Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժում նախաձեռնության հանրահավաքը:

 «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ շարժման մեջ ընդգրկված կուսակցությունները, միացած քաղաքացիները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանրահավաքի մեկնարկին ընդգծեց, որ հուզիչ օր է, քանի որ 33 տարի առաջ նույնպիսի եղանակի պայմաններում տեղի է ունեցել առաջին հանրահավաքը, որով սկսվել է արցախյան շարժումը:

«Ցեղասպանությունից հետո մնացած միակ կղզին, որը բնակեցված էր բնիկ իր ժողովրդով՝ հայերով, դիմեց Հայաստանին, որ ուզում է վերամիավորվել Հայաստանի հետ. դա Արցախն էր: Ու ամբողջ մեր ժողովուրդը ոտքի կանգնեց: Երկար ճանապարհ անցանք դրանից հետո: Ղարաբաղյան շարժման հենց սկզբից դրվեցին նաև ուրիշ խնդիրներ: Մենք մեզ շատ հզոր էինք զգում: Մենք մեր առջև ավելի մեծ խնդիրներ դրեցինք: Մենք դրեցինք խնդիր ստեղծել անկախ պետություն, անկախ պետությունը հիմնված լինի ազգային գաղափարների վրա և ազատության գաղափարի վրա, պետությունում լինի արդարություն, բարգավաճում ամբողջ ժողովրդի համար, պաշտպանվածություն, դերակատարություն աշխարհում և այս տարածաշրջանում: Եվ մենք գնացինք առաջ»,- նշեց Մանուկյանը: