Վահագն Վերմիշյանի փաստաբանը Նիկոլ Փաշինյանի գույքի վրա կալանք դնելու միջնորդություն է ներկայացրել

Կառավարության նախկին անդամ Վահագն Վերմիշյանի փաստաբան Անի Մուրադյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի գույքի վրա կալանք դնելու միջնորդություն։ Այդ մասին հայտարարություն է տարածել հենց փաստաբանը:

«Տեղեկացնում ենք, որ Վահագն Վերմիշյանի հայցադիմումը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի մակագրվել է դատավոր Ռուբեն Բունիաթյանին:

Այս գործով ներկայացրել ենք հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն, որով խնդրել ենք կալանք դնել Նիկոլ Փաշինյանին պատկանող շարժական և անշարժ ամբողջ գույքի վրա:Միջնորդությունը պատճառաբանված է այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 21-ից չի լինելու վարչապետ և իրեն բնորոշ ոճով խուսափելու է հնարավոր դատական ակտով բռնագանձվելիք գումարը վճարելուց:

Միաժամանակ հայտնում եմ, որ ստացվելիք ամբողջ գումարը (3.000.000 ՀՀ դրամ) ուղղվելու է Նիկոլ Փաշինյանի ջանքերով կալանավորման տակ գտնվող Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը փոփոխելու և գրավի կիրառման դեպքում գրավի գումարը վճարելուն», -նշել է փաստաբանը: