Ռուս գործընկերներին տեղեկացրել ենք՝ պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը. ԱԳՆ խոսնակ.Factor

Ինչպես արձանագրված է Կառավարության ծրագրում՝ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը:

Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Վահան Հունանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այժմ քայլեր են ձեռնարկվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման համար։

«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Եվ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»,- տեղեկացրեց Հունանյանը։ Նա հավելեց, որ եթե գործընթացը առաջ գնա, հանրությանը զարգացումների մասին կտեղեկացվի:

Հունանյանը, միաժամանակ, շեշտեց, որ այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում: