Արցախում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր

ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտնում է հողօգտագործողներին, որ Լեռնային Ղարաբաղում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր, ինչը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ։

«Մասնավորապես` ԱՀ ԳԳԱ հիմնադրամի կողմից ցորենը կընդունվի մեկ կիլոգրամը 250 դրամ արժեքով, ինչպես նաև ցորեն հանձնած հողօգտագործողներին հնարավորություն կտրվի ձեռք բերել հանձնած ցորենի 20 տոկոսի չափով ալյուր` մեկ պարկը 13000 դրամ արժողությամբ։

Նշենք նաև, որ հանձնված ցորենի արժեքից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների հաշվանցում չի կատարվի։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսուհետ հանրապետությունում գործող ալրաղացներում`պայմանավորված ստեղծված իրավիճակով, կկիրառվեն սահմանափակումներ. ամենայն հավանականությամբ մշակման չի ենթարկվի ֆիզիկական անձանց պատկանող ցորենը։ Դա կախված է նրանից, թե որքանով հողօգտագործողները ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին և որքան ցորեն հնարավոր կլինի մթերել։

Իհարկե, այս մոտեցումը հնարավոր է նաև դժգոհությունների տեղիք տա, սակայն առաջացած խնդիրը լուծելու այլ ելք չի մնում`քան պետական մակարդակով վերահսկել ալրաղացների աշխատանքը։

Հարգելի հողօգտագործողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ` պահեստավորած ցորենը վաճառել հիմնադրամին, որպեսզի միասին կարողանանք օր առաջ հաղթահարել առաջացած ճգնաժամը։ Պայքարը միայն պատերազմը չէ, սա էլ պայքար է, որտեղից հաղթանակած կարող ենք դուրս գալ միայն բոլորիս միասնականության շնորհիվ»,- նշված է հաղորդագրության մեջ։