«Անկախության հռչակումից հետո Հայաստանը տարին տարվա վրա կորցրել, կորցնում է իր ինքնիշխանությունն ու անկախությունը». Թաթուլ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը

– Պարո՛ն Հակոբյան, սեպտեմբերի 21-ն է, Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակը: Ո՞րն է այսօրվա խորհուրդը, ու ինչպե՞ս հաջողվեց ունենալ անկախ Հայաստան:

– Այս օրը Հայաստանի պատմության կարևորագույն թվականներից է, որովհետև այդ օրը հանրաքվեի միջոցով Հայաստանը հռչակեց իր անկախությունը: Անկախությունն ամենաբարձր արժեքն է, ու դրանից վեր որևէ բան չկա ուղղակի:

Ցավալի է, որ անկախության 30-ամյակը նշում ենք այսօր խոր կսկիծով, որովհետև ունեցանք 44-օրյա աղետալի պատերազմ, պաշտոնապես 4 հազարից ավելի զոհ, 10 հազար վիրավոր, Բաքվի բանտերում հայեր, ու այս ամենը, իհարկե, մթագնում է անկախության այս տոնը, բայց, այնուամենայնիվ, անկախությունը բացարձակ արժեք է, ու մենք դրան հասանք պատմական հանգամանքների բերումով, փլուզվեց Խորհրդային Միությունը, որի արդյունքում էլ ձեռք բերեցինք մեր անկախությունը: 

Այնպես չէր, որ անկախության համար մենք պատերազմ մղեցինք, ինչպես շատ ժողովուրդներ, բայց մենք ունեցանք համաժողովրդական շարժում 88 թվականից, որը սկզբում Ղարաբաղյան շարժում էր, բայց որոշ ժամանակ անց վերածվեց անկախապաշտ շարժման, ու, իհարկե, դա կարևոր նշանակություն ունեցավ: 

Մեծամասնությունը պայքարում էր անկախության համար, իհարկե կային ուժեր, որ դեմ էին անկախությանը, այդ թվում՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Խորհրդային Հայաստանի ռուսախոս մտավորականությունը:

Սփյուռքը գերազանցապես դեմ էր Հայաստանի անկախությանը: 88-ի սեպտեմբերի 29-ին սփյուռքյան երեք ավանդական կուսակցություններ՝ Հնչակյաններ, Ռամկավարներ ու Դաշնակցականներ, տարածեցին համատեղ հայտարարություն, որում, ըստ էության, կոչ էին անում դուրս չգալ Խորհրդային Միության դեմ:

Բայց ժողովուրդը ձգտում էր անկախության, ու այն դարձավ առավել բացահայտ, երբ 91 թվականի օգոստոսին ձախողվեց հեղաշրջման փորձը Մոսկվայում, ու բոլորի համար պարզ դարձավ, որ Խորհրդային Միությունն ուղղակի վերջացել է, ու այդ էր պատճառը, որ Հայաստանի բնակչության 99 տոկոսը քվեարկեց անկախության օգտին:

– Ձեր գնահատմամբ՝ այս տարիներին մենք ինչպե՞ս ենք պահել անկախությունը:

– Այդ 30 տարիները միանշանակ տարիներ չէին. եղել են վայրէջքի ու վերելքի տարիներ: Դուք տալիս եք մի հազար էջանոց պատասխան պարունակող հարց, բայց կարճ կարող եմ ասել, որ եթե մասերի բաժանեմ՝ մենք ունեցանք ղարաբաղյան ազատագրական շրջան, որն աննախադեպ երևույթ էր Հայաստանի պատմության մեջ, երբ մեր ուժերով կարողացանք պահել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ նաև ընդարձակեցինք հայկական տարածքները՝ մինչև 41-42 հազար քառակուսի կիլոմետր:

Ունեցանք հաջող շրջան այն իմաստով, որ ճիշտ ժամանակին սեփականաշնորհեցինք հողը, իրականացրեցինք տնտեսական ռեֆորմներ: Ունեցանք շրջան, երբ Հայաստանի ժողովրդավարությունը նահանջ ապրեց, երբ կեղծվում էին ընտրությունները, կիրառվում էին բռնություններ:

Ունեցանք ամոթալի էջեր, ինչպես հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն էր ու մարտի 1-ի ոճրագործությունը: Ունեցանք պատերազմներ: Այս 30 տարին վայրիվերումների, ավերածությունների, զոհերի, հուսալքությունների, երջանկությունների ժամանակաշրջան էր:

– Պարո՛ն Հակոբյան, ձեր նշած այդ տարաբնույթ զգացմունքներով ու իրադարձություններով հարուստ տարիների ընթացքում թե՛ հայ իշխանավորը, թե՛ հայ հասարակությունը կարողացա՞ն գիտակցել, թե ինչ ասել է անկախություն ու այդ գիտակցումով առաջ շարժվել՝ փորձելով ամեն գնով պահպանել այդ անկախությունը: 

– Քանի որ հայ ժողովուրդն այդ շրջանում ունեցավ տնտեսական շատ ծանր վիճակ, հաճախ, օրինակ՝ իր հաց չունենալը պայմանավորում էր նրանով, որ անկախությունը վատ բան է, ու այդ իմաստով տնտեսական վիճակը, հաց չունենալը, շրջափակումը, պատերազմները ստվեր են նետել անկախության վրա, ու մարդկանց մի մասը մտածել է, որ անկախությունը լավ բան չէ, ինքը հաց չունի, վատ է ապրում: 

Բայց, իհարկե, որոշ շրջանակների մոտ եղել է գիտակցում, որ անկախությունն է բարձրագույն արժեքը, որի պայմաններում հնարավոր է ունենալ ազգային պետություն: Ազգային պետություն ասում եմ ոչ թե ազգայնական իմաստով, այլ ազգային պետություն, որտեղ դու կարող ես ունենալ մայրենի լեզվով կրթություն, քո օրենքները, իրականացնել քո արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունը ու այլ գործառույթներ: Այդ գիտակցումը հիմնականում կար, բայց, ցավոք, բացթողումները պատճառ դարձան, որպեսզի շատերը սկսեն մտածել, որ Խորհրդային Միության ժամանակ լավ էր: 

– Վերջին դեպքերով պայմանավորված՝ բազմաթիվ են կարծիքները, որ Հայաստանը անկախությունը կորցնելու շեմին է, ինքնիշխանության մասին էլ չեն խոսում: Ձեր գնահատմամբ՝ Հայաստանն այժմ ինքնիշխանության ու անկախության մասով ի՞նչ վիճակում է:

– Եթե գնահատեմ, օրինակ՝ տասը միավորանոց սանդղակով, ապա կարող եմ ասել, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը 3-4-ի սահմաններում են: 91 թվականի անկախության հռչակումից հետո Հայաստանը տարին տարվա վրա կորցրել, կորցնում է իր ինքնիշխանությունն ու անկախությունը:

Մտահոգված եմ ոչ այնքան նրանով, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սահմանափակված են, այլ նրանով, որ ինքնիշխանության ու անկախության կորն անընդհատ ներքև է իջնում, եթե այն անընդհատ բարձրանար վեր, ու էլի տայինք իմ նշած 3-4 միավորը, ես մտահոգ չէի լինի:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ կորն անդադար իջնում է, ու ես չգիտեմ՝ այդ կորը մինչև ո՛ր աստիճանի կարող է իջնել: Միշտ ինձ հարցնում եմ՝ կարո՞ղ է Հայաստանը վերածվել Կալինինգրադի օրինակ, չգիտեմ, բայց ընթացքն ինձ մոտ խանդավառություն չի առաջացնում, ու դրա պատճառը պետք է փնտրել Հայաստանի ներսում, բայց ոչ դրսում, չնայած մենք միշտ սիրում ենք մեր ձախողումների ու դժբախտությունների պատճառը փնտրել ամենուր, բոլորը մեղավոր են՝ բացի մեզանից:

Այս օրը նաև խորհելու օր է. մտածել, թե 30 տարվա ընթացքում ի՛նչ սխալներ ենք թույլ տվել, որ հասել ենք այս օրվան: Միշտ մտածում եմ, որ այս օրը պետք է լինի ոչ միայն տոնական միջոցառումների օր, լավ է, որ այս տարի դա չկա, որովհետև անթույլատրելի է, հատկապես 30-ամյակը լավ առիթ է, որպեսզի գնահատեինք, հասկանայինք մեր սխալներն ու բացթողումներն ու մեզ հարց տայինք՝ ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ մենք ճիշտ չգնահատեցինք մեր ու մեր հարևան հակառակորդների ուժերն ու հնարավորությունները ու մեր ձեռքով աղետ բերեցինք մեր ժողովրդին: 

Այս տարի անկախության տոնը նշում ենք խոր կսկիծով, ծնկաչոք, ստորացված վիճակում՝ պայմանավորված պատերազմի ու դրա աղետալի հետևանքներով:

– Պարո՛ն Հակոբյան, իսկ Հանրապետության հրապարակում նախատեսված միջոցառումն անհրաժե՞շտ էր:

– Անկեղծ ասած, ես չեմ գնալու ու չգիտեմ՝ ինչ են անելու, որովհետև ես բացարձակապես տոնական որևէ տրամադրություն չունեմ: Եթե այնտեղ լինելու է սգերգ, մեր անցյալի պատմությունը վերարժևորող ելույթներ, ճառեր, ինքնաքննադատություն, դրանք նորմալ կհամարեմ, ամեն բան խիստ չափի մեջ պետք է լինի: Բայց եթե պետք է լինեն տաշի-տուշի, ռաբիս, ինչպես մեր իշխանություններն են, ես անընդունելի եմ համարում: Բայց դա չեմ էլ ուզում դարձնել մատի փաթաթան, ինձ համար դա անընդունելի է, ու ես չեմ գնա որևէ պայմանով նման միջոցառման:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am