«Ոչ մեկը չի  համարձակվում կես բերան խոսել, ասել՝ ի՞նչ ես անում». Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը 

– Տիկի՛ն Կարապետյանց, ինչպե՞ս եք գնահատում երեկ խորհրդարանում կատարվածը՝ թե՛ ընդդիմադիր պատգամավորների քաղաքական ակցիան, թե՛ իշխանական խմբակցության պատասխանը դրան։

– Անկախ նրանից, թե ով ում ինչպես է վերաբերվում, եթե մի կողմին թույլատրվել է նմանատիպ, գուցե շատ ավելի ծանր ակցիա անել այդ ամբիոնի մոտ, խոսքը, մասնավորապես, ՔՊ ներկայացուցիչներ Լենա Նազարյանի ու Արարատ Միրզոյանի մասին է, որ ծխացող ֆայեր վառեցին այդ նույն դահլիճում, այդ նույն ամբիոնի մոտ ու անվտանգության տեսանկյունից շատ ավելի բարդ իրավիճակ էին ստեղծել, բայց այսպիսի արձագանք չեղավ։ 

Նրանց կարծիքով՝ իրենց քաղաքական ակցիան, իրենց շոուն ստացվեց, ու իրենք շատ գոհ ու երջանիկ էին։ Եթե դա կարելի է մեկին, ուրեմն կարելի է նաև մեկ ուրիշին, ու կապ չունի, թե ես ինչպես եմ վերաբերվում որևէ կուսակցության կամ որևէ անհատի։ 

Բռնությունը սարսափելի դատապարտելի է, որովհետև հերթական անգամ ուժային կառույցների ներկայացուցիչներին հրավիրեցին, որպեսզի ընդդիմադիր պատգամավորներին դուրս հանեին դահլիճից, ու սա կարծես ավանդույթ է դարձել, բայց ժողովրդավարական երկրում նման վերաբերմունք չի կարող լինել։ 

Բայց այդ ամենի գագաթնակետն իհարկե այլևս տխրահռչակ Ալեն Սիմոնյանն էր, որը հայտարարեց, որ իր հայտնի գործողությունը կարող է նաև ԱԺ դահլիճում անել, «եթե պետք լինի»։ Նրա կարծիքով՝ դա ժողովրդավարության բաստիոնին բնորոշ տարր է, սա ողբերգություն է։ 

Քաղաքական թիմը նորից լռեց, խոսքս ՔՊ-ի մասին է, ես մերժված հանցավոր ռեժիմի և ոչ մի ներկայացուցչից ոչ մի ակնկալիք չեմ ունեցել ու այսօր էլ չունեմ, բայց այն մարդիկ, որոնք ժամանակին դասավանդել են մարդու իրավունքներ, ջատագովել են մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, այդ թվում նաև՝ նախկին լրագրողները, մնացած բոլորը՝ քաղհասարակությունից դուրս եկած մարդկանցից և ոչ մեկը չի  համարձակվում կես բերան խոսել, ասել՝ ի՞նչ ես անում։ 

Այդ թիմի մարդկանցից եթե գոնե մեկն իրեն վատ զգար երեկվա կամ դրանից առաջ կատարվածից՝ ականջներ կտրելու, մարդու վրա թքելու գործողություններից հետո, գոնե մեկը մանդատը վայր դներ ու հեռանար, եթե նման բան չի եղել, հանրայնորեն չեն դատապարտել այս ամենը, նշանակում է հավասարապես բոլորն են կիսում ժողովրդավարությանը, հասարակությանը հարվածներ հասցնող այս գործողությունների պատասխանատվությունը։

– Ինչո՞ւ այնպես ստացվեց, որ քաղաքական ակցիա իրականացնելն իրենց թույլատրելի էր, իսկ մյուսներին՝ ոչ։

– Որովհետև հիմա քաղաքական պաշտոն զբաղեցնողներից շատերը իրական ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, այն բոլոր տեսությունները, որոնց մասին բարձրաձայնում էին, դրանց կրողը չեն եղել, նրանք ուղղակի փաթեթավորվել են այդ գործընթացին։ Նրանց համար ոչ թե խնդրահարույց էր այն, երբ ոստիկանը մարդ էր ծեծում կամ անհամաչափ ուժ էր կիրառում, այլ այն, որ հրաման տվողն իրենք չէին, իրենց համար կարևոր էր դերերի վերաբաշխման գործընթացը՝ ով որ պոզայում կլինի: Երբ ամեն մեկը տեղավորվեց համապատասխան պոզայում, արդեն որևէ խնդիր չեն տեսնում, շնորհակալություն են հայտնում ոստիկանին, որը զոհվածների ծնողներին է քաշքշում, իսկ նախկինում դատապարտում էին ոստիկանների նման վարքը։ Գործողությունը նույնն է, տրամաբանությունը նույնն է, անբարոյականության աստիճանը նույնն է, հարցն այն է, թե ով ի՛նչ պոզայում է։

– Տիկի՛ն Կարապետյանց, ի՞նչ կարելի է սպասել այս խորհրդարանից։

– Ընդհանրապես ոչինչ, որովհետև եթե սա իսկապես այնպիսի կոնֆլիկտ է, որի տակ չկա որևէ պայմանավորվածություն, ապա նշանակում է, որ իրենք ոչ միայն իրենց հաշիվ չեն տալիս, թե մենք ի՛նչ իրավիճակում ենք ապրում, այլև տոտալ անբարոյական են, որովհետև իրենց գործողություններով վնասում են Հայաստանին: 

Եթե սա գիտակցված գործողություն է, իրենք դավաճաններ են բոլորը, առանց կուսակցությունների տարբերության, հետևաբար դավաճանները ենթակա են մերժման, սա պետք է հասկանա ՀՀ քաղաքացին։ Իսկ ՀՀ քաղաքացու արդարացի դժգոհությունը բոլոր խաղացողներից ինձ համար ակնհայտ է, մնում է զուգահեռաբար իսկապես արագանան գործընթացները, ու իսկապես ձևավորվեն ուժեր, որոնք կկարողանան ստանձնել այդ պատասխանատվությունը՝ երկիրն իրական փոփոխությունների տանելու և այս ճգնաժամից դուրս բերելու։ 

– Մարդու իրավունքների պաշտպանից ինչպիսի՞ հայտարարություն կարելի է ակնկալել կատարվածի վերաբերյալ։

– Քննադատող, դատապարտող հայտարարություններ հաստատ չենք լսելու, կամ զրոյին մոտիկ են լինելու քննադատությունն ու դատապարտումը, որովհետև ինքը դեռ չընտրված հայտարարում էր, որ լինելու է հաշտարարի դերում, որ նպատակը ոչ թե քննադատելն է, այլ՝ կամուրջներ կառուցելը։ Բայց այս տարբերակը կարող է աշխատել, օրինակ՝ Դանիայում, Ֆինլանդիայում, բայց հաստատ ո՛չ Հայաստանում ու ո՛չ այս պայմաններում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am