Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում եղանակ ստեղծողները ոչ թե քաղաքական ուժերն են, այլ համաճարակաբանները. Վան Բայբուրդ

Լուսանկարը՝ Aliq Media

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին խորհրդական, հասարակական-քաղաքական գործիչ Վան Բայբուրդը

– Պարոն Բայբուրդ, միջազգային մամուլում տարբեր հրապարակումներ եղան, որոնցում նշվում է Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության մասին: Հիմա, երբ Վրաստանում սահմանափակումները գրեթե ամբողջովին հանվել են, հնարավոր համարո՞ւմ եք վիրուսի բռնկում, թե՞ ոչ։ Ո՞րն է ի վերջո Վրաստանի հաջողության գրավականը կորոնավիրուսի դեմ պայքարում։

– Մայիսի 23-ից մեզ մոտ չեղարկվեցին արտակարգ դրությունը, պարետային ժամը, բացվեցին խանութները, բայց կառավարության համակարգող խորհուրդը զգուշացնում է, որ երկու շաբաթից սպասվում է պիկերից մեկը, հետևաբար, չեն ասում, որ մենք հաղթել ենք: Ասում են՝ մենք դեռ կես ճանապարհին ենք:

Մեզ մոտ եթե նույնիսկ 3 կամ 4 վարակակիր են գտնում, դա էլ է ЧП կոչվում: Այդ պատճառով էլ նախազգուշական աշխատանքները մնում են ուժի մեջ, մնում են արգելանքները: Մասնավորապես, քաղաքային տրանսպորտը չի աշխատում, գնացքները չեն աշխատում, միջքաղաքային տրանսպորտը չի աշխատում: 

Վրաստանը չի շտապում, որովհետև վտանգը դեռ առկա է, դեռ մեր գլխավերևում պտտվում է: Դրա համար իշխանությունն ուզում է, որ ժողովուրդը զգոն լինի և անի այն, ինչ համաճարակաբաններն ասում են: Համաճարակաբանների ասածները կառավարությունը կյանքի է կոչում: Մինչ այսօր այդպես է եղել:

Մեզ մոտ եղանակ ստեղծողները, թե ինչ պետք է արվի, ոչ թե քաղաքական ուժերն են, գործադիր իշխանությունն է, այլ համաճարակաբանները: Այսինքն՝ Վրաստանում համարում են, որ վտանգը մինչև վերջ հաղթահարված չէ, դեռ մնում է:

Այդ զգուշությունը շատ կարևոր է: Թող ոչ ոք չկարծի, թե իրականում մեզ մոտ վիճակը վատ է, անհնար է ինչ-որ բան թաքցնել, կոծկել ժողովրդից: Մեզ մոտ լրատվամիջոցները ամենաբարձր մակարդակի վրա են և խաբել չեն կարող: Փոքր երկիր է, ամեն ինչ բացահայտվում է:

Իսկ որ ոմանք չեն հավատում, որ Վրաստանում կորոնավիրուսով այդքան քիչ վարակվածներ ու մահեր կան, ինչ եք կարծում՝ եթե այդ թիվն ավելի մեծ լիներ, ժողովուրդն անմիջապես չէ՞ր իմանա: 

– Արսեն Թորոսյանի հայտարարությունները մինչև այսօր շարունակում են արձագանք գտնել Վրաստանում: Տարբեր պաշտոնյաներ հայտարարություններով են հանդես գալիս: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այդքան մեծ արձագանք գտավ այդ հայտարարությունը։

– Եթե անարդար բան է ասվում, կարող են լինել նաև արձագանքներ: Գիտեք, որ այսօր շատ եվրոպական երկրներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գովասանքի խոսքեր են ասում, բայց ասեմ, որ ոչ ոք դրանով չի հպարտանում, Վրաստանում չեն բղավում, թե տեսեք, մենք ուժեղ ենք: Շատ համեստ կերպով են ընդունում այդ ամենը:

Գովասանքի խոսքը Վրաստանում մեծ աժիոտաժ չի առաջացնում, բայց երբ հնչում են հայտարարություններ, որոնք նսեմացնում են կատարված աշխատանքը, և սխալ բաներ են ասում, դա սրտին կպչում է: Ես ասեմ, որ Արսեն Թորոսյանի խոսքին առաջինն արձագանքեց Վրաստանի առողջապահության նախկին նախարար, համաճարակաբան Ամիրան Գամկրելիձեն, որը մեր համակարգող խորհրդի անդամ է:

Նա դիվանագիտորեն սկսեց հանգստացնել հասարակությանը, որ գուցե Արսեն Թորոսյանն այդպես չի ասել: Մի՞թե Հայաստանում այն անձը, որ պետք է մի քիչ զգույշ լիներ, չի հասկանում, որ այդպիսի բան չպետք է ասեր: Անգամ Ռուսաստանում են գովասանքի խոսքեր ասում Վրաստանի հասցեին: Ու կասկածողը ոչ թե ինչ-որ նման երկրի ներկայացուցիչ է, այլ մեր բարեկամ Հայաստանը, եղբայրական Հայաստանը: Այդ կասկածը չպետք է լիներ: 

Ամեն ինչ շտկվեց, ես համարում եմ, որ վրացական կողմը հասկացավ, որ սա ինչ-որ թյուրիմացություն է: Բայց տեսեք, թե ինչ են գրում մեր թշնամի երկրները, քսի են տալիս իրար վրա:

Դրա համար մենք պետք է զգույշ լինենք: Եթե այդ ասածի մեջ գոնե 3-5 տոկոս ճշմարտություն լիներ, էլի կարելի էր հասկանալ, բայց երբ այդ 3-5 տոկոսն էլ չկա, մի քիչ զուսպ պետք է լինել: Որովհետև մեր թշնամիները Հայաստանին և Վրաստանին խոշորացույցով են նայում: Նրանք երազում են, թե երբ են հայերն ու վրացիները ճակատ ճակատի տալու:

Գաղտնիք չէ, որ կան այդպիսի երկրներ, որոնք հստակ նստած սպասում են, թե երբ պետք է մենք իրար ուտենք: Ես մտածում եմ, որ երևի քաղաքական գործչի փորձի պակաս կա Արսեն Թորոսյանի մոտ: Ես նրան չեմ ճանաչում, կարող է՝ լավ մասնագետ է, բայց նրա պաշտոնն առաջին հերթին քաղաքական է, և նա պետք է այդ կատեգորիաներում զգույշ լինի:

Այսօրվա Հայաստանի ղեկավարների մեջ լավ օրինակներ կան, այդ թվում՝ նախարարների, խորհրդարանի երիտասարդ ղեկավարների շրջանում, որոնք զուսպ են և նման վրիպակներ չեն անում: Սա թյուրիմացություն էր, որը շտկվեց, Վրաստանում էլ վիճակը շտկվեց, բայց մեր հարևան որոշ երկրներ այդ դրվագը լավ օգտագործում են, որ քսի տան Վրաստանին ու Հայաստանին:

– Արդյոք Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը նաև հասարակության զգոնությա՞մբ է պայմանավորված:

– Առաջին հերթին հենց դա է: Եթե քաղաքացիները չկատարեին այդ դաժան պահանջները, նման արդյունքներ չէին լինի: Դրանք իսկապես դաժան պահանջներ էին:

Անգամ եթե մարդն աշխատում է քաղաքում, ու տրանսպորտը չի աշխատում, գործի չեն գնում, տուժում են, բայց մեկ է՝ ասում են՝ մենք մեր երեխաներին չվարակենք, մեր տարեց ծնողներին չվարակենք:

Այն, որ հանրությունը ըմբռնումով է վերաբերվում այդ դժվարություններին, շատ կարևոր է: Այո, տրտնջում են, ասում են՝ վատ է, բայց ակցիաներ չեն անում, չնայած հիմա ակցիաներն արգելված են: Բայց այստեղ մարդիկ ականջալուր են պահանջներին:

Մեզ մոտ չունենալով այդքան վարակվածներ՝ ռեստորանները դեռ մինչև հուլիս երևի չեն էլ աշխատի: Եթե ամեն ինչ նորմալ լինի, այդ ժամանակ այնպես կանենք, որ բացօթյա սրճարաններն աշխատեն, բայց այսօր դրանք չեն աշխատում:

Ոչ մի գնացք չի գործում, միջքաղաքային ավտոբուսները չեն երթևեկում: Վախենում են, որ փակ վագոնում ուղևորների միասին նստելը վտանգավոր է: Ժողովուրդը դա հասկանում է: 

Մանե Հարությունյան

MediaLab.am