Հունաստանի Իոնական ծովում գտնվող Իթակա կղզին առաջիկա զբոսաշրջային սեզոնին կարող է հայտնվել հազարավոր օտարերկրյա զբոսաշրջիկների երթուղիներում՝ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» (The Odyssey) ֆիլմի շնորհիվ։ Մինչ այժմ Իթական, չնայած բյուրեղյա ջրերին ու տպավորիչ ծովախորշերին, չի եղել Հունաստանի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից։
Այս մասին գրում է Euronews–ը։ Ֆիլմի թողարկումից հետո Հոմերոսի և Ոդիսևսի պատմությամբ հետաքրքրված զբոսաշրջիկներն արդեն սկսել են Իթական ներառել իրենց ճանապարհորդական ծրագրերում։ Կղզու քաղաքապետ Դիոնիսիս Ստանիցասի խոսքով՝ ֆիլմի ազդեցության իրական չափը, ամենայն հավանականությամբ, կերևա հաջորդ սեզոնից, երբ այն ավելի լայնորեն տարածվի աշխարհում։
Իթակայի գործարարներն արդեն նկատում են կղզու նկատմամբ միջազգային հետաքրքրության աճ։ Տեղացիների խոսքով՝ զբոսաշրջիկները խոսում են ֆիլմի մասին, իսկ Իթական ավելի տեսանելի է դարձել հենց «Ոդիսականի» հետ կապի շնորհիվ։ Միևնույն ժամանակ կղզին վաղուց այցելուներ է գրավել Հոմերոսի ու Ոդիսևսի լեգենդով։
Մասնագետները սպասում են, որ Նոլանի ֆիլմը կարող է ոչ միայն մեծացնել այցելուների ընդհանուր թիվը, այլև երկարացնել զբոսաշրջային սեզոնը՝ զբոսաշրջիկներ բերելով նույնիսկ սովորաբար հանգիստ համարվող հոկտեմբեր-նոյեմբեր և մարտ-ապրիլ ամիսներին։



















