Կանադան Հայաստանում նոր դեսպան ունի

Ջուլի Քրոուլին (Julie Crowley) նշանակվել է Հայաստանում Կանադայի նոր դեսպան՝ այդ պաշտոնում փոխարինելով Էնդրյու Թերներին (Andrew Turner)։

Իր նշանակման մասին Քրոուլին գրել է նաև սոցիալական ցանցում՝ նշելով․ «Չափազանց ուրախ եմ Կանադայի՝ Հայաստանում հաջորդ դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Սա իսկապես մեծ պատիվ է։ Անհամբեր սպասում եմ մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքին և համատեղ նախաձեռնությունների առաջխաղացմանը»։

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը նրա նշանակման մասին պաշտոնապես հայտարարել է նոր դիվանագիտական նշանակումների շրջանակում։ Էնդրյու Թերները Հայաստանում Կանադայի դեսպան էր նշանակվել 2023 թվականին։

Ջուլի Քրոուլին (Julie Crowley) փորձառու կանադացի դիվանագետ է։ Նա Կանադայի արտաքին գործերի համակարգում աշխատում է 2003 թվականից։ Մինչ Հայաստանում դեսպան նշանակվելը Քրոուլին եղել է Կանադայի բարձր հանձնակատարը Ռուանդայում, ինչպես նաև նշանակված էր որպես դեսպան Բուրունդիում։

Նա կրթությամբ իրավաբան է՝ ավարտել է Լավալի համալսարանը, ունի նաև լրագրության վկայական և քաղաքական գիտությունների մագիստրոսի աստիճան։ Դիվանագիտական աշխատանքի ընթացքում ծառայել է Զամբիայում, Զիմբաբվեում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Ռուանդայում և Եթովպիայում, որտեղ զբաղվել է նաև Կանադա–Աֆրիկյան միություն հարաբերություններով։