««Քաղաքացիական պայմանագրի» հետ չենք հանդիպել՝ քննարկելիք նյութի բացակայության պատճառով»․ Արցախի ԱԺ պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը

Պարո՛ն Բալայան, այսօր Արցախի Հանրապետության հռչակման 30ամյակն է: Ո՞րն է այսօրվա խորհուրդը: Հատկապես այս տարի ինչպե՞ս եք նշում այս օրը:

– Արցախյան վերջին պատերազմի ժամանակ բավականին ծանր կորուստներ ունեցանք բոլոր առումներով, բայց այն չի խունացնում, արժեզրկում սեպտեմբերի 2-ի խորհուրդը, որովհետև այդ օրը շատ կարևոր դերակատարություն ունեցավ մեր ժողովրդի հետագա կենսագործունեության, մրցունակ լինելու առումով: Ընդհանուր առմամբ, մեր պատմության մեջ այդպիսի հանգուցակետեր ունեցել ենք, որոնց վրա հենվելով՝ կարողացել ենք ամրապնդել դարերի ընթացքում ձեռք բերածը և նոր իմաստ հաղորդել այդ ամենին:

Կարծում եմ՝ այսօրվա օրինակը հնարավորություն կտա ժողովրդին նորից վերագտնել իրեն ու փորձել առաջ շարժվել, ընդհանուր առմամբ, լուծել այն խնդիրները, որոնք առաջիկայում սպասում են Արցախի Հանրապետությանը, մասնավորապես՝ անվտանգային համակարգի ամրապնդումը, բռնազավթված տարածքների վերադարձը և այլն:

Իսկ այդ տարաբնույթ խնդիրները լուծելու պոտենցիալ ունի՞ այսօր Արցախը:

– Ներուժի տեսանկյունից՝ իհարկե այդքան ռեսուրսներ Արցախը չունի դիմակայելու այն մարտահրավերներին, որ կան: Բայց Արցախին, արցախահայությանը բնորոշ է այն, որ անհրաժեշտությունը հնարավոր է դարձնում ամեն բան: Իհարկե, այդ գործում անչափ կարևոր է հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության աջակցությունը, հուսանք, որ Հայաստանում այսօր ստեղծված ճգնաժամային իրավիճակը կվերանա, և Հայաստանը կփորձի կրկին դառնալ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը:

Ճիշտ է, այս պահին այդ հնարավորությունները տեսանելի չեն, բայց հուսանք, որ ժողովուրդը կվերագտնի իրեն և առաջ կշարժվի:

 – Պարո՛ն Բալայան, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներն Արցախում են, հանդիպումներ եք ունեցել նրանց հետ: Այդ հանդիպում-քննարկումներից ի՞նչ տպավորություն ստացաք, ի՞նչ ակնկալիքներ ունեք:

– Որպես հայկական երկրորդ հանրապետության քաղաքացիներ՝ շատ կցանկանայինք, որ ՀՀ խորհրդարանը լիարյուն գործի, այսինքն՝ չշարունակի մեղավորներ փնտրել, նկատի ունեմ՝ նախկին իշխանություն, սևեր-սպիտակներ, պետք է այս ամենից հեռանալ ու փորձել բնականոն գործընթաց ապահովել: Բնականաբար, դա իշխանությունը պետք է անի, որպեսզի հայությունը կրկին մեկտեղվի, որովհետև մենք մեր հաղթանակները հենց 90-ականներին կերտել ենք միասնականության շնորհիվ:

  Հայաստանյան նորընտիր խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումից այդ ամենին ուղղված ազդակներ տեսա՞ք, պատրաստակա՞մ էին արդյոք նրանք այդ հարցում:

– Անկեղծ ասած, այդ ամենը դեռ տեսանելի չէ, բայց կա նմանատիպ հանրային պահանջ՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու մասով, նկատի ունեմ բանակի ներուժի վերականգնման, հասարակության միասնականության ապահովման, արտաքին պատշաճ քաղաքականություն վարելու համար:

Իսկ բուն քննարկումն արդյունավետ համարո՞ւմ եք, ի՞նչ պարզ դարձավ այդ քննարկումից:

– Մենք երեք ընդդիմադիր խմբակցությունով հանդիպում կազմակերպեցինք Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցության անդամների հետ: Նախանշեցինք, որ պետք է փորձենք համատեղ ճակատով աշխատել այդ մարտահրավերներին դիմագրավելու համար:

Հայաստանի իշխող խմբակցության ներկայացուցիչների հետ չե՞ք հանդիպել, պարո՛ն Բալայան:

– Կոնկրետ մենք՝ ընդդիմադիր խմբակցությունները, չենք հանդիպել, իշխող խմբակցությունից տեղյակ չեմ:

Պատճառը ո՞րն էր, պարո՛ն Բալայան:

– Երևի քննարկելիք նյութի բացակայությունը:

Արցախի ու Հայաստանի առջև ծառացած խնդիրները ու դրանք լուծելու տարբերակներ գտնելը քննարկման նյութ չէի՞ն, այն էլ այն պարագայում, երբ, ըստ էության, վճռորոշ դերն այդ ամենում իշխանությանն է:

– Նյութ էին, բայց, կարծում եմ, այդ մթնոլորտը չկար, որպեսզի նման քննարկումներ ծավալվեին:

«Քաղաքացիական պայմանագրի» կողմի՞ց չկա այդ մթնոլորտը:

– Ընդհանուր, մի տեսակ այդ մթնոլորտը չկա դեռ:

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ցանկություն չհայտնե՞ց հանդիպել Արցախի Հանրապետության խորհրդարանի խմբակցությունների հետ:

– Կոնկրետ մեզ՝ ընդդիմադիրների հետ, ո՛չ, իսկ մյուս խմբակցությունների հետ՝ տեղյակ չեմ: Նման ցանկություն ինձ չի փոխանցվել: Ցանկություն եղել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից, նաև մեր կողմից, հանդիպումը կայացել է:

Պարո՛ն Բալայան, բազմիցս խոսվեց այն մասին, որ 30 տարվա մեջ սա միակ տարին է, որ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները այս օրը Արցախի Հանրապետությունում չեն: Ձեր դիրքորոշումը կխնդրեմ այս առնչությամբ:

– Իհարկե բացասական է, որովհետև մշտապես ամեն տարի Հայաստանի քաղաքական բարձր ղեկավարությունը ներկա էր լինում նմանատիպ միջոցառումներին, և կարծում եմ, որ այսօր առավել քան անհրաժեշտ էր փորձ անել՝ պատերազմից հետո ստեղծված մթնոլորտը ինչ-որ ձևով մեղմելու:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am