«Չի կարելի, էսպես անհաղորդ նույնիսկ նախորդ կառավարությունները չեն եղել». անկանխիկի մասին օրենքը շարունակում է դժգոհություններ հարուցել

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջները մեկ ամսից ավելի է՝ ուժի մեջ են մտել, բայց քաղաքացիների ու մասնագետների դժգոհությունները չեն դադարում: Բանկերի սահմանած մինչև 4 տոկոս միջնորդավճարներ, ծառայությունների դիմաց անկանխիկ փոխանցումների անհարմարություններ, անհարմարություններ նաև փոքր ու միջին բիզնեսի համար՝ ՀԴՄ սարքի համար POS-տերմինալ ստանալու հարցում և անհավասար պայմաններ բանկերի միջև, քանի որ, ինչպես Կենտրոնական բանկն էր տեղեկացրել, ծրագրին միացել է ընդամենը երկու բանկ՝ «Ամերիաբանկը» և «Ակբա բանկը»: Սրանք այն հիմնական խնդիրներն են, որ առաջ են քաշում մասնագիտական հանրության և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիները:

«Ի սկզբանե պետք էր հասկանալ, որ այս օրենսդրական փոփոխությունը գլխացավանք է լինելու բոլորի համար»,- «Մեդիալաբին» ասում է «Հարկ վճարողների պաշտպանություն» կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ դեռևս մինչև օրենքի ընդունումը մասնագետներն ասում էին՝ բանկերի սահմանած տոկոսները առանց այն էլ բարձր են, հետևաբար նման պայմաններում անկանխիկ գործարքներ խրախուսելը տրամաբանական չէ:

«Հայտարարվում էր, թե Կենտրոնական բանկը բանակցում է այդ տոկոսների նվազեցման համար, բայց միևնույն է, դրանք այժմ էլ շատ բարձր են: Օրենքն ընդունելուց առաջ պատասխանատուները շատ լավ էլ հասկացել են, որ օրենքը խնդիրներ է առաջացնելու, հետևաբար դրա ընդունումը ժամանակավրեպ է, բայց միևնույն է, ընդունել են»,- նշում է նա:

Այն, որ օրենքի կիրառումը խնդիրներ է առաջացրել, գիտեն նաև Հայաստանի Ազգային ժողովում: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը օրերս հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ օրենքի ընդունումից հետո «բազում մտահոգություններ» են ստացել տնտեսվարողներից և սպառողներից:

«Գաղտնիք չէ, որ պրակտիկորեն անհնար է ի սկզբանե ընդունել անթերի օրենքներ: Որքան էլ նոր կարգավորումները նախապես քննարկվեն, դրանց հետ կապված ռիսկերի և խնդիրների մի զգալի մասը ի հայտ է գալիս դրանց գործարկման ընթացքում: Մեր ցանկությունն է ձեր օգնությամբ հասկանալ անկանխիկի հետ կապված բոլոր խնդիրները և անհրաժեշտության դեպքում քննարկել դրանց լուծման, բացերը շտկելու և օրենքն ավելի լավը դարձնելու հնարավորությունները»,- հայտարարել էր Թունյանը՝ հորդորելով ներկայացնել առաջարկներ, դիտարկումներ օրենքի վերաբերյալ:

Մասնագիտական խմբերից մեկում հաշվապահական հաշվառում իրականացնող գրասենյակներից մեկի ղեկավար Արամ Աշուղյանը Թունյանի հայտարարությունը համարել է «օրենսդրական դիլետանտության փաստի ընդունում և կատարյալ անզորության ճիչ»:

«Սա նույնն է, որ բժիշկը լանցետն առնի ու ընկնի հիվանդի ջանին, հետո ասի՝ բա ղժղժա, այ տնաշեն, որ իմանամ ցավում ա: Կամ որ ավտոբուսի վարորդը ուղևորներին հավաքի, տանի ձորում կոտորի, հետո ասի՝ բա ճամփին մեկդ հելնեիք գլուխս ջարդեիք, ի՞նչ էիք քթներիդ տակ քրֆում: Էնքան արդեն չեմ հավատում էս անկեղծությանը, որ նույնիսկ զարմանում եմ մեր այն կոլեգաների լավատեսությանը, որ ինչ-ինչ հարցեր են բարձրացնում ու ակնկալում են որևէ լուծում: Ինչի օրենք են ընդունում ու հեռախոսի 800-1200 դրամանոց չեխոլ ծախող բիզնեսմենին պարտադրում են, որ անկանխիկ գումար ստանալու սարք ունենա, կամ ծրագիր, որ հանկարծ մեկը 300 000 դրամից ավել առևտուր անի, ու խանութը պարտադրված լինի նրան չմերժե՞լ»,- Բաբկեն Թունյանի հայտարարությանն արձագանքել է Արամ Աշուղյանը:

Փայլակ Թադևոսյանն ասում է՝ մինչև օրենքի ընդունումը, տարբեր ձևաչափերով քննարկումների ժամանակ սպասվող խնդիրների մասին մասնագիտական հանրության ներկայացուցիչները որոշում ընդունողներին, օրենսդիրներին ներկայացրել են, սակայն փաստն այն է, որ խնդրահարույց օրենքն ընդունվել է և անհարմարություններ է ստեղծում շատերի համար:

«Իրենք ասում էին, թե անկանխիկ գործառնությունների մասին օրենքով ստվեր են կրճատում, բայց շատ ծիծաղելի է, երբ, ասենք՝ գյուղական փոքրիկ խանութում պարտադրում են անկանխիկի համար POS-տերմինալ դնել՝ պատճառաբանելով, թե ստվեր են կրճատում: Բազմաթիվ ոլորտներ կան, որ հարկման դաշտում չեն, հետևաբար նման բան պարտադրել այդ ոլորտին, անընդունելի է: Անհասկանալի է՝ մի բան անում ենք ու սկսում հերոսաբար դրա առաջացրած խնդիրները հաղթահարել, չէ՞ր կարելի մտածված ամեն ինչ անել, ռիսկերը նվազեցնել, հետո նման օրենք դնել շրջանառության մեջ»,- նշում է Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ պետք է խրախուսել, որ մարդիկ անկանխիկ առևտուր անեն և ոչ թե պարտադրել: Պատմում է բուժհաստատություններից մեկից ստացված ահազանգը, երբ քաղաքացին «Թելսել» տերմինալի միջոցով վճարել է բուժօգնություն ստանալու համար, սակայն վճարումից հետո, մինչև վիրահատությունը մահացել է, և բուժհաստատությունը կանգնել է խնդրի առաջ՝ ինչպես վերադարձնել գումարը այն դեպքում, երբ քաղաքացին հաշվեհամար կամ քարտային հաշիվ չունի: 

«Չի կարելի, էսպես անհաղորդ նույնիսկ նախորդ կառավարությունները չեն եղել: Ախր գիտեին էս խնդիրների մասին, ինչո՞ւ էսպես անտաշ ձևով առաջ տարան էս օրենքը: Էն Սաշիկի 50/50-ը ավելի լավ էր, որովհետև էն գոնե շահույթից էր, իսկ էս բանկերինը անկանխիկի շրջանառությունից է, մինչև 5 տոկոս տանում են: Սաշիկի 50/50 ինստիտուտը օրենքով է դարձել»,- նշում է «Հարկ վճարողների պաշտպանություն» կազմակերպության նախագահը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am