«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը կողմ չէ, որ բոլոր ՀԿ-ները հրապարակային հաշվետվություն ներկայացնեն

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը կողմ չէ, որ բոլոր ՀԿ-ները հրապարակային հաշվետվություն ներկայացնեն
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը կողմ չէ, որ բոլոր ՀԿ-ները հրապարակային հաշվետվություն ներկայացնեն

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից առաջարկվող «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարություն է տարածել:

Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ), որը փոփոխություններ է առաջարկում հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) կողմից հաշվետվությունների ներկայացման պահանջներում:[1] 

«Հասարակական կազմակերպությունների մասին» ներկայիս օրենքը (2016թ.) նախատեսում է հրապարակային հաշվետվողականություն հանրային միջոցներ (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցներ) ստացող հասարակական կազմակերպությունների համար:[2] Նախագծով առաջարկվում է խստացնել հրապարակային հաշվետվությունների ներկայացման պահանջը` տարածելով այն բոլոր հասարակական կազմակերպությունների վրա` անկախ նրանց ֆինանսավորման միջոցներից, և ներառելով անձնական տվյալներ շնորհատուների, ինչպես նաև ֆինանսավորում ստացող անդամների, կառավարման մարմինների, աշխատակազմի ու կամավորների մասին: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած գլխավոր հիմնավորման` «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների անհրաժեշտությունը  պայմանավորված է ՔՀԿ-ների թափանցիկության և հանրային հաշվետվողականության բարելավման, ինչպես նաև օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով: Այլ պատճառաբանությունների շարքում ՊԵԿ-ը նշել է, որ դժվար է սահմանել «հանրային միջոցներ» հասկացությունը, բացի այդ կա անհրաժեշտություն կանխարգելելու փողերի լվացումը:

Հարկ է նկատել, որ 2016թ. դեկտեմբեր ՀԿ-ների գործունեության համապատասխանությունը օրենքին վերահսկվում էր ՀՀ արդարադատության նախարարության, իսկ ֆինանսական գործառնությունները` հարկային պետական ծառայության կողմից: «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունմամբ՝ օրենքին համապատասխանության վերահսկողության գործառույթն անցավ ՊԵԿ-ին, և այդ նպատակով ստեղծվեց հատուկ ստորաբաժանում: Առհասարակ, հասարակական կազմակերպություններն իրենց ֆինանսական գործարքների, այդ թվում՝ եկամուտների ու ծախսերի վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում հարկային մարմիններին, ուստի ներմուծված նոր մեխանիզմն իրենից ներկայացնում է ՀԿ-ների կրկնակի վերահսկողություն հարկային մարմինների կողմից: Պետք է նշել, որ տվյալ դրույթը հայտնվել է օրենքում ՀՀ ազգային ժողովում վերջին ընթերցման ժամանակ և նախապես չի քննարկվել ո՛չ ՀԿ-ների, ո՛չ էլ ՊԵԿ-ի հետ:

«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում առաջարկված նոր փոփոխությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Դրանք չհիմնավորված և անհամաչափ բեռ են դնում հասարակական կազմակերպությունների վրա` առանց պատշաճ հիմնավորման և առանց հստակեցնելու դրա անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում՝ այդպիսով սահմանափակելով ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված, ինչպես նաև պետության կողմից այլ միջազգային պարտավորություններով ստանձնած միավորումների ազատությունը: Մասնավորապես.

Հանրային միջոցներ ստացող կազմակերպությունների կողմից հրապարակային հաշվետվություն ներկայացնելու մասին դրույթը ներառվել է 2016թ. դեկտեմբերին ընդունված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում հանրային լայն քննարկումների արդյունքում՝ նպատակ ունենալով ապահովել հանրային ծախսերի թափանցիկությունը: Նման դրույթը մտցվել է հիմք ընդունելով այն իրողությունը, որ  պետական հաստատությունների կողմից միլիոնավոր դրամներ էին հատկացվում հանրությանը անհայտ ՀԿ-ների, որոնց գործունեության, նվաճումների և ստացած դրամաշնորհների արդյունքների մասին որևէ հանրային տեղեկություն առկա չէր: Ավելին, կային դրամաշնորհառուներ, որ փոխկապակցված էին պետական պաշտոնյաների, ինչպես նաև միմյանց հետ: Դրամաշնորհառուների ընտրությունն իրականացվում էր ամբողջովին ոչ թափանցիկ և խիստ կասկածելի եղանակով:
Ակնհայտ է, որ հանրային միջոցներից օգտվող կազմակերպությունները գտնվում են այլ ՀԿ-ներից տարբեր իրավիճակում և նրանք պետք է հանրության առջև հաշվետվողականության ավելի մեծ բեռ կրեն: Ուստի, հստակ և կոնկրետ պատճառ կար «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում ձևակերպելու ավելի մեծ հաշվետվողականության պահանջ այն ՀԿ-ների նկատմամբ, որոնց վստահված էր հանրային միջոցների կառավարումը:
Համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Վենետիկի հանձնաժողովի «Միավորումների ազատության մասին» համատեղ ուղեցույցի` «104. Իրավաչափ է հաշվետվողականություն և թափանցիկություն պահանջել միավորումների ձեռք բերած միջոցների մասին: Այդուհանդերձ, նման պահանջը չպետք է անհարկի ծանր բեռ լինի, և պետք է լինի միավորման չափին և գործունեության շրջանակին համաչափ՝ հաշվի առնելով նրա գույքի և եկամուտների ծավալը»:[3]
Առաջարկվող փոփոխությունները տարբերակում չեն դնում ՀԿ-ների միջև, և ավելորդ ու անհամաչափ բեռ են դնում միավորումների մեծամասնության, այդ թվում՝ եկամուտ չունեցողների վրա, նրանց հավասարեցնելով այն  կազմակերպություններին, որոնք տնօրինում են հանրային միջոցներ և պարտավոր են հաշվետու լինել հանրությանը այդ առնչությամբ:
Նախագիծն առաջարկում է, որ ՀԿ-ները ներկայացնեն հրապարակային հաշվետվություն եկամուտների (դրամական և գույքի) մասին` տարբերակված ըստ աղբյուրների, ներառյալ՝ հանրային աղբյուրները, իրավաբանական անձանցից և ֆիզիկական անձանցից ստացած ֆինանսավորումը: Ընդ որում, պետք է բացահայտվեն բոլոր աղբյուրները՝ նշելով անունները, ռեզիդենտ երկիրը և շնորհատուի իրավաբանական կարգավիճակը: ՀԿ-ներին նվիրատվություն անող ֆիզիկական անձանց անունները ենթակա չեն հրապարակման, այլ՝ միայն ներկայացվում են ՊԵԿ-ին տրամադրվող հաշվետվություններում:

Առկայության դեպքում անհատ շնորհատուների անձնագրի տվյալները, հասցեն և հեռախոսահամարները նույնպես պետք է ներկայացվեն ՊԵԿ-ին:
Այս իրավակարգավորումները հակասում են շնորհատուների գաղտնիության իրավունքին, թե՛ իրավական և թե՛ ֆիզիկական անձանց պարագայում: Համաձայն Եվրոպային խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպայում ոչ կառավարական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ» CM/Rec(2007)14 hանձնարարականի` «64. Բոլոր հաշվետվությունները պարտավոր են հարգել շնորհառուների, շահառուների և աշխատակազմի իրավունքները, ինչպես նաև օրինական բիզնեսի գաղտնիությունը պահպանելու իրավունքը»:[4]  
Համաձայն Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Ուկրաինայի մասին համատեղ կարծիքի` (16 մարտի 2018)՝[5] շնորհատուի` անանուն մնալու ցանկությունը պետք է հարգվի և գաղտնիության իրավունքին կարելի է միջամտել միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ պահպանելով համաչափության սկզբունքը (հոդված 46): Մինչդեռ, նախագիծը բավարար հիմքեր չի ապահովում՝ սահմանափակելու շնորհատուների գաղտնիության իրավունքը:
Նախագիծն առաջարկում է առցանց հրապարակել այն անդամների, կառավարման մարմինների, աշխատակազմի ու կամավորների ներկայացուցչությունների, անունները, որոնք տարվա ընթացքում օգտվել են կազմակերպության դրամական միջոցներից: Նման պահանջը հակասում է միջազգային չափանիշներին:
Համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Վենետիկի հանձնաժողովի «Միավորումների ազատության մասին» համատեղ ուղեցույցի` «167. Միավորումները չպետք է պարտավորված զգան բացահայտելու իրենց անդամների անուններն ու հասցեները թե՛ միավորման ազատության իրենց իրավունքի, և թե՛ մասնավոր կյանքը հարգելու իրավունքի անհամատեղելիության պատճառով: Նաև 231. …Օրենսդրությունը պետք է նաև ապահովի շահառուների, անդամների և միավորումների հիմնադիրների գաղտնիության իրավունքի հարգումը, ինչպես նաև ցանկացած ոտնահարման դիմաց փոխհատուցումը:»[6]
Նախարարների կոմիտեի «Եվրոպայում ոչ կառավարական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ» CM/Rec(2007)14 hանձնարարականի համաձայն`  Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում «7. Իրավաբանական անձ հանդիսացող ոչ կառավարական կազմակերպությունները պետք է ունենան նույն հնարավորությունները, ինչ այլ իրավաբանական անձինք և պետք է ենթարկվեն վարչական, քաղաքացիական ու քրեական օրենսգրքերի պարտականություններին ու պատժամիջոցներին, որոնք սովորաբար կիրառելի են այդ իրավաբանական անձանց համար»:[7]
Հատկանշական է, որ առևտրային կազմակերպությունները Հայաստանում չեն ենթարկվում այնպիսի վերահսկողության ինչպիսին սահմանված է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով և նրանցից չի պահանջվում ներկայացնել հրապարակային հաշվետվություն: Նրանք ներկայացնում են ֆինանսական հաշվետվություններ հարկային մարմիններին և չեն հրապարակում իրենց եկամուտի աղբյուրները, ինչպես նաև աշխատակազմի անդամների կամ շահագրգիռ կողմերի անունները:
Անհիմն է միավորումների հաշվետվողականության պահանջների խստացումը՝ «հանրային միջոց» հասկացությունը սահմանել չկարողանալու կամ երկրում փողերի լվացումը կանխարգելելու հիմքով:
Հարկ է նշել, որ առաջարկվող փոփոխությունները հակասում են նաև Եվրոպայի խորհրդի Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումների հանձնախմբի (ՄանիՎալ)[8] զեկույցի եզրակացություններին: 2018թ. հուլիսի ՄանիՎալի զեկույցը Հայաստանը գնահատել է որպես Ֆինանսական գործողությունների հատուկ հանձնախմբի[9] հանձնարարականների պահանջներին համապատասխանող երկիր՝ նշելով, որ «23. Հայաստանը հստակ քաղաքականություն ունի խթանելու հաշվետվողականությունը, օրինավորությունը և հանրային վստահությունը ոչ կառավարական կազմակերպությունների վարչարարության և կառավարման հարցում` կախված կազմակերպության տեսակից (այսինքն, հատուկ պահանջներ կան հիմնադրամների, բարեգործական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների և այլոց համար):» [10]

Իբրև եզրահանգում պետք է նշել, որ ՊԵԿ-ը չունի ՀԿ-ներին առնչվող միջազգային ստանդարտների և պետության պարտավորությունների մասին անհրաժեշտ կոմպետենտություն և ընկալում, որպեսզի  կարողանա պատշաճ կերպով ապահովել շահույթ չհետապնդող կազմակերպությունների գործունեության նկատմամբ իրավական վերահսկողությունը Հայաստանում: ՊԵԿ-ի կողմից կիրառվող մոտեցումը, խոշոր հաշվով, նաև օրինաչափ է՝ հաշվի առնելով նրա ստանդարտ պրակտիկան, որը կիրառվում է հարկային ստուգումների ընթացքում:

Անհրաժեշտ է և հրատապ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերանայի քաղաքացիական հասարակության կառույցների գործունեության նկատմամբ իրավական վերահսկողությունը ՊԵԿ-ին վերապահելու մոտեցումը և վերադարձնի այն ՀՀ արդարադատության նախարարությանը, կամ քայլեր ձեռնարկի երաշխավորելու, որ ՊԵԿ-ի կողմից վերահսկողությունը չի գործի ընդդեմ միավորումների ազատության սահմանադրական և միջազգային նորմի:

Սույն փաստաթուղթը պատրաստվել է Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) փորձագետների մասնակցությամբ՝ «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» գործողության շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ:

[1] https://www.e-draft.am/projects/1283

[2] «Հասարակական կազմակերպությունների մասին» ներկայիս օրենք (2016թ.), Հոդված 24

[3] https://www.osce.org/odihr/132371?download=true

[4] https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=09000016805d534d

[5] No. 6674 օրենքի նախագծով փոփոխություններ են մտցվել որոշ օրենդրական ակտերում` հանրային միավորումների ֆինանսական գործունեության և միջազգային տեխնիկական աջակցության օգտագործման մասին  տեղեկատվության հանրային թափանցիկություն ապահովելու նպատակով: No. 6674 օրենքի նախագծով փոփոխություններ են մտցվում Ուկրաինայի հարկային օրենսգրքում ապահովելու հանրային միավորումների ֆինանսավորման թափանցիկությունը և միջազգային տեխնիկական աջակցության օգտագործումը

[6] https://www.osce.org/odihr/132371?download=true

[7] https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=09000016805d534d

[8] Մանիվալը Եվրախորհրդի մշտական մարմին է, որը զբաղվում է ԵԽ անդամների`Ֆինանսական գործողությունների հատուկ հանձնախմբի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ կանոնակարգերի համապատասխանությանն ուղղված մոնիտորինգով և գնահատմամբ:

[9] http://fatfplatform.org/special-recommendation-8

[10] http://www.fatf-gafi.org/media/fatf/documents/reports/fur/Moneyval-1st-Regular-Follow-Up-Report-Armenia-2018.pdf