ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակել է ի պատասխան Ադրբեջանի 5 առաջարկությունների Հայաստանի կողմից ներկայացված վեց կետերը:
Մասնավորապես, նա նշել է, որ հայկական կողմն իր պատասխան նամակում ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանից տարածքային պահանջ չունի: Մյուս կետով հայկական կողմը նշել է, որ Հայաստանի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատություների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման հարցերը:
Ներկայացնելով հաջորդ կետը, Մարուքյանը նշել է. «Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները, որի մեջ շեշտվում է գերիների վերադարձը, կոմունիկացիաների բացումը: Այսինքն՝ այս մասով մենք շարունակում ենք առաջ տանել մեր ստանձնած պարտավորությունները»:
Հայկական կողմը, ըստ Մարուքյանի, իր պատասխան առաջարկություններով պատրաստակամություն է հայտնել սկսել խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա:
Մանրամասները՝ տեսանյութում