չէ, ապա կտրուկ հրահանգեց․ «21-րդ դարն ա… չնշանակեք, արգելում եմ, էս մարդու աղջիկը չի աշխատելու մանկապարտեզի տնօրեն»։
Ի՞նչ իրավական կարգավիճակ ունի այդ «արգելում եմ»-ը։ Սա արդեն ոչ թե զգացմունքային դրվագ է, այլ ինստիտուցիոնալ հակասություն։ Մարդը չի վստահել համայնքապետարանին, չի վստահել մրցութային հանձնաժողովին, չի վստահել մարզպետարանին, նա շրջանցել է ամբողջ համակարգը և գնացել է հրապարակ՝ դիմելու երկրի ղեկավարին։ Սա արդեն համակարգային ահազանգ է, որ երկրում կա վստահության ճգնաժամ, սակայն ճգնաժամն ավելի է խորանում, երբ բարձրաձայնողին լռեցնում են։
Եթե մրցույթը վստահելի լիներ, նա չէր գա, եթե բողոքարկման մեխանիզմը աշխատեր, նա չէր փորձի դիմել միակ վստահելիին, միակ արդարամիտին, միակ փրկչին, որը, պարզվեց, ոչ թե փրկիչ էր, այլ համակարգի մի մասը, ուղղակի՝ վերնամասը։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am

