«Կոչ ենք անում լրատվամիջոցներին դրամահավաքներին անդրադառնալիս համակողմանի ուսումնասիրել դեպքերը». Հայտարարություն

«Կոչ ենք անում լրատվամիջոցներին դրամահավաքներին անդրադառնալիս համակողմանի ուսումնասիրել դեպքերը». Հայտարարություն
«Կոչ ենք անում լրատվամիջոցներին դրամահավաքներին անդրադառնալիս համակողմանի ուսումնասիրել դեպքերը». Հայտարարություն

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը և «Անկախ կյանքի հայկական ցանցը», որոնք համախմբում են 38 հասարակական կազմակերպություն Հայաստանի բոլոր մարզերից, ներկայացնում են համատեղ հայտարարություն՝ հայտնելով իրենց մտահոգությունները վերջերս լայն տարածում գտած դրամահավաքների վերաբերյալ։

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը և «Անկախ կյանքի հայկական ցանցը» իրենց մտահոգությունն են հայտնում վերջերս լայն տարածում գտած դրամահավաքների վերաբերյալ, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների, նախկին զինծառայողների՝ արտերկրում «բուժելուն»:

Բարեգործությունն իր դրական կողմերով հանդերձ լուրջ ռիսկեր է պարունակում, քանի որ նույնիսկ մարդասիրական թվացող նախաձեռնությունը կարող է բերել միջոցների անարդյունավետ և կասկածելի վատնման: Թեև արտերկրում բուժումը հաճախ կարող է զգալի արդյունքներ ունենալ, կան որոշ հիվանդություններ, վնասվածքներ կամ հաշմանդամության բերող առողջական խնդիրներ, որոնք բուժելու հարցում նույնիսկ ամենաառաջատար երկրի բժշկությունն այսօր անզոր է:

Բացի այդ, նշված երևույթները խորացնում են հաշմանդամություն ունեցող անձին որպես միայն օգնության կարիք ունեցող անձ ներկայացնող կարծրատիպը, բացասաբար են անդրադառնում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակության մեջ քիչ թե շատ ձևավորված դրական վերաբերմունքին:

«Անկախ կյանքի հայկական ցանցը» և «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը», որոնք համախմբում են 38 հասարակական կազմակերպություն Հայաստանի բոլոր մարզերից, հիմք ընդունելով լրատվամիջոցներում պարբերաբար հաղորդվող տեղեկությունները, հորդորում են հասարակությանը հնարավորինս զգոն և աչալուրջ լինել ամսագրերի «բարեգործական» վաճառքի, տարբեր ակցիաների, սոցիալական ցանցերի և այլ միջոցներով կազմակերպված դրամահավաքներին մասնակցելիս:

Այս հարցում կարևորելով լրատվամիջոցների դերը՝ կոչ ենք անում նաև լրատվամիջոցներին դրամահավաքներին անդրադառնալիս համակողմանի ուսումնասիրել դեպքերը, հավաստի տեղեկություններ ստանալ բժիշկներից և այլ մասնագետներից, ինչպես նաև հաշմանդամության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից` համապարփակ և հավաստի ինֆորմացիա տարածելու համար:

Անհրաժեշտ ենք համարում նշել` կարևոր է նաև հոգեբանական, վերականգնողական, մասնագիտական կողմնորոշման և այլ աջակցող ծառայությունների հնարավորությունը և դրանց առկայությունը համայնքներում, և այս բացերի մասին բարձրաձայնելու հարցում լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության դերը կարող է մեծ լինել:

Մեր փորձը և գիտելիքները թույլ են տալիս վստահեցնել, որ հաճախ ոչ թե «բուժումը», այլ անհրաժեշտ ծառայությունները կարող են հեշտացնել մարդու կյանքը և նպաստել նրա ներառմանը հասարակություն:

«Անկախ կյանքի հայկական ցանց»

ՀՀ, Երևան, Դեմիրճյան 36, 1-ին հարկ,

Հեռ. (+374 10) 52-21-70, (+374 10) 56-07-07

http://www.unison.am, [email protected]

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» ԻԱՄ

ՀՀ, Երևան, Կորյունի 19ա, 5-րդ հարկ,

Հեռ.` (+374 10) 52-97-51

http://disabilitycoalition.am, [email protected]

Լուսանկարը` Փիրուզա Խալափյան (© Medialab.am)