«Իրանը բացառում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հնարավորությունը և խստորեն դեմ է դրան». իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Վարդան Ոսկանյանը

– Պարո՛ն Ոսկանյան, տարածաշրջանում ընթացող զարգացումները որքանո՞վ են վտանգավոր Իրանի համար, ու ի՞նչ դիրքորոշում ունի իրանական կողմը:

– Իրանական դիրքորոշումները շատ հստակ են: Մենք ունենք պատերազմի վերջին փուլի ընթացքում հոգևոր առաջնորդի մակարդակով հնչեցրած հայտարարություն, որում հստակ շեշտված էր միջազգային սահմանների անձեռնմխելիության հանգամանքը, իսկ Իրանի հոգևոր առաջնորդի խոսքը, ըստ էության, ուղենիշ է նաև արտաքին քաղաքականությունը վարող պաշտոնյաների համար:

Նաև ունենք Հայաստան կատարած այցի ընթացքում Իրանի արտգործնախարարի հստակ հայտարարությունը, որում ասվում էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի համար կարմիր գիծ է, իսկ Սյունիքում ընթացող վերջին զարգացումների համատեքստում ունենք երկու հայտարարություն պաշտոնական Թեհրանից:

Մեկը արտգործնախարարության խոսնակի հայտարարությունը, որը ձևակերպված էր դիվանագիտական սեղմ ու հավասարակշիռ լեզվով:

Այս հայտարարության մեկնաբանություն կարելի է համարել Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոննուրի հայտարարությունը, որում արդեն ավելի հստակ ու բացված էր դիվանագիտական տեքստը:

Այս հայտարարության մեջ ևս շեշտադրված էր Հայաստանի սահմանների անձեռնմխելիության հանգամանքը և, հատկապես, Հայաստան-Իրան սահմանի որևէ փոփոխության դեմ է Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Սա իր մեջ ներառում է նաև Բաքվի բռնապետի կողմից պարբերաբար հնչեցվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» դեմ լինելու հանգամանքը ևս:

Իրանցիները որևէ պարագայում բացառում են նման միջանցքի ստեղծման հնարավորությունը և խստորեն դեմ են դրան:

– Կխնդրեմ՝ մի փոքր մանրամասնեք, թե «Զանգեզուրի միջանցքը» ինչո՞վ է վտանգավոր Իրանի համար:

– Ակնհայտ է, որ Իրանի շահերը ենթադրում են Հայաստանի հետ անվտանգ և մշտական ցամաքային կապի առկայություն, իսկ նման միջանցքների մասին խոսակցությունները բերում են նրան, որ Իրանում ի հայտ գան անհանգստություններ՝ կապված այդ ցամաքային կապի հետ:

Բնական է, որ իրանցիները դեմ են սրան՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Իրանի հյուսիսում Հայաստանը, ըստ էության, ադրբեջանա-թուրքական դաշինքի կամ «միասնական տարածքի» այլընտրանքն է, հետևաբար իրանցիները ցանկացած պարագայում դեմ են, որ ՀՀ-ի որևէ տարածք դուրս լինի հայկական ինքնիշխանության սահմաններից, իսկ միջանցքների գաղափարը, ըստ էության, ենթադրում է ինքնիշխանության բացակայություն, օրինակ՝ Քաշաթաղի միջանցքի պարագայում ադրբեջանական ինքնիշխանություն չկա, հետևաբար, Հայաստանի տարածքում որևէ նման միջանցք ուղղակիորեն չի կարող լինել, սա պետք է շատ հստակ արձանագրվի նաև մեր հասարակության համար:

Այլ խնդիր է, որ Բաքվի բռնապետը պարբերաբար խոսում է այս մասին, նրան պետք է հստակ հակահարված հասցվի և՛ քարոզչական տիրույթում, և՛, եթե կան բանակցություններ՝ այդ բանակցությունների ընթացքում:

Կցանկանայի ձեր ուշադրությունը սևեռել մեկ հանգամանքի վրա. Հայաստանում տարբեր զարգացումների վերաբերյալ առկա հակասական տեղեկատվությունը կամ տեղեկատվական քաոսը, որն արտահայտվում է նաև պաշտոնական հայտարարություններում, բերում է նրան, որ մեր գործընկերները լավ չեն պատկերացնում իրավիճակը:

Օրինակ՝ Սյունիքում Ադրբեջանի ոտնձգությունների վերաբերյալ տարածվող հակասական տեղեկատվությունը, մասնավորապես, իրանական կողմի համար անհասկանալի էր, արդյոք ադրբեջանական կողմը իրո՞ք մուտք է գործել ՀՀ ինքնիշխան տարածք, արդյոք շարունակո՞ւմ է գտնվել այդ տարածքում, թե՞ դուրս է եկել, հետևաբար, պաշտոնական տեղեկատվությունը պետք է շատ հստակ լինի՝ հաշվի առնելով ոչ միայն մեր հասարակության պահանջները, այլ նաև արտաքին խաղացողների, հատկապես մեր գործընկեր և բարեկամ պետությունների առկայությունը՝ նրանց հստակ դիրքորոշումներ արտահայտելու տեսանկյունից:

– Պարո՛ն Ոսկանյան, եթե բանակցություններն արդյունք չտան, ու խնդրի կարգավորումը հնարավոր լինի միայն ռազմական գործողություններով, Իրանն ի՞նչ քայլերի կդիմի այդ պարագայում, կօգնի՞ Հայաստանին:

– Որպեսզի ակնկալենք Իրանի աջակցությունը, մենք պետք է աշխատենք Իրանի հետ: Ցանկացած գործընկերոջից, բարեկամից աջակցություն ստանալու համար պետք է աշխատանք տարվի:

Ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանում իրեն իշխանություն համարող վարչապետն ընդհանրապես պատկերացնում է խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ հստակ և համակարգված աշխատում է մեր գործընկերների, այդ թվում՝ Իրանի հետ:

Ամեն դեպքում պետք է հասկանալ մի կարևոր հանգամանք. թշնամու ներկայությունը Հայաստանում անթույլատրելի է, և դա չեզոքացնելու թիվ մեկ պատասխանատուն՝ իր անվտանգային բոլոր բաղադրիչներով, հենց ՀՀ-ն է ու պաշտոնավարող իշխանությունը, դրանից հետո միայն պետք է ակնկալենք մեր բարեկամների միջամտությունը:

Հակառակ պարագայում, եթե ՀՀ-ն հրաժարվում է իր ինքնիշխան տարածքի վերահսկողությունից, ապա վտանգում է մեր պետականությունը, և մեզ լուրջ չեն վերաբերվում միջազգային հարթակներում, սա կարևոր հանգամանք է, որը պետք է հստակ արձանագրվի:

Իսկ նման հայտարարությունները ինչ-որ ազդեցություն կունենա՞ն խնդրի կարգավորման գործում:

– Հայաստանն այս աշխարհում ունի բարեկամներ, բայց փորձում են հուսալքել՝ ասելով, որ մենակ ենք մնացել:

Ես կարծում եմ, որ ամենևին էլ այդպես չէ, այլ խնդիր է, որ այդ բարեկամների և գործընկերների հետ համարժեք աշխատանքներ չեն կատարվում, որպեսզի մենք կարողանանք համակարգված գործել այն ուղղություններով, որտեղ մեր և մեր բարեկամների շահերը համընկնում են:

Ադրբեջանի այս լկտի ախորժակը զսպելու գործում մեր շահերը համընկնում են Իրանի Իսլամական Հանրապետության, բնականաբար, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի հետ, որից եկող հայտարարությունները շատ ուշագրավ էին, և դրանց ուղերձները արժանի են մանրամասն վերլուծության:

Ուստի այս երկրների հետ պետք է տարվի համապատասխան աշխատանք՝ արձագանքելու Բաքվի բռնապետի լկտի քաղաքականությանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am