Երևանը $2 մլնից ավելի է ծախսում ամանորյա միջոցառումների վրա. Գնումների հիմնական մասը մեկ անձից է.FIP.am

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է ամանորյա տոներին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած միջոցառումների թեման։Թեման ավելի  լան թափ առավ այն բանից հետո,երբ պարզվեց,որ լուսավորության աշխատանքների ընթացքում ծակվել են Հանրապետության հրապարակի շենքերի արտաքին պատերը՝ լուսավորության լամպերը ամրացնելու նպատակով։

Մինչ տոնական զարդարանքի աշխատանքների մեկնարկը «Փաստերի ստուգման հարթակը» պարզել էր, որ տոնական զարդարանքի աշխատաքները իրականացնելու է «Սինեմարտ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը Երևանի քաղաքապետարանից առանց մրցույթի ստացել է տոնական լուսավորության կազմակերպման ծառայությունների պատվերը։ Այդ աշխատանքների համար քաղաքապետարանի և ընկերության միջև հոկտեմբերին կնքվել էր 191,6 մլն դրամի պայմանագիր։

Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պետք է հետևի Ռուսաստանում ձեռք բերված ապրանքի (տոնական լուսավորության սարքավորումներ) արտադրման գործընթացին, ավարտից հետո ընդունի գույքը ՌԴ Օդենցովո և Ռյազան քաղաքներում, տեղափոխի Երևան, այնուհետև զբաղվի դրանց տեղադրմամբ, ընթացիկ սպասարկման ծառայություններով և վերջում դրանք հավաքի և պահեստավորի։ 

Հատկանշական է, որ այս ընկերությունը նախկինում երբևէ պետական գնումների մրցույթի չի մասնակցել։Իսկ ընկերության միակ բաժնետեր ու տնօրենը Ռուբեն Շահինյանն է, որը Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատուն է։

Ինչո՞ւ Սինեմարտը և ինչո՞ւ առանց մրցույթ

Թե ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը նման ծառայությունները պատվիրել մեկ անձից գնման միջոցով՝ փորձեցինք հասկանալ քաղաքապետարանի գնումների վարչությունից։ Վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Իսկուհի Օսիպյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մեկ անձով գնումների դեպքում իրենց վարչությունը պատասխանատու ստորաբաժանումից ստանում է առաջարկ, որի շրջանակներում էլ կազմակերպում է գնման գործընթացը։

Պարզ ասած՝ պատասխանատու ստորաբաժանումն է կայացնում մեկ անձով գնում կատարելու, ինչպես նաև մատակարարի ընտրության վերաբերյալ որոշումը։ Դրանից հետո գնումների վարչությունը ստանում է պատասխանատու ստորաբաժանման կողմից ընտրված անձի հետ մեկ անձով գնում կազմակերպելու առաջարկը։ Կոնկրետ այս դեպքում աշխատանքային խումբն է որոշել, որ այս ծառայությունը պետք է առանց մրցույթի պատվիրակել «Սինեմարտ» ՍՊԸ-ին։

Աշխատանքային խմբի ղեկավարը Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն է։

Ամանորյա միջոցառումների և կատարած ծախսերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար դեկտեմբերի 2-ին քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է ընտրվել հենց այս ընկերությունը և ոչ թե մրցույթով, այլ մեկ անձից գնման միջոցով, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ օրենքը հնարավորություն է տալիս միջոցառումների կազմակերպման համար ընտրել կազմակերպող ընկերությանը՝ առանց մրցույթի։

«Ինքնին մշակութային միջոցառումների իրականացման համար մեր օրենսդրությամբ   նախատեսված է համապատասխան հիմք, որը իրավունք է տալիս մեկ անձից կատարել գնում։ Ինչո՞ւ «Սինեմարտ» ընկերությունը, որովհետև «Սինեմարտ» ընկերությունը մեր բանակցությունների ընթացքում, (իսկ նաև եղել են բանակցություններ այլ ընկերությունների հետ), նշել է, և մենք էդ հանգամանքը կարևորել ենք, որ ներգարվվելու է մասնագետներ այլ երկրներից, մասնավորապես Վրաստանից, որտեղ արդեն տարիներ շարունակ էս մաշտաբի լուսավորություն իրականացվում է։ Եվ ինչը մեր համար կարևոր էր, որ դա անեն մարդիկ, որոնք դրա փորձը ունեն», — պատասխանեց Գրիգորյանը։

Շարունակելով ամանորյա տոնական լուսավորության աշխատանքների թեման, Գրիգորյանը հայտարարեց, որ կատարված բոլոր ծախսերը և դրանց պայմանագրերը տեղադրված են գնումների armeps.am կայքում։ 

Մինչդեռ դրանց մի մասը մինչև վերջերս կայքում տեղադրված չէին: Դեռ նախորդ շաբաթ «Փաստերի ստուգման հարթակը», չգտնելով պայմանագրերից երկուսը՝ կապվեց քաղաքապետարան, որտեղից հավաստիացրեցին, որ պայմանագրերը տեղադրված են։ Երբ մեր պնդումից հետո համոզվեցին, որ դրանք բացակայում են՝ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել՝ պայմանագրերը տրամադրելու համար։ Այնուհետև, մեր հարցումն ուղարկելուց հետո, 2 ամիս առաջ կնքված պայմանագրերը տեղադրվեցին կայքում։

50 մլն ռուբլի՝ ռուսաստանյան ընկերություններին

Ըստ այդ պայմանագրերի՝ Երևանի քաղաքապետարանը այս տարվա սեպտեմբերի 30-ին ռուսաստանյան երկու ընկերությունների հետ կնքել է ամանորյա լուսավորության սարքավորումների ձեռքբերման պայմանագրեր։

Պայմանագրերից մեկը կնքվել է «Գոռոդ 77» ՍՊԸ-ի հետ, որի համար վճարել է 35,6 մլն ռուբլի։ Գնումների պաշտոնական կայքում այս գնման արժեքը կազմում է 256 մլն դրամ։Ռուբլու այսօրվա փախարժեքով այս պատվերը քաղաքապետարանի բյուջեին արժեցել է 230 մլն դրամ (ըստ ԿԲ-ի սահմանած փոխարժեքի՝ մեկ ռուբլին արժե 6,46 դրամ)։

Մյուս պայմանագիրը կնքվել է ԱՁ «Դմիտրի Բարդեևի» հետ։ Պայմանագրի գումարը կազմել է 13,7 մլն ռուբլի։Ըստ գնումների պաշտոնական կայքի այս պայմանագիրն արժեցել է ավելի քան 98 մլն դրամ, իսկ այսօրվա փոխարժեքով՝ 88 մլն դրամ։

Նկարում «Դմիտրի Բարդեև» ԱՁ-ի ու «Գոռոդ 77» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերից մի հատված է։

Այսինքն, միայն ամանօրյա տոնական լուսավորության սարքավորումների ձեռքբերման վրա քաղաքապետարանը, ըստ armeps.am-ի, ծախսել է 354 մլն դրամ, իսկ այսօրվա փոխարժեքով՝ 318 մլն դրամ։

Որքա՞ն է ի վերջո փաստացի ծախսվել տոների վրա

Ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը հայտարարեց, որ ամանօրյա տոնակատարությունների միջոցառումների վրա կծախսվի 285 մլն դրամ։

Այսինքն ստացվում է, որ միայն բաց աղբյուրների վրա հիմնվելով, կարող ենք փաստել, որ քաղաքապետարանը ծախսել է․

Ամանօրյա տոնակատարությունների վրա՝ 285 մլն դրամ

Տոնական լույսերի և պարագաների ձեռքբերման վրա՝ 318-354 մլն դրամ

Տոնական լուսավորության աշխատանքների վրա՝ 191 մլն դրամ։

Այսինքն Ամանորի տոնակատարությունների, տոնական լույսերի ու զարդարանքի վրա ծախսվել է ավելի քան 800-830 մլն դրամ, կամ 2-2,1 մլն դոլար։

Սևադա Ղազարյան

FIP.am