Ամեն ինչ անում են, որ արցախցին որևէ կերպ չդիտարկի իր հայրենիքի այս հատվածում ապրելու տարբերակն ու արտագաղթի. Հակոբյան

Կառավարության որոշմամբ՝ 2025-ի հունվար-մարտ ամիսներին արցախահայությանը տրամադրվող դրամական աջակցությունը կկազմի 50 հազար դրամ, իսկ «40+10» ծրագիրը կգործի մինչև մարտ։ Արդեն ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում աջակցության չափը կկազմի 40 հազար դրամ։ Այն կստանան կոնկրետ խմբեր՝ անչափահասները կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63 տարեկանից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները և 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամները։

Արդեն հուլիսից-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Արցախից տեղահանված կոնկրետ թիրախային խմբերը կստանան ամսական 30 հազար դրամ աջակցություն։ Ինչպես պարզաբանել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արցախից տեղահանված շուրջ 25 քաղաքացի անցել են աշխատանքի կամ ձեռնարկատիրությամբ են զբաղվում, հետևաբար պետական աջակցությունը պետք է թիրախային լինի:

«Մեդիալաբը» թեմայի վերաբերյալ զրուցել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր Մետաքսե Հակոբյանի հետ 

– Տիկի՛ն Հակոբյան, Կառավարության այս որոշումն ի՞նչ հետևանքներ է ունենալու արցախահայության սոցիալ-տնտեսական վիճակի վրա։

– Ընդհանրապես, մեր դիսկուրսը պետք է լինի ոչ թե քաղաքացիություն ընդունել-չընդունելը, սոցիալական աջակցությունը շարունակել, թե դադարեցնելը, այլ պետք է տրամաբանական բացատրություններ տրված լինեին այդ քաղաքական որոշումների վերաբերյալ՝ սկսած քաղաքացիության պարտադրանքից, որը ևս սոցիալական ծրագրերում ներգրավված լինելու պարտադիր պայմաններից մեկն է, վերջացրած կոնկրետ այս ֆինանսական աջակցությունների կամ աշխատանքային ծրագրերի իրականացումից։ 

Կոնկրետ աջակցությունների մասով ասեմ. զուտ սոցիալական առումով, գոյություն ունեն սոցիալական ծրագրեր իրականացնելու ընդունված մեթոդներ, ու հասկանալի է, երբ սկզբում արցախցիները բռնի տեղահանվեցին, այդ քաոսային իրավիճակում, միգուցե, ես դեռ չեմ էլ կարող դրա գնահատականը տալ, լավագույն լուծումն այն էր, ինչ արվեց սկզբում, ես չեմ կարող ասել՝ գումարի չափը ճիշտ էր, շատ էր, քիչ էր, դա չէ էականը։ Քաոսային իրավիճակ էր, բոլորը դիտարկվեցին մի կերպ ու նորմալ էր, բոլորին սկզբում պետք էր այդ աջակցությունը, իհարկե, գոնե նախնական կեցությունը ապահովելու համար։ 

Դրանից անցել է արդեն մեկ տարուց ավելի, ու այս ընթացքում մենք անընդհատ տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ դաշտ են նետվում սոցիալական աջակցության ծրագրերի դադարեցման մասին խոսակցություններ, ու, ըստ էության, դրանով նախ շոշափում են արցախցիների տրամադրվածությունը, երկրորդ՝ սկսում են հենց իրենց կողմից ուղղորդվող շրջանակների միջոցով զգացմունքային առումով շահագործել արցախցիներին։ Արցախցիներին անընդհատ գցում են այդ 40+10 աջակցության ծրագրի ցիկլի մեջ՝ անընդհատ մուրացիկի կերպարի մեջ պահելով արցախցուն։ 

Բայց պետք է հետևյալը լիներ․ նախ հասցեատերը պետք է լինեին Արցախի իշխանությունները, այսինքն՝ ժողովուրդը իր իշխանություններին պահանջ ներկայացներ, կամ իշխանությունները հենց իրենք ասեին, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ սոցիալական փաթեթ կա, հնարավոր ու անհրաժեշտ, որպեսզի գնալով ավելի արժանապատիվ դառնա արցախցու կեցությունը հայրենիքի մյուս հատվածում։ 

Ինչ պետք է անեին ՀՀ իշխանությունները. բնականաբար, իրենց ռեսուրսը բավականին մեծ է, ու իրենք, բնականաբար, պետք է ունենան էլ այդ ծառայությունը համապատասխան սոցապ նախարարությունում, որտեղ պետք է կարիքների գնահատում կատարեին, որովհետև մեկ տարուց ավելի ժամանակ է անցել, ու այդ ծրագրերը, որոնք իրականացնում էին, կարող էին հանգիստ ուսումնասիրություններ անել ու տեսնել, թե ինչ շարժեր են տեղի ունեցել։ 

Ուսումնասիրություններ չեն արել, թե որքա՛ն մարդ է արտագաղթել, երկրորդ՝ արդյոք կարողացել է աշխատանքի տեղավորվել, սոցիալական իրավիճակն ինչպե՛ս է փոխվել, այսինքն՝ դետալային ուսումնասիրություն կատարեին, որի արդյունքում, իհարկե, հնարավոր չէ կարիքների իդեալական գնահատում անել, բայց հնարավորինս ճշգրիտ կարիքների գնահատման արդյունքում կորոշվեին հետագա սոցիալական ծրագրերը։ 

Ցանկացած ադեկվատ իշխանության պարագայում, եթե նա չունի իր պաշտպանության ներքո գտնվող անձանց ոչնչացնելու որոշում, ապա ինքը չէր կարող հավերժ ինչ-որ դրամական փոքր միջոցներով գոյությունը պահպանելու հնարավորություն տալ, առավելևս, որ մենք խոսում ենք հենց մեր հայրենակիցների մասին, ու խնդրի դիտարկումը լրիվ այլ կերպ պետք է լիներ։ Ու դա հաստատ չէր կարող լինել դրամական աջակցության հավերժ շարունակմամբ կամ կտրուկ դադարեցմամբ։ 

Երկու դեպքն էլ ծայրահեղական են ու շատ վտանգավոր, ու ամեն ինչ անում են, որպեսզի արցախցին որևէ կերպ չդիտարկի իր հայրենիքի այս հատվածում ապրելու տարբերակն ու թողնի միանգամից արտագաղթի։ Բայց, դե, սա բնական է, որովհետև դեռ 2018-ից սկսած դա արցախահայության ու Արցախի վերաբերյալ իրենց քաղաքական որոշումն է։ Արցախի հարցը վերջնական փակելու համար, բնական է, իրենց խանգարում են արցախցիները։       

– Այսինքն, մտավախություն ունեք, որ գործող իշխանության վարած քաղաքականության հետևանքով արցախահայությունը նաև Հայաստանի՞ց է ճարահատյալ հեռանալու։

– Ասեմ, որ դա արդեն սկսվել է ու բավականին երկար ժամանակ: Հիմնական պատճառներից մեկը քաղաքացիության պարտադրանքն է՝ զուտ աշխատանք ունենալու նպատակով այս պարագայում, որովհետև, բնական է, եթե արտագաղթում են, իրենք փախստականի կարգավիճակով են գնում, բայց, ամեն դեպքում, սոցիալական խնդիրները շատ ավելի հեշտ են լուծվում Հայաստանից դուրս։ 

Հայաստանում արցախցին զրկված է այն աշխատանքի հնարավորությունից, որը կապահովի ավելի արժանապատիվ կեցություն, այսինքն՝ ավելի բարձր աշխատավարձ կստանան։ Մեր խնդիրն էլ հենց այդ է, որ ասում ենք՝ նման որոշումներ կայացնելուց առաջ պարտավոր էր տեղեկացնել։   

– Իսկ իշխանությունների հետ համատեղ աշխատանք տանո՞ւմ եք, որ իրենց էլ ասեք, թե ինչ վտանգավոր հանգրվանի է հասցնելու արցախահայությանը, տիկի՛ն Հակոբյան։

– Օրերս խորհրդարանում հանրային քննարկում էր, որը կազմակերպել էին մեր ընդդիմադիր գործընկերները, ներկա էր նորանշանակ ներքին գործերի փոխնախարարը: Բնական է, նա ավելի շատ որպես նախկին Միգրացիայի ծառայության ղեկավար էր մեկնաբանում հարցերը, շատ-շատ հարցեր ավելի խճճվեցին, որովհետև պատասխաններից հետո ակնհայտ էր դառնում այս իշխանությունների քաղաքական նպատակները, էլ չասեմ, որ տարրական հարցերի չեն կարողանում պատասխանել։ 

Եթե 070 ծածկագրով անձնագիր ունեցողն այսօր չի համարվում ՀՀ քաղաքացիություն ունեցող անձ ու չի կարողանում աշխատել պետական համակարգում, ապա ինչպե՞ս են ուժային կառույցներում բավականին լուրջ պաշտոններ զբաղեցնողները՝ ԱԽ քարտուղարը, ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայիս պետը զբաղեցնում այդ պաշտոնները՝ ունենալով այդ ծածկագրով անձնագրեր։ Այսինքն՝բավականին հարցեր կան, որոնց պատասխաններն իրենք չունեն, չեն էլ կարող բարդել նախկինների վրա, ստիպված տալիս են պատասխաններ, որոնք ավելի են խճճում մարդկանց։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am