«Տղերքն ավելի բարձրում մնացին, պարգևատրում` հետմահու»․ Սևանի քաղաքապետարան

Տղերքն ավելի բարձրում մնացին

Պարգևատրում` հետմահու

2020թ.-ի 44-օրյա պատերազմի բաց վերքերն ամեն օր զգացնել են տալիս, պատերազմի հասցրած ցավն ու անամոք վիշտը կախված են օդի մեջ, կուտակված` հոգիներում:

Պատերազմը խլել է մեր լավագույն տղաներին, որոնք այլևս հավերժինն են: Տարբեր էին հայրենիքի պաշտպան սևանցի տղաների ճակատագրերը, զինվորական կոչումները, տարբեր էին երազանքներն ու նպատակները. մեկն ուսանող էր` խոստումնալից ապագայով, մյուսն իր բազկի ուժով ու մարզական հաղթանակներով պետք է հպարտության պահեր պարգևեր, մեկը դեռ նոր պիտի դառնար ուսանող, մյուսը ընտանիքի սիրագորով հայր էր…

Տարբեր էին նրանք, որոնց միավորել էր հայրենի հողի ու տան պատիվը, անվտանգությունն ու խաղաղությունը պահելու մեծագույն պարտքը:

Այդ պարտքի խորը գիտակցմամբ նրանք չլքեցին իրենց վստահված դիրքերը, չերկընչեցին ու չթաքնվեցին կռվեցին մինչև վերջին շունչը` հավերժ մնալով հայրենիքի զինվոր: Լուսավոր ու պայծառ տղաներն անտեսանելի թելերով կապել են երկինքն ու երկիրը և մեզ` ապրողներիս, թողել մեծագույն պարտք` արժանի լինել նրանց:

Տարբեր էր անմահության ճանապարհը բռնած մեր տղաների կյանքի ուղին, սակայն պատերազմից ամիսներ անց նրանց միավորեց հետմահու պարգևը` «Մարտական ծառայություն» մեդալը, որ պիտի այսուհետ տեղ գտնի մեր քաջերի մասին պատմող անկյուններում` նրանց լուսանկարների ու իրերի կողքին` լրացնելով կարճ, սակայն իմաստալիս կենսագրության մի էջը, պատմելով նրանց անձնազոհության մասին:

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահների հրամանագրերով Լևոն Կարենի Լևոնյանը, Գորիս Մխիթարի Վարագյանը, Արթուր Հայկի Կիրակոսյանը, Արթուր Դավթի Պողոսյանը, Նվեր Մերուժանի Հովսեփյանը, Սարգիս Արայիկի Գևորգյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով:

Սևանցի հերոսացած տղաների լուսավոր հայացքների ներքո Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի համայնքապետարանի Զորակոչային Եվ Զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային տտորաբաժանման և Սևանի բաժանմունքի, պատասխանատուներն ու ներկայացուցիչները` Սևանի տարածաշրջանի հոգևոր հովվի մասնակցությամբ, հանձնեցին պարգևները:

Մեր տղաների սխրանքների, նրանց անձնազոհության մասին դեռ պիտի գրվի, նրանց անուններով պետք է անվանակոչվեն դպրոց ու փողոց, պուրակ ու հրապարակ, նրանք պետք է ամեն օր լինեն մեր կողքին, քայլեն մեզ հետ` փոխանցելով հայրենապաշտության իրենց դասերը:

Փառք մեր անմահներին, որ այլևս զինվորագրվել են Աստծո բանակին ու այսուհետ էլ երկնքից են հսկելու մեր սահմանները` դարձած խաղաղության պահապաններ:

Սևանի քաղաքապետարան