Միլիոնավոր դոլարներ` ասֆալտապատման համար. նախկին քաղաքապետը գործընթացում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում

Միլիոնավոր դոլարներ` ասֆալտապատման համար. նախկին քաղաքապետը գործընթացում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում
Միլիոնավոր դոլարներ` ասֆալտապատման համար. նախկին քաղաքապետը գործընթացում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում

Երևանի փողոցների ասֆալտապատման նպատակով կառավարությունն օգոստոսի 14-ին որոշեց պետբյուջեի պահուստային ֆոնդից 4 մլրդ դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին: Ըստ կառավարության հիմնավորման՝ որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է Երևանի երթևեկելի փողոցներում ունենալ 508 600 քմ նոր, բարձրորակ ասֆալտբետոնյա շերտ, շուրջ 105 535 քմ ասֆալտբետոնյա շերտ էլ՝ մայթերի հատվածներում:

Այս հատկացումից բացի, Երևանի բյուջեով նույնպես այս տարվա ասֆալտապատման համար գումարներ են հատկացված: Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տարեսկբզին տեղեկացրել էր, որ Երևանի բյուջեի միջոցներով այս տարի 4.2 մլրդ դրամի ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն:

Մինչև Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, թե մայրաքաղաքի ասֆալտապատման աշխատանքներում ոչ մի լումա չի փոշիացվում, հանրությունը թերհավատորեն է վերաբերվում ասֆալտի որակին, ծախսվող գումարների արդյունավետությանը: Երևանցիներն այդպես էլ չեն կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ի՞նչ կարք կա բարեկարգ փողոցներն ամեն տարի քանդել ու ասֆալտապատել:

Բացի այդ, մարդիկ արդարացիորեն դժգոհում են, որ Երևանի կենտրոնի փողոցներն ամեն տարի են ասֆալտապատվում, իսկ ծայրամասային շրջանների փողոցները տարիներով ասֆալտի երես չեն տեսնում:

Վերջին տարիներին պետական բյուջեից հսկայական միջոցներ են հատկացվում մայրաքաղաքի ասֆալտապատման աշխատանքներին:

Նախորդ տարի, Երևանի քաղաքապետարանի տվյալներով, 2.5 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել, որի համար մայրաքաղաքի բյուջեից ծախսվել է 13 մլրդ դրամ:

Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այդ աշխատանքների որակը, մեղմ ասած, կասկածելի է համարում:

«Մաշտոցի պողոտայում նախորդ տարի էր ասֆալտ արվել, ես այսօր որակը նայում եմ ու հասկանում՝ սա այն ասֆալտը չէր, որ պետք է արվեր: Չեմ ուզում մասնագիտական գնահատականների մեջ խորանալ, բայց կարող եմ մեկ հստակ գնահատական տալ՝ հատկացվող գումարներն արդյունավետ չեն օգտագործվում»,- «Մեդիալաբին» ասում է Վահագն Խաչատրյանը:

Նա նշում է, որ Երևանում և ընդհանրապես Հայաստանում այսօր ավելի կարևոր խնդիրներ կան, և բյուջեի պահուստային ֆոնդից կարելի էր ֆինանսավորում հատկացնել այդ խնդիրների լուծմանը և ոչ թե նույն փողոցները ամեն տարի քանդել ու ասֆալտապատել:

Վահագն Խաչատրյանը մտահոգիչ է համարում այն, որ անընդհատ Երևանի կենտրոնի փողոցներն են ասֆալտապատվում:

«Կարծում եմ՝ կարիք կար ծայրամասերն էլ ուշադրության կենտրոնում պահել: Այսօրվա աշխատանքները չեն համապատասխանում ֆինանսական հատկացումներին, դա այն ասֆալտապատումը չէ, որ պետք է ունենա ժամանակակից քաղաքը»,- ասում է նա:

Վահագն Խաչատրյանը հիշում է, որ մոտ 20 տարի առաջ, երբ ինքն էր Երևանի քաղաքապետը, նման ֆինանսական հատկացումների մասին երազել միայն կարելի էր:

«Շատ ուրախալի է, որ այսօր այդ գումարները կան, բայց դա չի նշանակում, որ դրանք պետք է անարդյունավետ օգտագործվեն: Այսօրվա բյուջետային սուղ միջոցերի համեմատ դրանք շատ թանկ փողեր են: Այն մարդիկ, ովքեր այդ գումարներն օգտագործում են, պետք է հասկանան, որ դրանք շատ ծանր գնով ստացված գումարներ են, հետևաբար դրանց օգտագործումը պետք է շատ արդյունավետ լինի: Բայց այդ արդյունավետությունը չկա, սովորական աչքով էլ նկատելի է, որ չկա»,- նշեց նա:

Վահագն Խաչատրյանը հիշում է, որ 20 տարի առաջ՝ իր քաղաքապետ աշխատած տարիներին, գործում էր հետևյալ սկզբունքը՝ ավելի լավ է քիչ աշխատանք կատարել, բայց որակ ապահովել:

«Մեր հնարավորությունները շատ մեծ չէին, մեծ ծավալի աշխատանք չէինք անում: 1993 թվականին Կիևյան կամուրջը կարողացանք վերանորոգել, մենք կարողացանք կարճ ժամանակահատվածում արդյունավետ և որակյալ աշխատանք կատարել»,- պատմում է նա:

Վահագն Խաչատրյանը նկատում է, որ ասֆալտապատման գործընթացում այսօր կոռուպցիոն ռիսկեր կան:

Նրա խոսքով՝ եթե այդ աշխատանքները հրապարակային ու թափանցիկ իրականացվեն, կասկածները կվերանան: Այնինչ, ինչպես շատ ոլորտներում, մայրաքաղաքի բարեկարգման աշխատանքների ոլորտում էլ մենաշնորհ կա:

«Ընդհանարապես պետական գնումների մասով Հայաստանում խնդիրը շատ լուրջ է: Ես վերջին ուսումնասիրություններից մեկին եմ ծանոթ, որի համաձայն՝ մինչև մրցույթներ հայտարարելն ամեն ինչ կանխորոշված է: Մրցույթում արդեն նախօրոք հաղթում են մարդիկ, ովքեր պետք է հաղթեն, պատահական մարդիկ չեն լինում»,- ընդգծեց նա:

Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ 2013 թվականին Երևանում կատարված ասֆալտապատման աշխատանքները 6 անգամ գերազանցել են 2010-ի ցուցանիշը: Ընդհանուր առմամբ, 2009-2013 թվականներին Երևանում վերանորոգվել է մոտ 7.4 մլն քմ փողոց ու մայթ:

Մարի Ներսեսյան

© Medialab.am