Վանաձորում ավագանու նիստ են փորձում գումարել, ինչն անթույլատրելի և անօրինական է․ ԼՀԿ-ի հայտարարությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ դատարանում քննվող վարչական գործի շրջանակներում դատարանի կողմից արգելվել է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրելու նպատակով ավագանու նիստ գումարել։

«Տեղեկացնում ենք, որ դատարանում քննվող վարչական գործի շրջանակներում դատարանի կողմից 24.12.2021թ. կիրառվել է հայցի ապահովման միջոց, որով մասնավորապես արգելվել է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը` մինչ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը։ Մինչդեռ, Վանաձորի համայնքապետարանում, չսպասելով ընտրական վեճի արդյունքներին, ավագանու նիստ են փորձում գումարել, ինչն անթույլատրելի և անօրինական է` ըստ վերը նշված որոշման»,- ասված է հայտարարությունում։