Գերության մեջ գտնվող զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը կպահպանվեն

Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է պահպանել 2020թ. հունվարի 1-ից հետո գերության մեջ հայտնված զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը:

«Գործող օրենսդրության համաձայն` գերության մեջ հայտնվելու դեպքում զինվորական ծառայողն ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից և թողնվում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման մեջ: Նույն օրենքի այլ հոդվածով` սահմանվում են այն բոլոր հիմքերը, որոնց դեպքում զինծառայողը պահպանում է  պաշտոնային դրույքաչափը` մնալով կադրային ստորաբաժանման մեջ: Այստեղ, ցավոք, առկա է օրենսդրական բաց, որտեղ բացակայում են այն հիմքերը, ըստ որի զինվորական ծառայողը գերության մեջ հայտնվելու դեպքում հնարավորություն կստանա պահպանել պաշտոնային դրույքաչափը»,- նախագծի քննարկման ընթացքում ասաց Հայրապետյանը:

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ օրենսդրական բացի հետևանքով նրանց ընտանիքների կենսագոյության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում և այս հանգամանքը հակասում է զինվորական ծառայողի իրավական և սոցիալական երաշխիքների պահպանմանը միտված պետական քաղաքականությունը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։