«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պարզ լուծում չուներ այն ժամանակ և չունի հիմա»․ Միխայիլ Գորբաչով

Factor.am – ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հոդված է հրապարակել «Հասկանալ վերակառուցումը, պահպանել նոր մտածողությունը» վերտառությամբ, որը հրապարակել է Globalaffairs.ru-ն։

Գորբաչովը գրում է, որ ավելի քան 3.5 տասնամյակ է անցել Խորհրդային Միությունում փոփոխությունների մեկնարկից, որը ստացավ վերակառուցում՝ «պերեստրոյկա» անվանումը։ Սակայն վեճերն այն մասին, թե ինչ էր այն նշանակում, ինչ բերեց երկրին ու աշխարհին, չեն դադարում։ «Եվ ես անընդհատ այդ մասին մտածում եմ, փնտրում հարցերի պատասխանները, որոնք ինձ տալիս են գիտնականները, լրագրողները Ռուսաստանից ու այլ երկրներից նամակների հեղինակները»,- գրում է Գորբաչովը՝ նշելով, որ «պերեստրոյկայի» փորձն ու դասերն արդիական են նաև այսօր, և ոչ միայն Ռուսաստանի համար։

Հոդվածում նա անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղին։ Գորբաչովը նշում է, որ «խորհրդային ժողովուրդների մերձեցման «ֆասադի» հետևում թաքնված էին սուր խնդիրներ, որոնց լուծումը ոչ ոք չէր փնտրում։ Ըստ նրա՝ Ստալինը ցանկացած ազգայնական հարց դիտարկում էր որպես հակասովետական և ճնշում դրանք՝ ժամանակ չծախսելով։ «Անխուսափելի էր, որ ժողովրդավարացման ու մեծ ազատությունների պայմաններում այդ ամենը ջրի երես դուրս կգա։ Պետք է խոստովանել, որ մենք ի սկզբանե չգնահատեցինք խնդրի մասշտաբներն ու սրությունը, բայց երբ այն առաջացավ, չկարողացանք գործել նախկին ճնշման ու արգելքի մեթոդներով»,- գրում է ԽՍՀՄ առաջին նախագահը՝ նշելով, որ ելնում էին այն հանգամանքից, որ պետք է գնալ այլ ճանապարհով, փնտրել մտածված ու հավասարակշռված մոտեցումներ։

«Երբ 1988 թվականին սրացավ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, դրանից էին ելնում։ Հակամարտության արմատները հին են, պարզ լուծում չուներ այն ժամանակ և չունի հիմա, չնայած ինձ փորձում էին համոզել, որ խնդրի լուծմանը կարելի է հասնել սահմանների վերագծման միջոցով։ Երկրի ղեկավարության մեջ միասնական կարծիք կար՝ դա անթույլատրելի է։ Ես գտնում էի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ համաձայնությունը հայերի և ադրբեջանցիների գործն է, իսկ միութենական կենտրոնի դերն էր՝ օգնել նրանց կարգավորել իրավիճակը, մասնավորապես, տնտեսական հարցերի լուծումը։ Համոզված եմ, որ դա ճիշտ գիծ էր»,- գրում է Գորբաչովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։