Մայա-հայկական ընտանիքը և Ռուբինան, որ երազում է Հայաստանի և ձյան մասին. «Բելիզում միակ ընկերուհիս սկեսուրս է»

Ծնունդով Հոկտեմբերյան քաղաքից Ռուբինա Բաղդասարյանը չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր կհայտնվեր մայաների ընտանիքում, կունենար մայա ամուսին և կապրեր Կարիբյան ծովի ափին՝ Հայաստանից հարյուրավոր մղոններ հեռու։ Այսօր Ռուբինան կառուցում է իր երջանկությունը հեռավոր Բելիզում և ամուսնու՝ Ֆիլիպ Էդվարդ Չունի հետ մեծացնում դստերը՝ Ալարային, որ մայա-հայկական առաջին ընտանիքի զավակն է։

«Հայաստանում մայաների մասին շատ միֆեր են տարածված, օրինակ՝ այն, որ նրանք փետուրներով և բանանի տերևներով հեթանոս հնդկացիներ են, որ իրենց օրացույցով կանխագուշակում են աշխարհի վերջը։

Երբ մայաներին պատմեցի այդ ամենը, շատ էին զարմացել, ասում էին, որ իրենք մայա են, ոչ թե հնդկացի, դավանում են քրիստոնեություն, կարդում Աստվածաշունչ և հավատում Սուրբ հոգուն, իսկ աշխարհի վերջը կանխագուշակող օրացույցի մասին էլ առաջին անգամ են լսում, նման բան չկա»,- «Մեդիալաբին» պատմում է 27-ամյա Ռուբինան, որ ամուսնությունից հետո վերցրել է Չուն ազգանունը։ 

Ռուբինան Բելիզ է տեղափոխվել այն ժամանակ, երբ դեռ 14 տարեկան էր, սակայն ասում է՝ դեռ մանուկ հասակից բազմաթիվ դժվարություններ է կրել մինչև որոշակի կայունության հասնելը կյանքում, քանի որ ծնողները բաժանված էին, մշտական բնակության վայր չուներ: 

«Ես մեծացել եմ առանց հոր, իսկ մայրս երկրից երկիր էր տեղափոխվում, ինչի պատճառով ես հիմնականում տատիս հետ էի ապրում։ Ինչ-որ պահի մորս առաջարկեցին տեղափոխվել Բելիզ և այնտեղ որևէ բիզնես սկսել, մայրս էլ համաձայնեց, գնաց և այնտեղ փոքրիկ մթերքի խանութ բացեց, որտեղ պատրաստում էր նաև հայկական ուտեստներ։ Այդպես սկսվեց մեր ծանոթությունը երկրին։

Այդ ընթացքում ես տատիս հետ Հոկտեմբերյանում էի բնակվում, բայց անընդհատ ստիպված էի լինում մի բարեկամի տնից մյուսը տեղափոխվել։ Այդ տարիքում երազում էի իմ անկյունը, իմ առանձին ննջարանն ունենալու մասին»,- ասում է Ռուբինան և հավելում՝ Հայաստանում 6 դպրոց է փոխել՝ հայտնվելով նույնիսկ Վանաձորի դպրոցներից մեկում։

«Երբ ավագ դպրոցն ավարտեցի, մայրս խնդրեց, որ տեղափոխվեմ իր մոտ՝ Բելիզ, և սկսեմ իրեն օգնել խանութի հարցերում։ Ես 14 տարեկանում տեղափոխվեցի Բելիզ, որտեղ սկսեցի ապրել և աշխատել մորս հետ։

Տեղափոխությանս հենց առաջին պահից մշակութային շոկ ապրեցի։ Դա լրիվ ուրիշ միջավայր էր, Հայաստանի հետ անհամատեղելի, շատ ազատ բարքերով։ Դեռ այդ տարիքում ինձ այնպիսի առաջարկություններ էին անում, որ լաց էի լինում»,- հիշում է նա։

Ապագա ամուսնուն Ռուբինան հանդիպել է Բելիզ տեղափոխվելուց 4 տարի անց՝ 18 տարեկանում, երբ նա մի օր եկել էր իրենց խանութ՝ սննդամթերք գնելու: Հետո մեկ այցելությանը հաջորդել մյուսը, և այդպես շարունակ։

Ռուբինայի խոսքով՝ ինքն այդ ժամանակ գաղափար չուներ, որ հանդիպել է մայա ծագմամբ մեկին, և նույնիսկ չէր էլ ենթադրում, որ նրանք դեռ գոյություն ունեն:

«Ես մենակության ուժեղ զգացում ունեի։ Շատ տղաներ էին գալիս, առաջարկություն անում, բայց ես ոչ ոքի նկատմամբ որևէ բան չէի զգում։ Երբ առաջին անգամ Էդվարդին տեսա, մամայիս ասացի՝ վա՜յ, չինացի ոստիկան, մամաս ասեց՝ ինքը չինացի չի, մայա ա։ Էդպես առաջին անգամ հանդիպեցի Էդվարդին և իմացա մայաների մասին»,- ասում է Ռուբինան և հավելում՝ իրար հաջորդող մի քանի հանդիպումներից հետո ինքն էլ չզգաց, թե ինչպես սիրահարվեց։

«Ինքը շատ նման էր մեր հայ տղաներին ու տարբերվում էր մյուսներից իր խոսելաձևով, պահվածքով, լրջությամբ և հարգանքով իմ ու իմ ընտանիքի հանդեպ։ Չհասկացա, թե ոնց սիրահարվեցի, նույնն էլ՝ ինքը։ Հետո եկավ մի պահ, որ հասկացանք՝ առանց իրար էլ չենք կարողանում ապրել»։

Ռուբինայի խոսքով՝ հենց այս շրջանում էր, որ առաջին անգամ մշակութային բախում ունեցան, և ինքը ստիպված էր ընտանիք կազմելու նախաձեռնողականությունը իր ձեռքը վերցնել, քանի որ, ըստ մայաների, ամուսնությունը միության պարտադիր նախապայման չէր։

«Երբ հասկացանք, որ սիրում ենք իրար, ես առաջարկեցի ամուսնանալ, որովհետև այստեղ ամուսնությունն ընդունված չէ։ Մարդիկ 7-10 ապրում են իրար հետ, վերջում կամ ամուսնանում են, կամ ոչ։

Երբ Էդվարդին ասացի ամուսնության մասին, սկզբում վախեցավ, ասաց՝ ինքը շատ երիտասարդ է ամուսնանալու համար (այդ ժամանակ 21 տարեկան էր), հետո ես իրեն բացատրեցի, որ մեր մշակույթում ընդունված չէ առանց ամուսնության միասին ապրել, և եթե չամուսնանանք, ես ստիպված կլինեմ թողնել իրեն»,- ասում է Ռուբինան և նշում՝ կարճ ժամանակ անց իրենք ամուսնացան, թեև Էդվարդի ծնողներն իր մասին իմացան միայն ամուսնությունից հետո։

«Հիշում եմ՝ երբ Էդվարդն իր ծնողներին ասաց, որ իր կինը Հայաստանից է, նրանք շատ էին զարմացել, որովհետև մտածել էին, որ ես Բելիզի Արմենիա գյուղից եմ, որը ժամանակին ստեղծել էին հայ բարերարները։

Ավելի ուշ, երբ հասկացան, որ ես հենց Հայաստան երկրից եմ, վախեցան, որ իրենց միակ տղային կտանեմ ինձ հետ, իսկ երբ համոզվեցին, որ նման վտանգ չկա, հանգստացան։ Մեր առաջին հանդիպման ժամանակ Էդվարդի մայրը մազերս էր շոյում, աչքերիս էր նայում ու անընդհատ ասում էր՝ ինչքան սիրուն ես դու։ Այդ օրը նա ինձ մայաների ավանդական ոսկե ականջօղ նվիրեց»,- պատմում է Ռուբինան և նշում՝ իրենց միության համար ուրախացել էր հատկապես Էդվարդի հայրը։

«Սկեսրայրս ասում էր, որ երբ Էդվարդը ծնվել է, և ինքն առաջին անգամ գրկել է որդուն, Աստծուն աղոթել է, որ մոլորակի մյուս ծայրում իր համար մի աղջիկ պահի։ Ասում էր՝ ինքը գիտեր, որ իր որդին էստեղ չի ամուսնանալու, և որ նրա կողակիցն էլ հեռու երկրից է գալու»։

Ռուբինայի խոսքով՝ թեև ամուսնացել է և ընտանիք կազմել, այնուամենայնիվ, ամեն օր շարունակում է պայքարել ընտանիքն ամուր պահելու համար, քանի որ հասարակական ճնշումները երբեմն-երբեմն խաթարում են իր ստեղծած մթնոլորտը։

«Այստեղ ընդունված է, որ տղամարդը կարող է միաժամանակ 7-8 ընկերուհի ունենալ, և ամուսնուս ընկերներն ու ծանոթները նրան անընդհատ հորդորում են նույն կերպ վարվել։ Այդ պարագայում ինձ համար շատ դժվար է ընտանիքս պահել»,- ասում է Ռուբինան և հավելում՝ իրենց բոլոր վեճերի ժամանակ իր թիկունքին սկեսուրն է կանգնում: 

«Երևի սկեսրոջս հետ ավելի շատ եմ կապված, քան մորս հետ։ Նա շատ խելացի կին է, սիրում է բոլորին՝ մարդկանց ու աշխարհը։ Նրան այնքան եմ սիրում, որ երբ աղջիկս ծնվեց, աղջկաս անուններից մեկը (աղջիկս մայաների պես մի քանի անուն ունի՝ Ալարա Անժելա Բիանկա Չուն) Անժելա դրեցի՝ սկեսրոջս պատվին։ 

Բելիզում միակ ընկերուհիս սկեսուրս է, ամեն րոպե նրա հետ եմ խոսում, շփվում, իսկ երբ ինչ-որ խնդիր է լինում, ասում է՝ իրերդ հավաքիր, արի մեր տուն, մեզ մոտ ես մնալու այսօր»,- ասում է Ռուբինան ու նշում՝ իր մենակությունը հաղթահարելու և նոր հետաքրքրություն գտնելու նպատակով էլ մի օր ստեղծեց բելիզյան անցուդարձի մասին պատմող իր յութուբյան ալիքը, որ այսօր նաև եկամտի աղբյուր է դարձել՝ ամուսնու՝ ոստիկանի աշխատավարձից բացի։

Ռուբինայի խոսքով՝ ալիքը բացելուց և իր ընտանիքի մասին պատմելուց հետո իր համար շատ անսպասելի էր հայաստանյան հանրույթի արձագանքն իր ընտրությանը և կյանքին։ Ասում է՝ ատելության հոսքն այնքան մեծ էր, որ սկզբում ստիպված եղավ փակել ալիքը։

https://www.youtube.com/watch?v=QCT09QF4XSI

«Քանի որ Բելիզը և մայաները շատերին անծանոթ էին, որոշեցի յութուբյան ալիք բացել և հայերին ծանոթացնել մայաների, նրանց կենցաղի և իմ ընտանիքի հետ։ Սկզբնական շրջանում դրան վերաբերվում էի որպես հոբբիի, ոչ որպես գումար վաստակելու միջոցի, բայց հետո հասկացա, որ մարդկանց շատ հետաքրքրեց այդ ամենը, և որոշեցի ավելի լուրջ մոտենալ դրան։

Բլոգը վարելիս հայերեն խոսելու խնդիրներ էին առաջանում, և շատ մարդիկ ինձ մեղադրում էին, որ հայերեն չգիտեմ։ Շատերը գրում էին՝ ոնց կարող ես օտարերկրացու հետ ամուսնանալ, դու դավաճան ես, սրբապիղծ ես և այլն։ Մարդիկ նույնիսկ ինձ հայհոյանքներ էին ուղղում, և բանը հասավ նրան, որ ստիպված եղա պարզապես փակել ալիքս և վերաբացել միայն 5 ամիս անց, երբ ավելի հանդուրժող էի եկող ատելության հոսքի նկատմամբ»։

Ռուբինայի խոսքով՝ իր յութուբյան ալիքի միջոցով շատ հայեր ծանոթացան Բելիզին ու մայաներին, և նրանց թվում եղան նաև մարդիկ, որ նույնիսկ այցելեցին այնտեղ։

«Ալիքիս միջոցով մի քանի ընկերուհիներ եմ ձեռք բերել, որոնց, ճիշտ է, երբեք իրականում չեմ տեսել, բայց շատ եմ սիրում․․․»,- ժպտալով ասում է Ռուբինան, որ թեև այսօր կառուցել է իր երջանկությունը հեռավոր Բելիզում, այնուամենայնիվ, երազում է Հայաստանի փողոցներով քայլելու և կրկին ձյուն տեսնելու մասին։

«Էդվարդը չի պատկերացնում իր կյանքը Հայաստանում, բայց ուզում է, որ մեր աղջիկը լավ կրթություն ստանա, և համաձայն է, որ նա սովորի Հայաստանում, իսկ ես արդեն 10 տարի է՝ Հայաստանում չեմ եղել, ու երազներում եմ տեսնում, թե ոնց եմ քայլում Հայաստանի փողոցներով և շփվում մարդկանց հետ։ Երբ գամ Հայաստան, կկանգնեմ հրապարակում և կգոռամ՝ ես արդեն եկել եմ։

Գիտեք՝ ձյունն էլ եմ կարոտել, իսկ Բելիզում միշտ արև է։ Ճիշտ է, էստեղ կյանքս երջանիկ է, բայց Հայաստանում ավելի երջանիկ կլինի»,- ասում է Ռուբինան։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am