«Մամային ասեց՝ աղոթի, քո աղոթքներն են ինձ պահում»․ 19-ամյա Էրիկը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

«Հոկտեմբերի 6-ին մամային ասեց, որ քանի անգամ փրկվել ա մահից, որ մաման աղոթի, ասում էր՝ քո աղոթքներն են ինձ պահում»,- հուզմունքով հիշում է 29-ամյա Անի Եղիազարյանը, որը պատերազմի 12-րդ օրը կորցրել է 19-ամյա եղբորը։

19-ամյա Էրիկ Եղիազարյանը 8 ամիս էր, ինչ ծառայում էր Կուբաթլուում, երբ սկսվեց պատերազմը։

Կուբաթլուից Էրիկը տեղափոխվել է Ջրական և պատերազմի առաջին իսկ օրից թեժ կետերում պայքար մղել հակառակորդի դեմ։

Հոկտեմբերի 8-ին Էրիկը կամավոր միացել է հատուկ ձևավորված խմբին, որն առաջադրանք է ստացել գրոհել և հետ վերցնել կարևոր նշանակություն ունեցող դիրքերից մեկը։ «Իմացել են, որ թուրքի հատուկջոկատայինների հետ պետք է կռվեն, եղբայրս միացել ա 39 հոգանոց խմբին ու էնտեղ էլ մահացել»,- կսկիծով ասում է քույրը։

Հոկտեմբերի 9-ին ընտանիքը տեղեկացել է ողբերգական դեպքի մասին։

«Կապի չէինք կարողանում դուրս գալ, մեզ ասեցին՝ վիրավոր ա, հոսպիտալում ա, որ հանգստացնեն, բայց հետո իմացանք․․․»- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է քույրը ու նշում՝ այդ օրվանից կյանքն իմաստը կորցրել է։

«Ապրելու իմաստը բացարձակապես կորել է մեզ համար, Էրիկը մեր տան ուրախությունն էր, հենարանը, վահանը։ Մենք շատ կապված էինք իրար հետ ու շատ սիրում էինք իրար»։

Քույրն ասում է՝ Էրիկը բնավորությամբ բարի էր, կենսուրախ, կատակասեր։

«Ինձ ու քույրիկիս հաճախ կատակով ասում էր՝ հետս քայլեք, որ փայլեք»,- հիշում է եղբոր խոսքը ու արցունքների միջից ժպտում Անին։

«Ընկերների շրջապատում էլ կազմակերպիչ էր, իր շուրջը հավաքող»։

Քրոջ խոսքով՝ Էրիկի տարերքը դեռ փոքր հասակից մեքենաներն էին, սիրում էր նաև ռազմական գործը։ Որոշել էր բանակից գալ և այդ ժամանակ ընտրել, թե որ ուղղությամբ շարունակի՝ մեքենաշինության, թե ռազմական։

Քույրն ասում է՝ շարունակ եղբոր հետ է զրուցում, ամեն վայրկյան եղբորը պատմում իր առօրյան:

«Ամեն քայլ, գործ անելուց առաջ խոսում եմ, պատմում՝ գիտե՞ս՝ էսօր էս եմ արել, էս եմ ուզում անեմ, բալիկներիս հետ կապված եմ պատմում, որովհետև իմ բալիկների հետ էլ շատ կապված էր, հոր նման սիրում էր։ 

Էրիկն ինձնից 10 տարի փոքր էր, իրեն մոր նման եմ վերաբերվել, շատ կապված էինք, միշտ իրար հետ ենք եղել ամեն քայլ անելիս»,- հուզվում է քույրը։

Անին ասում է՝ հաղթահարել ցավը և համակերպվել, որ եղբայրը չկա, չի կարողանում։ Կարոտը խեղդում է, դատարկությունը որևէ կերպ չի լցվում։

«Ես երկու բալիկ ունեմ, բայց մինչև հիմա չեմ կարողանում էդ ուժը գտնել իմ մեջ, որ ես պիտի ապրեմ, առաջ նայեմ, չի ստացվում»,- ասում է ու հուզվում քույրը։

Էրիկ Եղիազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am