Արցախում հրաժարվում են վագոն-տնակներից, տրամադրված են կառուցել տներ՝ կահավորված գույքով, նախագծում են հիմնել նոր բնակավայր

44-օրյա պատերազմից հետո Արցախում այս օրերին իշխանությունները ակտիվորեն գույքագրում են մայրաքաղաք Ստեփանակերտին ու հարակից շրջաններին հասցված վնասները, կազմում ցանկը, դիմավորում ու ընդունում օգնության ձեռք մեկնող տարբեր կազմակերպությունների առաջարկությունները։

Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը «Մեդիալաբին» ասում է՝ ճիշտ է, վերջնական չափը դեռ չի հստակեցվել, բայց պատերազմը մի քանի միլիարդ դոլարի վնաս է տվել երկրին։

Այս պահին գույքագրված տվյալներով՝ շուրջ 2100 գույք է վնասվել, որից շուրջ 250-ը վերականգնման ենթակա չեն և պետք է նորից կառուցվեն։ Արցախում պատերազմից ամենատուժած բնակավայրը Մարտունին է՝ իր գյուղերով, այնուհետև՝ Ստեփանակերտը, Ասկերանը՝ իր գյուղերով։

«Այժմ առաջին հերթին Ստեփանակերտում ու շրջկենտրոնների մյուս բնակավայրերում անում ենք առաջնային աշխատանքները ձմռանն ընդառաջ, այսինքն՝ տանիքները, պատուհաններն ենք նորոգում։ Շատ կարճ ժամկետում այդ աշխատանքները ավարտին կհասցվեն»,- ասում է քաղաքաշինության նախարարը։

Պաշտոնյայի խոսքով՝ բնակիչներն ունենալու են միանգամայն նոր բնակարան՝ իրենց գույքով, որը վնասվել է հրթիռակոծության հետևանքով։

«Ինչ գույք բնակիչն ունեցել է, մենք մի բան էլ ավելի իրեն տալու ենք։ Բնակիչը իր տան կահավորման խնդիր չի ունենալու։ Հիմա մեծ քանակի գույք է պատվիրվել՝ սկսած մահճակալներից, հեռուստացույց, սառնարան, տաքացուցիչներ։ Ամեն ինչ ընթացքի մեջ է»,-վստահեցնում է արցախցի պաշտոնյան։

Բազմապիսի օժանդակություն են այս օրերին ստանում Արցախում, Արամ Սարգսյանի խոսքով՝ Արցախին օգնում են Հայաստանի կառավարությունը, Ռուսաստանը և բարեգործական տարբեր կազմակերպություններ։ 

«Շատ կազմակերպություններ զանգում են, հետաքրքրվում՝ ինչի կարիք կա, որ իրենք էլ աջակցեն։ Օրինակ՝ ԱՄՆ-ից մարդիկ էին եկել ու առաջարկում էին մեկ միլիոն դոլարի տուն կառուցել։ Բայց կուզեի ընդգծել, որ ինչքան էլ տարբեր հաստատություններ օգնեն, առաջին տեղում Հայաստանի տրամադրած միջոցներն են ու մեր կառավարության հատկացումները»,- նշում է Արամ Սարգսյանը։

25 տարվա ընթացքում՝ 5000-ից ավելի բնակարան

Արցախի իշխանությունների համար սկզբունքային է հրաժարվել վագոն-տնակներից։ «Օրերս մի հանդիպման ժամանակ առաջարկեցին դոմիկներ բերել, ժամանակավոր ապահովել կացարաններով, բայց մենք հրաժարվեցինք։ Առանց փողի էլ տան, չենք ուզում, որովհետև հետո ստիպված ենք լինելու դրա հետևանքները վերացնել»,- նշում է նախարարը։ 

Փոխարենը նրանք տրամադրված են կառուցել ու վերակառուցել տներ։ Առաջիկա երկու և կես տարիների ընթացքում Արցախի իշխանությունները մտադիր են 5000-ից ավելի բնակարան կառուցել՝ ապահովելու պատերազմի հետևանքով Հադրութից, Շուշիից տեղահանված ու անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրները։ Մինչ այդ, նրանք, ըստ նախարարի, կապրեն ժամանակավոր կացարաններում՝ Հայաստանում և Արցախում, կառավարությունն էլ կհատկացնի ֆինանսական միջոցներ։ Սպասվում են նաև այլ աջակցություններ։

Բացի այդ, Արցախի իշխանությունները Իվանյան-Նորագյուղ հատվածում (100 հա) մտադիր են նոր բնակավայր հիմնել և արդեն պատվիրել են նախագծի մշակումը։ Նախատեսվում է մոտ 2000 տուն և բնակելի շենք կառուցել։ 

«Առայժմ միայն այդ տարածքն ենք ուսումնասիրել բնակելի դարձնելու համար։ Ավերածությունների խնդիրը մի քիչ լուծելուց հետո արդեն նոր ուսումնասիրություններ կանենք։ Մի բան կարող եմ հստակ ասել՝ տարածք կա, և հնարավոր է անօթևան մնացած բոլոր բնակիչներին ապահովել բնակարաններով։ Ես լավատես եմ և կարծում եմ՝ մեր բնակիչները բոլորը կվերադառնան»,- ներկայացնում է Արամ Սարգսյանը։

Հասմիկ Համբարձումյան

Ստեփանակերտ

MediaLab.am