Երևանում մեքենաների թվի սահմանափակումը պետք է քննարկել․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքում երթևեկության կարգավորման հարցում ընտրվել է ճիշտ ուղղություն, սակայն խնդիրը գնալով բարդանում է՝ պայմանավորված ավտոմեքենաների թվի շարունակական աճով։

«Խնդիրը գնալով ծանրանում է, և մենք ունենք մի քանի շերտանի խնդիրներ։ Առաջինը Երևանում մարդատար ավտոմեքենաների թվի տարեցտարի էքսպոնենցիալ աճն է։ Հին արտադրության մեքենաների և մեծ արտանետումներ ունեցող ավտոմեքենաների համար սահմանափակումներ չկան»,- ասել է նա։

Ըստ քաղաքապետի՝ առաջին հերթին անհրաժեշտ է քննարկել Երևանում ավտոմեքենաների թվի սահմանափակման հարցը։

«Եթե մեզ ասեն՝ կրկին սահմանափակումների մասին եք խոսում, ուզում եմ պնդել, որ այսօր մենք արդեն ապրում ենք սահմանափակումների պայմաններում, որովհետև մեքենաների այս քանակը սահմանափակել է բոլորիս։ Ամենավատն այն է, որ սահմանափակվել է հանրային տրանսպորտի աշխատանքը։ Այն վատ չի աշխատում ավտոբուսների և տրոլեյբուսների պակասի պատճառով, այլ խնդիրներ են առաջանում այն ժամերին, երբ մարդատար մեքենաների հոսքը չափազանց մեծ է, և պիկ ժամերին հանրային տրանսպորտը չի կարողանում ժամանակին հասնել կանգառներ»,- նշել է Ավինյանը։

Քաղաքապետի խոսքով՝ երկրորդ խնդիրը մեքենա վարելու մշակույթն է, որը, նրա գնահատմամբ, բավականին ցածր մակարդակի վրա է։

Անդրադառնալով պարեկային ծառայության աշխատանքին՝ Ավինյանը նշել է, որ ծառայությանն ավելորդ գործառույթներ են վերապահվել, մինչդեռ նրանից արդյունք են պահանջում։

«Մեղավորներ փնտրելը միշտ հեշտ է։ Իմ տեսանկյունից՝ ամենահեշտը կարելի է ասել՝ պարեկային ծառայությունն է մեղավոր։ Բայց պարեկային ծառայությունը մեղավորություն չունի։ Որքանով մենք նրանց ծանրաբեռնել ենք անիմաստ գործառույթներով, այնքանով էլ նրանք իրականացնում են օրենքով նախատեսված իրենց գործառույթները»,- ասել է նա։