«Անընդհատ սպասում եմ, որ հեսա դուռը կբացի ու կգոռա՝ տատի՜կ»․ Վահանյաններն անվերջանալի վշտի մեջ՝ Լեռնիկի մասին հուշերով

Վահանյանների օրը սկսվում և ավարտվում է Լեռնիկի մասին հուշերով, զրույցներով ու պատմություններով։ Լեռնիկի տատը՝ 66-ամյա Ալվարդ Հովհաննիսյանը, հիշում է՝ թոռը հաճախ էր տան դուռը բացում, դեռ առաջ չեկած, դռան մոտից գոռում էր՝ տատի՜կ, տա՞նն ես։

«Հիմա էլ անընդհատ սպասում եմ, որ հեսա դուռը կբացի ու կգոռա՝ տատի՜կ»,- հուզմունքով պատմում է Ալվարդը։

2020 թ․ սեպտեմբերի 30-ից, երբ Լեռնիկից այլևս ոչ մի զանգ չի եղել, ընտանիքի անդամների կյանքը գլխիվայր փոխվել է։ Մի կողմից հույս կար, որ Լեռնիկը հնարավոր է ողջ, սակայն մյուս կողմից էլ՝ նրան ոչ մի տեղ չէին գտնում։ Հարազատներն ասում են՝ Լեռնիկին փնտրել են ամենուր, անգամ ռուսների միջնորդությամբ Ջրականի տարածք են մտել, սակայն չեն գտել։ 

Լեռնիկի զոհվելուց շուրջ մեկ տարի անց հարազատները զանգ են ստացել, որ ԴՆԹ հետազոտության համընկնում է եղել։ Ծնողները վստահ լինելու համար կրկնակի հետազոտության են ուղարկել նաև Ռուսաստան, որից հետո 2021-ի նոյեմբերի 14-ին հուղարկավորել են Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում։

Լեռնիկ Վահանյանի տատը հուզմունքով ասում է՝ չնայած ԴՆԹ-ն հաստատվել է, արդեն հուղարկավորել են, սակայն դժվար է համակերպվել ու հավատալ։ Շատ ծանր է տանում Լեռնիկի մայրը, որը ոչ մի կերպ չի ընդունում, որ տղան ողջ չէ․ «Հարսս ընդհանրապես ոչ գերեզմանոց ա գնում, ոչ էլ հավատում ա, որ չկա, ասում ա՝ մի՛ ասեք, որ պիտի հավատանք, իմ էրեխեն կա, սպասում եմ։ Շատ դժվար ա, իսկապես»,- ցավով ասում է Ալվարդը։

Լեռնիկ Վահանյանը հետմահու պարգևատրվել է Արիության համար մեդալով։ Լեռնիկի մարտական ընկերները պատերազմից հետո ընտանիքի անդամներին պատմել են նրա կատարած սխրանքների մասին։

Լեռնիկը, ունենալով բժշկական կրթություն (սովորել է Կոտայքի պետական քոլեջի (Հրազդան) ատամնատեխնիկական բաժնում) պատերազմի դաշտում առաջին օգնություն է ցույց տվել վիրավոր ընկերներին։

«Ընկերները ասում են՝ շատ ուժեղ էր կռվում Լեռնիկը, բացի այն, որ թշնամու գրաված դիրքը հետ են բերել, Լեռնիկը նաև շատ օգնել ա վիրավորներին, ինքը իրա վրայի շորերը հանել պատռել ա, տղերքի վերքերն ա կապել։ Սեպտեմբերի 29-ին ինքը թևից թեթև վիրավորվել ա, չի լքել մարտի դաշտը, ասել ա՝ ծանր վիրավորներին տեղափոխեք, իմ մի թևն աշխատում ա, ես կմնամ։ Ինքն օգնել ա, շտապօգնություններով ուղարկել ա վիրավոր տղերքին, ինքը դուրս չի եկել»։

Սեպտեմբերի 30-ին Լեռնիկի ընկերներից մեկը վիրավորվել է, այդ ժամանակ նահանջի հրաման է եղել, բոլորը նահանջել են, սակայն Լեռնիկը գնացել է ընկերոջը օգնության:

«Լեռնիկը գոռացել ա՝ եկեք օգնեք, ինքը գնացել ա էդ ընկերոջ մոտ, որ օգնի։ Տղաներն ասում են՝ հետո չիմացանք՝ ինչ եղավ։ Ոչ մեկը չգիտի՝ կոնկրետ ինչից ա զոհվել, ամեն ձևի զենք օգտագործվել ա՝ էլ ինքնաթիռներ, էլ ԱԹՍ։ 

Լեռնիկս վախ չուներ, անվախ երեխա էր, տենց էլ գնաց»,- ասում է ու հուզվում տատը։

Ալվարդն ասում է՝ լավ ապագա էին պատկերացնում Լեռնիկի համար, լավ էր սովորում, ուզում էր բժիշկ դառնալ, քոլեջն արդեն ավարտել էր, սակայն Լեռնիկի բոլոր նպատակները մնացին անկատար։

Բացի լավ սովորելուց նաև շատ ուշադիր ու հոգատար էր Լեռնիկը՝ ասում է տատը․ «Մի գործ էինք անում, կգար՝ տատ ջան, պապ ջան, մենակ չանեք։ Անակնկալ էր սիրում անել, չեմ մոռանում՝ բանակի ժամանակ իրա մայրիկի ծննդյան օրը ընկերները գիշերը դուռը ծեծեցին, տորթով, ծաղիկներով եկան շնորհավորեցին իրա անունից»։

Լեռնիկի զոհվելուց հետո Ալվարդն ասում է իրենց ընտանիքի կյանքը 180 աստիճանով փոխվել է։ «Մեր կյանքը շատ դաժան ա փոխվել, էլ ի՞նչ կյանք, էդքան տենալուց հետո էլ կյա՞նք ա մնացել»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am