«Սկզբից էլ պարզ էր, որ համաներման ակտը կոնկրետ Սասնա Ծռերի դեպքում կրում էր ձևական բնույթ»․ «Սասնա Ծռեր»

«Սկզբից էլ պարզ էր, որ համաներման ակտը կոնկրետ Սասնա Ծռերի դեպքում կրում էր ձևական բնույթ»․ «Սասնա Ծռեր»
«Սկզբից էլ պարզ էր, որ համաներման ակտը կոնկրետ Սասնա Ծռերի դեպքում կրում էր ձևական բնույթ»․ «Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության մամուլի ծառայության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Նոր Հայաստանում Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արտակ Զեյնալյանի վերջին օրերի հայտարարությունները թավշյա հեղափոխություն իրականացրած ՀՀ քաղաքացուն պարզապես չէին կարող չհիշեցնել Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակները, երբ մարդկանց իրավունքները ստորադասվում էին նեղ խմբակային շահերին, երբ գերիշխում էր բացարձակ, իսկ որոշ դեպքերում էլ միտումնավոր անտարբերությունը մարդու կյանքի նկատմամբ: Բայց Արտակ Զեյնալյանն ուղղակի գերազանցեց իր նախորդներին, երբ կալանավայրում հացադուլի արդյունքում Մհեր Եղիազարյանի մահվան փաստին անդրադառնալով` հայտարարեց. «Ով գնում է հացադուլի, պետք է իմանա, որ դա կարող է ավարտվել վախճանով»:

Զեյնալյանի այս անտարբեր վերաբերմունքը թերևս հետևանքն է այն բանի, որ վերջինս իր ղեկավարած կառույցի հետ միասին մեղմ ասած մարսեց հացադուլավոր կալանավորի մահը: Հետհեղափոխական էյֆորիայի տակ դեռևս կքած հասարակությանը կարելի է ասել չհետաքրքրեց կատարվածը, ուստի թավշյա հանդուրժողականությունը Զեյնալյանին հնարավորություն ընձեռեց անել հայտարարություններ, որոնք պարզապես զուրկ են որեվէ տրամաբանությունից:

Այս ամենը գալիս է ապացուցելու, որ նախորդ ռեժիմից ժառանգված համակարգը վերափոխելու հույսեր և ակնկալիքներ գոնե մոտ ապագայում չեն կարող լինել, հատկապես, որ նույն այդ համակարգի և նրա ղեկավարի համար կամաց-կամաց լուրջ պրոբլեմ է դառնում Զեյնալյանի ձեռամբ մշակված համաներման այն ակտը, որը հետհեղափոխական Հայաստանի համար նոր իշխանությունները մեծ նվեր էին համարել:

Օրերս հասարակության լայն շերտերի մոտ զայրույթ և վրդովմունք առաջացրեց Զեյնալյանի այն հայտարարությունը, թե համաներումը Սասնա Ծռերի առանցքային անդամների վրա չի տարածվելու, քանի որ տուժողների կողմից առարկություն կա:

Արդյո՞ք սա նշանակում է, որ ապստամբները կրկին կկալանավորվեն, արդյո՞ք նոր իշխանությունները պատրաստվում են բանտարկել երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար ոտքի ելած Սասնա Ծռերին: Սրանք են այս օրերին համացանցում ամենաքննարկվող հարցերը:

Մինչդեռ սկզբից էլ պարզ էր, որ համաներման ակտը կոնկրետ Սասնա Ծռերի դեպքում կրում էր ձևական բնույթ, քանի որ եթե համաներումը մյուս դեպքերում կիրառվում էր համաչափ, ապա Սասնա Ծռերի պարագայում, կատարված լրամշակումների արդյունքում անհեթեթ ձևակերպումներ կատարվեցին օրենքում: Ըստ այդ լրամշակումների՝ ապստամբների նկատմամբ համաներում կիրառելու համար դատարանը պետք է հաշվի առներ նաև այսպես կոչված տուժողների դիրքորոշումը: Համաներման մյուս դրույթներով «տուժողների» կարծիքը հաշվի չէր առնվում, մինչդեռ միայն Սասնա Ծռերին վերաբերող դրույթով սահմանված է, որ միայն տուժողների չառարկելու դեպքում նրանց վրա կտարածվի համաներումը: Այս խտրական մոտեցմամբ հատուկ դիտավորությամբ ական էր լարվել, որն էլ գործի դրվեց: Մանավանդ որ որպես տուժողներ դատարանում ցուցմունք տվեցին և համաներմանը առարկեցին ոստիկանական համակարգի մի շարք ներկայացուցիչներ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ:

Ըստ էության Ծռերի գործով դատավարությանը համաներման հարցի քննարկումը վերածվեց քվեարկության, քանի որ տուժողները պետք է համաձայնություն տային, արդյոք համաներումը պետք է տարածվի ապստամբների վրա թե ոչ:

Փաստորեն Սասնա Ծռերի գործով համաներման հարցը վերապահվեց նրանց հայեցողությանը ում դեմ Ծռերը ապստամբել էին: Իսկ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ նախապես հայտնի ելքով հաշվեհարդար:

Սրանով արդյո՞ք չփոշիացավ թավշյա հեղափոխությունը, քանի որ հեղափոխությունների համաշխարհային պատմությունը այլ բան է հուշում. հեղափոխության պարագայում առաջինը բացվում են բանտերի դռները և ազատ են արձակվում քաղաքական բանտարկյալները:

Հայաստանում ոչ միայն չճանաչվեց ապստամբության իրավունքը, այլ Արդարադատության նախարարի թեթև ձեռքով փորձ է արվում ապստամբներին կրկին ցույց տալ բանտերի ճանապարհը:

Այստեղ առաջանում է գլխավոր հարցը. ընտրություններից հետո նախարարի պաշտոնը պահպանած Արտակ Զեյնալյանն այս հարցում միանձնյա՞ է գործում, թե՞ սա գործող իշխանությունների որդեգրած դիրքորոշումն է:

Նշենք, որ Զեյնալյանի գոնե վերջին շրջանի գործնեությունը հուշում է հետևյալը. այս պաշտոնյան որդեգրել է ինքնատիպ մարտավարություն, նա գործում է խաղի սեփական կանոններով: Օրինակ, 2018-ի ապրիլին, երբ իր գործընկեր պատգամավորները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկրում իշխանափոխություն իրականացնելու նպատակով քաղաքացիական անհնազանդության ակցիաներ էին իրականացնում, Արտակ Զեյնալյանը որեվէ կոնկրետ դիրքորոշմամբ հանդես չեկավ, և միայն երբ հասկացավ, որ համաժողովրդական շարժումը հաղթանակի փուլում է, որպես իրավապաշտպան շտապեց ոստիկանական բաժանմունքներ, իբրև օգնություն ցուցաբերելու բերման ենթարկված ակտիվիստներին, իսկ երբ Փաշինյանը վարչապետ դարձավ վերջինս արդարադատության նախարար նշանակվեց:

Մասնակցելով երկու ընտրությունների՝ առաջինի դեպքում որպես քաղաքապետի թեկնածու, իսկ երկրորդում պատգամավորի, նա երբևէ փորձ չարեց քննադատական խոսք հնչեցնել իշխող քաղաքական ուժի և նրա թեկնածուների հասցեին: Փոխարենը նախընտրեց առաջ տանել վերջիններիս հաճո լինելու սեփական թեզը` հետագայում նախարարի պաշտոնը պահպանելու նպատակադրումով»: